«Շատ լավ է, որ սպառազինություն ենք բերում, որտեղից կարողանում ենք, բայց ես կողմնակից եմ ռուսականին, քանի որ դրա կիրառումն ավելի դյուրին է». Արտակ Դավթյան

Այս տարվա հունվարին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց էր տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել էր նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:

ՔԿ ղեկավարն ասել էր, որ այդ գործերի շրջանակում գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունեն: Իսկ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթներն ըստ ուղղությունների բաժանվել են:

«Այն է՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի խնդիրների հետ կապված առանձին ուղղություն և ևս մեկ ուղղություն: Սրանք են եղել հիմնական ուղղությունները, որոնցով մենք քննություն ենք կատարել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- մանրամասնել էր Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով գաղտնազերծել այն ուղղությունը, որով հիմնական քննությունը չի ավարտվել: Նույն միտքը ՀՀ ՔԿ նախագահը կրկնել էր փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ:

Հավելենք, որ 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել էր ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացած 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումների կրճատմանը:

Կարդացեք նաև

«Այս հարցին կանդրադառնամ փակ նիստին, բայց բնական է, որ պաշտպանության նախարարին զեկուցվում են ԶՈւ-ի կողմից այս կամ այն առաջնահերթությունները, փոփոխությունները։ Կարող եմ ասել, որ այդ ռեզերվային կրճատված ստորաբաժանումների հաշվին ձևավորվել են տասնյակից ավելի հատուկ նշանակության ստորաբաժանումներ տարբեր կորպուսներում: Դրա հիմնավորումը եղել է կոլեգիալ զինված ուժերի հիմնավորումը: Ես համաձայնել եմ այդ որոշման հետ, քանի որ գտել եմ, որ հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումը և այլ հատուկ ստորաբաժանումների ձևավորումը շատ ավելի կարևոր է, քան թղթի վրա ներկայացված ստորաբաժանումները»,- նշել է Տոնոյանը:

Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն արձագանքել էր, որ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իր հարցաքննության ժամանակ ափսոսանք է հայտնել, որ իր նշանակվելուց առաջ այդպիսի որոշում է եղել, ինչը զարմացրել էր Դավիթ Տոնոյանին, սակայն վերջինս չէր մեկնաբանել Օնիկ Գասպարյանի հայտարարությունը՝ նշելով, որ «եթե Օնիկ Գասպարյանը համաձայն չէր, և անհրաժեշտ էր փոփոխություն այդ մոտեցման մեջ, կարող էր ներկայացնել»:

Դավիթ Տոնոյանը նաև հիշեցրել էր, որ Օնիկ Գասպարյանը եղել է նաև ԳՇ պետի տեղակալ:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին՝ հավելել էր. «Եթե չեմ սխալվում՝ Արտակ Դավթյանն է եղել ԳՇ պետը, երբ այս որոշումը կայացվել է, և եթե հարցեր մնան, գուցե հաջորդիվ լսենք նաև Արտակ Դավթյանին»:

Բայց ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով չկանչեցին, թեպետ նա դեմ չէր գնալ, եթե հրավեր լիներ:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի հետ:

– Ի՞նչ եք կարծում՝ ինչո՞ւ Ձեզ չկանչեցին Քննիչ հանձնաժողով, երբ ռազմական նախկին ղեկավարների հարցաքննությունների ժամանակ չեն անտեսվել Ձեր պաշտոնավարման ժամանակահատվածը, կայացված որոշումները, կատարված քայլերը, ի վերջո, զեկույցում ամբողջական պատկեր ստանալու խնդիր կա:

Կարծում եմ՝ հարցի հասցեատերը ես չեմ, բնական է, որ ցանկացածին կանչել-չկանչելու նպատակահարմարությունը որոշում է Քննիչ հանձնաժողովը: Ես հրապարակայնորեն հայտնել եմ իմ պատրաստակամությունը՝ մասնակցելու հանձնաժողովի աշխատանքին, եթե դրա կարիքը լինի: Միգուցե հանձնաժողովը բոլոր հարցերի պատասխանները ստացել է և կարիք չի տեսել ինձ կանչելու, կամ՝ միգուցե Դավիթ Տոնոյանի, Օնիկ Գասպարյանի ասածները, կամ մյուս զինվորականներինը համարել են բավարար, և ինձ տալու հարց չի մնացել: Ես չեմ կարող ասել, կրկնում եմ, հարցի հասցեատերը ես չեմ:

– Քննիչ հանձաժողովում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ խոսք էր եղել ՀՀ ԶՈւ բանակային առաջին կորպուսում կրճատումների, ինչ-ինչ փոփոխությունների մասին, և Անդրանիկ Քոչարյանն ակնարկել էր, որ համապատասխան որոշումը կայացվել է Ձեր պաշտոնավարման ժամանակ, իսկ Օնիկ Գասպարյանն էլ հանձնաժողովում ափսոսանք է հայտնել, որ իրենից առաջ նման որոշում է կայացվել: Ի դեպ, Դավիթ Տոնոյանը դեմ չի եղել ՀՀ ԶՈւ-ի հիմնական ռեզերվ հանդիսացած 1-ին բանակային կորպուսի ստորաբաժանումների կրճատմանը, քանի որ դրանց հաշվին ձևավորվել են այլ կարևոր ստորաբաժանումներ:

Առաջին, դրա հետ կապված բուն պրոցեսը սկսել էր ավելի վաղ՝ ինձնից առաջ: Երկրորդ, կրճատումներ ասելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ եղել են վերակազմավորումներ, ընդ որում՝ պրոցեսը գնացել է ավելացման տեսակետից:

Երրորդ, այս հարցերը հարուցված քրեական գործի շրջանակում կային, ես վկայություն եմ տվել, ուստի շատ բաներ չեմ կարող ասել՝ ելնելով նախաքննական գաղտնիքի պահպանման անհրաժեշտությունից: Կհիշեք, որ Մովսես Հակոբյանը պատերազմից հետո հայտարարություններ էր արել։

– 2023 թվականի օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի հարցաքննության ժամանակ հարցեր էին եղել նաև նրան՝ Սյունիք գործուղելու և դրա պատճառների մասին: Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ՝ 2020 թվականի հոկտեմբերի 21-29-ը պաշտպանության նախարարը գտնվել է Սյունիքում՝ Մեղրիում, որի ժամանակ Տոնոյանը կոնկրետ խնդիրներ է կատարել, այդ թվում՝ տեղի ՌԴ սահմանապահ ուժերի հետ համադրված համագործակցությամբ: Բայց նույն ժամանակահատվածում Դուք Սյունիք էիք գործուղվել՝ համակարգելու Սյունիքում պաշտպանական, ինքնապաշտպանական աշխատանքները:

– Այո, ինձ վրա դրված էր Սյունիքում ինքնապաշտպանության, համապատասխան միջոցառումների կազմակերպումը, ինչը կնպաստեր զինված ուժերի կողմից իրենց առջև դրված խնդիրների կատարմանը: Ինձ վրա դրված խնդիրները կատարվել են 100 տոկոսով, նաև՝ Մեղրիում: Գաղտնիությունից ելնելով՝ շատ հարցեր այս պահին չեմ ուզում բացել, թե ինչից ինչ եմ արել: Բայց կարող եմ ասել, որ իրականացվել է ինքնապաշտպանական ջոկատների կազմավորում, բնագծերի կահավորում, մեր զինված ուժերից որոշակի ստորաբաժանումներ, որ մնացել էին վերահսկողությունից դուրս, դրանց հաշվառումը և օգնելը ԶՈՒ ներկայացուցիչներին, որ բոլորին հաշվառեն և կիրառեն ըստ նշանակության: Այսինքն, առաջին խնդիրը տեղի ուժերի կազմակերպումն էր, կանոնակարգումը՝ սկսած զենքի հատկացումից՝ մինչև ղեկավարում և խնդիրների կատարում, ինչպես նաև՝ անհրաժեշտ էր ինժեներական աշխատանքներ կատարել բնագծերում, որոնք կարող էին պետք լինել մարտական գործողությունների ժամանակ: Ես Սյունիքում եղել եմ հոկտեմբերի 18-19-ից մինչև 30-ը:

– Դուք և Դավիթ Տոնոյանը, ինչպես նշեցինք, միաժամանակ եք գործուղվել Սյունիք, Մեղրի: Հանդիպե՞լ եք իրար:

– Ես Մեղրիում հանդիպել եմ Դավիթ Տոնոյանին, սակայն ես տեղյակ չէի իր խնդիրների մասին, և ինքն էլ չի ներկայացրել, թե ինչ նպատակով է ինքը գտնվում Մեղրիում: Ինչպես նշեցի, ես ունեցել եմ իմ հստակ խնդիրները, որոնք իրականացրել եմ, համագործակցել եմ զորամասի հրամանատարության հետ, տեղի ուժային կառույցների, ինքնապաշտպանական ջոկատների:

– 44-օրյա պատերազմից հետո ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական առաջխաղացումները եղել են Ձեր ԳՇ պետ եղած ժամանակ: Մասնավորապես, 2021-ի մայիսի 12-ից ադրբեջանական զինուժը երեք ուղղություններով ներխուժել էր Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա՝ Գեղարքունիքի, Սյունիքի հատվածներում, որի հետևանքն ենք այսօր նաև կրում: Այս դեպքերով կա հարուցված քր. գործ, որի շրջանակում կալանավորված է գեներալ Արայիկ Հարությունյանը, ով այդ ժամանակ երկրորդ բանակային կորպուսի հրամանատարն էր: Ձեր պաշտոնավարման օրոք էին նաև նոյեմբերյան մարտերը, որի ֆոնին պաշտպանության նախարարի պաշտոնից ազատեցին Արշակ Կարապետյանին:

Եթե ես չլինեի, այդ առաջխաղացումները կլինեին 5 անգամ ավելի շատ: Դուք մի մոռացեք պատերազմից հետո այդ ժամանակահատվածում մեր ԶՈւ վիճակը և Ադրբեջանի զինված ուժերի վիճակը: Դա՝ առաջին և օբյեկտիվ պատճառ: Երկրորդ, կար սուբյեկտիվ պատճառ՝ քաղաքական որոշումների հարց, թե ինչ քաղաքական խնդիր էր դրել հակառակորդը, և որը իրականացրեց, որը՝ ոչ: Օրինակ, նա նպատակ էր դրել դուրս գալ 15-20 կմ խորության վրա, բայց կարողացել է 1-2 կմ խորանալ, դա ի՞նչ ենք համարում… Չնայած անգամ 1 մետրի օկուպացումը մեր տարածքի՝ անթույլատրելի է: Չմոռանանք, որ մեր ԶՈՒ ստորաբաժանումները, որ այդ բնագիծը պահում էին, դուրս էին եկել Քարվաճառի հատվածից դեկտեմբեր ամսին: Լեռնային այդ շրջանում դեկտեմբերից մինչև ապրիլ, անգամ՝ մայիս, դեռ բավականին շատ ձյուն կար: Այսինքն, այդ ամենը պայմանավորված էր զորքի վիճակով, եղանակային պայմաններով և այլն:

– 2021 թվականի նոյեմբերին Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ «2021 թվականի մայիսին ադրբեջանական ներխուժման հետևանքով 40-45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո»: Մյուս կողմից, 2021-ի մայիսին Փաշինյանը հայտարարել էր՝ «Էդ սարի ծերին, որտեղ տարվա կեսը ձյուն ա, ինչների՞ս ա պետք զինվոր»։ Այսինքն, այստեղ նաև քաղաքական կամքի խնդիր է:

Մայիսյան առաջխաղացումները տեղի ունեցան Սոթքի հանքից մինչև Խոզնավար, նայեք՝ քանի կիլոմետր ճակատով, ինչ գործողություններ սկսեց հակառակորդը: Եղել են հատվածներ, որ առաջ են եկել, եղել են՝ ոչ:

Ինչ վերաբերում է նոյեմբերյան մարտերին, հակառակորդը 20-ից ավելի դիակ և 5-6 տեխնիկա թողել է դաշտում: Այսինքն, այնպես չի, որ հակառակորդն իր առջև դրված նպատակով ինչ ուզեցել՝ արել է: Իսկ դիրքերը կահավորելու քաղաքական խնդրի մասին չի խոսքը, այլ առաջին հերթին հնարավորության հարց էր, եղանակային պայմանները, դիրք կահավորելը յուրաքանչյուրը յուրովի է հասկանում: Դիրքերի կահավորումը, ինժեներական աշխատանքները մշտական գործընթաց է, վերջ չունի:

– Ադրբեջանական առաջխաղացումների համատեքստում մշտապես կրակելու հրաման տալ-չտալու հարցն է առաջ գալիս՝ մայիսյան դեպքեր, նոյեմբերյան մարտեր տվյալ դեպքում:

– Եթե նոյեմբերյան մարտերի ժամանակ չենք կրակել, 20-ից ավելի դիակ ինչպե՞ս է հակառակորդը թողել, 5-6 խփված տեխնիկա: Չկրակելու հրաման զորքերին չի եղել իմ կողմից:

– Այդ դեպքում՝ ինչո՞ւ նոյեմբերյան մարտերի ֆոնին հեռացավ Արշակ Կարապետյանը:

– Հարցը պետք է տալ Արշակ Կարապետյանին, կամ նրան ազատողին, ես չգիտեմ:

– Եվ վերջում կխնդրեի անդրադառնալ ֆրանսիական, հնդկական սպառազինությունների ձեռքբերման գործընթացին, այդ ոլորտի դիվերսիֆիկացիային, ինչպես ասում են իշխանությունները:

Իհարկե, շատ լավ է, որ բերում ենք սպառազինություն, որտեղից կարողանում ենք դա անել, բայց ես հիմնականում կողմնակից եմ ռուսական սպառազինությանը, քանի որ դրա կիրառումն ավելի դյուրին է, ավելի հեշտ է ուսուցվում, և մեր ԶՈՒ համակարգը կազմված է, նախատեսված է առաջին հերթին կիրառելու ռուսական սպառազինություն: Եվ եթե նոր սպառազինություն ենք ներմուծում, ուրեմն պետք է անել այնպես, որ այն ինտեգրվի ամբողջ համակարգին, եթե դա չկա…

Ես շատ բան ասել չեմ կարող, քանի որ տեղյակ չեմ սպառազինությունների ձեռքբերման չերևացող մասին՝ պահեստամասեր, վերանորոգող մասնագետների պատրաստում, ռեսուրս և այլն: Ես կողմնակից եմ, որ շարունակենք ռուսական կողմի հետ աշխատել:

– Ասում են՝ ՌԴ-ն չի վաճառում մեզ զենք, պայմանագրային պարտավորությունները չի կատարում:

– Իմ պաշտոնավարման ժամանակ հիմնականում մենք խնդիրներ չենք ունեցել, այս պահի դրությամբ կդժվարանամ ձեր հարցին պատասխանել:

Տեսանյութեր

Լրահոս