Ինչպե՞ս կարող է ազգն իր այդ հավաքական ինքնությունից հեռանալ. Հրայր Ճեպեճյան

Օրերս Հայաստանում կայացավ Աստվածաշնչային ընկերակցության Արաբական Ծոցի երկրների ընդհանուր քարտուղար, Քուվեյթում բնակվող մեր հայրենակից Հրայր Ճեպեճյանի «Հայկական ազգագրական պատկերներ. տեսիլք, կամք և հույս» գրքի շնորհանդեսը:

Հեղինակը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ սա հայերեն լեզվով հեղինակած իր երրորդ գիրքն է, որտեղ ներառել է աշխատանքի բերումով իր ճամփորդությունների ընթացքում իրեն հանդիպած հայերի կյանքի, պայքարի, հույսերի ու տրամադրությունների մասին ընդհանուր պատկերը:

«Երբ հանդիպում եմ հայերին, խոսում եմ նրանց հետ՝ հասկանալու, թե ինչ հույզեր ու հույսեր ունեն, ինչ է նշանակում հայ լինել այս կամ այն երկրում: Ընդհանրապես չեմ հետաքրքրվել վիճակագրական տվյալներ դնել գրքում, թեև դրանք ևս կարևոր են, բայց առավելաբար ցանկացել եմ սփյուռքյան իրականության մեջ ապրող ամեն հայի ներաշխարհը ներկայացնել: Եվ գրքում տեղ գտած այս հոդվածների շարքից տեսնում ենք, թե ինչքան մեծ է Սփյուռքը, ինչքան խայտաբղետ ու բարդ և միևնույն ժամանակ՝ ինչքան հարուստ է այն՝ հենց մարդկային ներուժով»,- մանրամասնեց Հրայր Ճեպեճյանը՝ կարևորելով Հայաստան-Սփյուռք իրականությունների կամրջումը:

Դիտարկմանը, որ այսօր կարծեք փորձում են արհամարհել Սփյուռքը, խաղաղության օրակարգերի ներքո մոռացնել տալ հայոց պահանջատիրությունը՝ ակնարկելով, որ Հայաստանը մանդատ չունի խոսելու Սփյուռքի անունից, ավելին՝ իշխանամերձ շրջանակներն ասում են՝ պետք է հաշվել ցեղասպանվածներին. դա գիտական մոտեցում է, Հրայր Ճեպեճյանն արձագանքեց՝ շեշտելով, որ «ցեղասպանված հայ ժողովուրդ»-ը վերաբերում է բոլոր հայերին՝ Սփյուռքի, Հայաստանի, Արցախի:

Կարդացեք նաև

«Իմ ընտանիքը, օրինակ, 25 նահատակ է տվել, և ես ծնվել եմ Բեյրութում, երբ հայրս շատ մանուկ տարիքում տեղահանվել էր իր ծննդավայր Այնթափից, հասել Հալեպ, հետո՝ Բեյրութ: Մենք թե՛ 1909 թվականին Ադանայի ջարդերի ժամանակ, թե՛ 1915 թվականի Ցեղասպանության օրերին 25 հարազատներ ենք կորցրել, որոնց նկարները պահում եմ ընտանեկան ալբոմում:

Յուրաքանչյուր հայ իր մեջ ունի Ցեղասպանության ցավը. Ես, որ երրորդ սերունդն եմ, այդ ցավն ունեմ՝ անկախ նրանից, որ անձամբ չեմ ապրել այն, իմ զավակները՝ ևս: Սա է իրականությունը: Ցեղասպանության այս ցավը, որն ունի հայը, ստեղծել է հավաքական ինքնություն, և եթե պարզ նայենք Ապրիլի 24-ի օրերի քայլերթերին, կտեսնենք, որ առաջին շարքում երիտասարդներն են. նրանք քայլում են, որովհետև իրենց մեջ այդ ցավը կա, այդ հավաքական ինքնություն ասվածը, որն իրենց մղում է,- ասաց նա, ապա խոսելով խաղաղության օրակարգերի ներքո այս իրողությունների վրա աչք փակելու տեսակետներից՝ նկատեց,- Ինչպե՞ս կարող է ազգն իր այդ հավաքական ինքնությունից հեռանալ, ձերբազատվել: Ես հասկանում եմ, որ Հայաստանը ՄԱԿ անդամ է, միջպետական հարաբերություններում իր դերն ունի, այդ հարաբերությունները նաև ունեն իրենց հաշվարկները, ինչը նշանակում է՝ գուցեև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ պետք է խոսել, բայց դա չի նշանակում, որ դու կարող ես քո հավաքական ինքնությունից, ասել է թե՝ պատմությունից հրաժարվել»:

Ըստ նրա՝ հաճախ է փորձ արվում հայերի ու հրեաների ողբերգությունների միջև զուգահեռների անցկացնել, այս համատեքստում սփյուռքահայ գիտնականն օբյեկտիվ է համարում հարցը՝ հրեան, որն ապրում է սփյուռքում, կարո՞ղ է մոռանալ Հոլոքոստը, կամ՝ Իսրայել պետությունը կմոռանա՞ Հոլոքոստը՝ անկախ հանգամանքից, որ Գերմանիան արդեն ընդունել է իր մեղքը և հատուցել դրա համար:

Առհասարակ, խոսելով խաղաղության օրակարգերի մասին՝ Հրայր Ճեպեճյանը շեշտեց, որ խաղաղության օրակարգերի մասին կարելի է խոսել այն ժամանակ, երբ նման տրամադրվածություն կա երկու կողմերի միջև:

«Ժողովրդական խոսք կա՝ մեկ ձեռքով ծափ չես կարող զարկել: Հայաստանի և Ադրբեջանի դեպքում ես չեմ տեսնում, որ սա երկու կողմերի միջև ստեղծված գործընթաց է. Հայաստանն ուզում է խաղաղություն, ինչը չենք տեսնում Ադրբեջանի կողմից, ինչի գլխավոր հավաստումներից մեկն այն է, որ հանգրվանում Ադրբեջանը մի նոր բան է առաջ բերում: Խաղաղությանը կարելի է հասնել երկուստեք հարգանքի հիման վրա» ,- պարզաբանեց մեր հայրենակիցը՝ հիշեցնելով նաև ադրբեջանական կողմի անհանդուրժողականությունն անգամ հայկական մշակութային ժառանգության հանդեպ, որը խեղում և ոչնչացնում է:

Հայաստան-Սփյուռք կապերի մասին իր դիտարկումներում Աստվածաշնչային ընկերակցության Արաբական Ծոցի երկրների ընդհանուր քարտուղարը հիշեց, որ անձամբ իր կապը Մայր հայրենիքի հետ սկսվել է 1991 թվականից:

«Այդ տարում Աստվածաշնչյան ընկերակցության կենտրոնական գրասենյակի կողմից ուղարկվեցի Հայաստան՝ այստեղ այդ գրասենյակը հիմնելու համար, ու մոտավորապես 6 տարի հաճախակի Հայաստանում էի լինում այդ նպատակի համար:

Այդ տարիները շատ դժվար տարիներին էին՝ պատերազմ, շրջափակում, տնտեսական դժվարություններ, բայց դրանք ինձ համար միևնույն ժամանակ դպրոց դարձան, որ ես սովորեմ, թե ինչ է նշանակում՝ հայրենիք, հող, ազգային ինքնություն:

Նաև հիշում եմ, որ այդ տարիներին դժվար էր Հայաստան-Սփյուռք հաղորդակցությունը. կային կենցաղի, մտածողության տարբերություններ, բայցև ժամանակի ընթացքում այս ամենը հարթվեց, ու մենք շատ ավելի լավ սկսեցինք իրար հասկանալ: Այս ամենում կարևոր դեր խաղաց նաև Սփյուռքի նախարարությունը:

Ամեն ինչը դյուրին չսկսվեց, բայց ժամանակի ընթացքում կարողացանք աստիճանաբար իրար հասկանալ, սակայն, դժբախտաբար, 2018 թվականից հետո և, մասնավորաբար, 2020 թվականից սկսած՝ Հայաստան-Սփյուռք հարաբերություններում ճեղքեր առաջացան, իրարից հեռացանք, և այսօր այդ դիրքի վրա ենք. այնտեղ չենք, ուր պետք է լինենք»:

Ինչպես մեզ հետ զրույցում նշեց սփյուռքահայ գործիչը, այս խնդրի մասին նա ահազանգել է Հայաստանում ունեցած տարբեր հանդիպումների ընթացքում, նշել, որ այս առումով անելիքներ կան:

«Հայն իր հայրենիքից դուրս խոշորագույն սփյուռք ունեցող երկրներից մեկն է, ինչը նշանակում է, որ հայության մեծ մասը դրսում է ապրում, և, հետևաբար, մենք սփյուռքում ահռելի ներուժ ունենք՝ ոչ միայն նյութական, տնտեսական, այլև մարդուժի առումով, քանի որ յուրաքանչյուր սփյուռքահայ կրում է նաև այն երկրի փորձառությունը, որտեղ ապրում է: Սա եթե բերվի Մայր հայրենիք, մեծ կարողություններ կունենանք: Մեր հավաքական շահերը դա են պարտադրում:

Հայաստանը մի երկիր է, որը բնական հարստություններ չունի՝ գազ, նավթ և այլն, իր ուժը փափուկ ուժն է, այդ թվում՝ Սփյուռքը»,- մանրամասնեց Հրայր Ճեպեճյանը:

Հայ գիտնականը Հայաստան-Սփյուռք միասնությունն է համարում ապագա հաջողությունների գրավականը՝ դա համարելով պարտավորություն:

Տեսանյութեր

Լրահոս