Հայաստանի քաղհասարակության ներկայացուցիչները մոտ ապագայում Բաքու կգնան․ Արմեն Գրիգորյան
Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Այս մասին Բրյուսելում՝ «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսի ժամանակ, ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հոկտեմբերի 21-22-ն առաջին անգամ ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև»,- նշել է նա։
Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, ըստ ԱԽ քարտուղարի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։
«Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկրճատվի 10-25, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5-15 տոկոս»,- ասել է նա։
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    