Մինչև 2025-ի վերջը զոհվել է 352 հազար ռուս զինվորական. «Медуза»-ի և «Медиазона»-ի հետազոտությունը
Ռուսաստանի՝ Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումից մինչև 2025-ի վերջը ընդհանուր զոհվել է 352 հազար ռուս զինվորական։
Այդ գնահատականը հրապարակվել է «Медуза»-ի և «Медиазона»-ի համատեղ հետազոտությունում։
Իրենց գնահատականներում անկախ պարբերականները հիմնվել են զոհվածների անվանական ցուցակների վրա, որոնք «Медиазона»-ն կազմում է BBC-ի ռուսական ծառայության և կամավորների խմբի հետ համատեղ, նաև հինվել են Ռուսաստանի ժառանգության գործերի ռեեստրի տվյալների վրա։
Համադրելով զոհված զինվորականների անվանական ցուցակը ժառանգության գործերի ռեեստրի հետ՝ հետազոտության հեղինակները հաշվարկել են պատերազմի ընթացքում զոհվածների յուրաքանչյուր տարիքային և սոցիալական խմբի համար ռեեստրում հայտնվելու հավանականությունը (օրինակ՝ ազատազրկման վայրերից ռազմաճակատ ուղարկված անձանց դեպքում այդ ցուցանիշը զգալիորեն ցածր է, քան մյուսների մոտ)։
Այնուհետև այդ գործակցի շնորհիվ լրագրողները կարողացել են ժառանգության գործերի տվյալները վերածել կորուստների իրական թվի, այսինքն՝ պարզել, թե իրականում քանի զոհվածի է համապատասխանում՝ հայտնի դարձած ժառանգության գործերի թվին։
352 հազարի ցուցանիշը ներառում է 261 հազար «սովորական» զոհված և 90 հազար անձ, որոնք դատարանի որոշմամբ ճանաչվել են զոհված կամ անհետ կորած, կամ որոնց մահը գրանցվել է 180 օր և ավելի ուշացումով՝ այլ պատճառներով։
Լրագրողները շեշտում են, որ չեն հաշվարկել օտարերկրյա այն զոհերի թիվը, որոնք Ուկրաինայում կռվել են ռուսական բանակի կողմում։
Վերլուծվող ժամանակահատվածի վերջին վեց ամիսների՝ 2025 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների անհետ կորածների թիվը հայտնի կդառնա ավելի ուշ։
Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ իրենց ստացած տվյալները էապես տարբերվում են պատերազմող կողմերի կողմից հրապարակվող փոխադարձ կորուստների գնահատականներից, սակայն նման թվեր հնարավոր է ստանալ միայն հետին թվով։
«Медиазона»-ի հաշվարկների համաձայն՝ Ռուսաստանի հեռավոր և աղքատ շրջանների բնակիչները Ուկրաինայի պատերազմում տասնյակ անգամ ավելի հաճախ են զոհվում, քան մոսկվացիները։ 10 հազար տղամարդու հաշվով կորուստների թվով առաջատարն է Տուվան՝ 120 զոհ, հաջորդում են Բուրյաթիան (91) և Ալթայի Հանրապետությունը (89)։ Մոսկվայում այդ ցուցանիշը 3 է։
Ալթայից զոհվածների գրեթե կեսը կամավորներ են եղել, որոնք պայմանագիր են կնքել 2022 թվականից հետո։ Տուվայից զոհվածների մեկ քառորդը եղել են «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության կողմից հավաքագրված դատապարտյալներ։



