Ֆիցոն ՌԴ նախագահին փոխանցե՞լ է Զելենսկու ուղերձը․ Պուտինի օգնականի պատասխանը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հանդիպման ժամանակ քննարկվել է ուկրաինական թեման: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ Ֆիցոն Վլադիմիր Զելենսկուց ոչ մի ուղերձ չի փոխանցել Պուտինին, թեև ավելի վաղ այդ մասին գրել էին ԶԼՄ-ները:
Պուտինի և Ֆիցոյի հանդիպման մանրամասները
Հանդիպման սկզբում Սլովակիայի վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի առաջնորդին ավանդական հյուրընկալության համար և հայտարարել, որ մտադիր է քննարկել մի շարք լուրջ հարցեր:
Պուտինն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆիցոյին, որը Մոսկվա է ժամանել Հաղթանակի օրվա 81-ամյակի տոնակատարության համար, հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին՝ խորհրդային զինվորների հուշարձանների և գերեզմանների նկատմամբ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար։
Պուտինը կարևորել է Սլովակիայի վարչապետի սկզբունքային դիրքորոշումը պատմական հիշողության հարցերում։
«Ձեր անսասան դիրքորոշումը պատմական ճշմարտությունը պահպանելու հարցում հարգանքի է արժանի», – ասել է նա։
Կատակներ հանդիպման ընթացքում
Ընդլայնված ձևաչափով հանդիպումից առաջ Ֆիցոն Պուտինին պատմել է, թե ինչպես է հասել Մոսկվա։ Քանի որ Լեհաստանն ու մերձբալթյան երկրները օդային միջանցքներ չեն տրամադրել, Սլովակիայի վարչապետի ինքնաթիռը ստիպված է եղել թռչել Չեխիայով, Գերմանիայով, Շվեդիայով և Ֆինլանդիայով:
– Ես գիտեմ, որ դուք երկար ճանապարհ եք անցել այստեղ հասնելու համար,– ասել է Պուտինը։
– Գերմանիայով, Չեխիայով … Բայց դա ավելի լավ է, քան մեքենայով,– պատասխանել է Ֆիցոն։
– Եվ ձիով,– հավելել է ՌԴ նախագահը:



