Մշակութային օբյեկտների վրա հարձակումները արտացոլում են իրանական ինքնության նկատմամբ թշնամանքը․ Փեզեշքիան
Թեհրանի «Սաադաբադ» մշակութային-պատմական համալիրի վնասված հատվածներ այցելության ժամանակ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դատապարտել է մշակութային ժառանգության դեմ հարձակումները՝ դրանք որակելով որպես միջազգային նորմերի խախտում և ազգերի քաղաքակրթական ինքնության դեմ թշնամական գործողություն, հայտնում է Tasnim-ը։
Իր այցի ընթացքում նախագահ Փեզեշքիանը ծանոթացել է ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած վերջին պատերազմի ժամանակ համալիրին հասցված վնասների մասին վերջին զեկույցներին։
Նա ընդգծել է Իրանի պատմական, մշակութային և ազգային ժառանգության պաշտպանության կարևորությունը՝ հայտարարելով, որ նման օբյեկտների վրա հարձակումները դուրս են գալիս ֆիզիկական ոչնչացման սահմաններից և ուղղված են ազգի ինքնության ու հիշողության դեմ։
Պաշտոնատար անձինք զեկույց են ներկայացրել հասցված վնասների չափերի մասին, մասնավորապես՝ «Ջոմհուրի» շենքի վերաբերյալ։ Այնտեղ են տեղի ունեցել օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների հետ բարձր մակարդակի հանդիպումները, համագործակցության համաձայնագրերի ստորագրումները, քաղաքական ու տնտեսական պատվիրակությունների համատեղ նիստերը, ինչպես նաև նախագահների և այլ օտարերկրյա պաշտոնյաների մասնակցությամբ մամուլի ասուլիսները։
Ընդգծելով երկրի պատմական, մշակութային և դիվանագիտական արժեքների պահպանման ու վերականգնման անհրաժեշտությունը՝ նախագահը կարգադրել է անհապաղ սկսել ռեստավրացիոն, վերակառուցման և նորոգման աշխատանքները։
Փեզեշքիանը նաև կոչ է արել միջազգային հարթակների ու մեխանիզմների միջոցով իրականացնել Իրանի մշակութային և պատմական օբյեկտներին հասցված վնասների փաստաթղթավորումը, գրանցումը և դատական կարգով հետապնդումը։



