Քննիչ հանձնաժողովի փակ հանդիպմանը Դավիթ Տոնոյանի ինչ թեմաներով հարցերի պատասխաններ կարող էր Փաշինյանը համարել մտահոգիչ
Փետրվարի 29-ին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որտեղ, մասնավորապես, նշված է.
«Թե ինչու է իմ նկատմամբ քրեական հետապնդումը կրում քաղաքական բնույթ, կարծում եմ, բոլորին էլ պարզ է։ Իսկ ինձ տրամադրված կարճաժամկետ մեկնման ընթացքի հանդեպ Փաշինյանի սևեռուն ուշադրությունը, համոզված եմ, կապված էր իմ՝ ԱԺ Քննիչ հանձնաժողովի նիստերում արտահայտված մտքերի և դիրքորոշումների հետ: Հիմնական «մտահոգիչ» պատասխանները հանրային չեն եղել, և դրանց չհրապարակելը բխում է բացառապես ՀՀ անվտանգության ապահովման և ազգային շահերից և պայմանավորված չէ վարչապետի կերպարին չվնասելու «մտավախությամբ»»:
2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանի՝ իրեն ուղղված հարցերի պատասխանների և հայտարարությունների տողատակերին և մեսիջներին 168.am-ը մանրամասն անդրադարձել է։
Իսկ օգոստոսի 2-ի փակ հարցաքննության ժամանակ «հրթիռների գործով» անցնող պաշտպանության նախկին նախարարի մտքերն ու Փաշինյանի համար մտահոգիչ պատասխանները գաղտնի են, և մենք չենք կարող իմանալ: Դրանց ծանոթանալու հնարավորություն չունեն նույնիսկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ և գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող ընդդիմադիր պատգամավորները, քանի որ, ինչպես 168.am-ի հետ զրույցում ասել էր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ «գաղտնիության ռեժիմ ունեցող փաստաթղթերը պահվում են ոչ թե համապատասխան ստորաբաժանման մոտ, այլ այն Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը որոշել է դարձնել անձնական սեփականություն, երբ որպես հանձնաժողովի անդամ՝ մենք իրավունք ունենք այդ փաստաթղթերին ծանոթանալ, սակայն անօրեն հանձնաժողովի նախագահը թաքուն է պահում դրանք»:
Այո, մենք չգիտենք և հետո էլ չենք իմանա 44-օրյա պատերազմի օրերին պաշտպանության նախարար եղած Դավիթ Տոնոյանի և ԳՇ պետ եղած Օնիկ Գասպարյանի հարցաքննությունների բովանդակությունը, բայց քանի որ Տոնոյանի դեպքում եղել է նաև բաց մաս, ապա կարող ենք որոշակի ենթադրություններ անել դռնփակ հարցաքննության ժամանակ շոշափված թեմաների, հնչած հարցերի և ըստ այդմ, թե որ հարցերի պատասխանները կարող էին մտահոգել Նիկոլ Փաշինյանին:
Մասնավորապես, 2023 թվականի օգոստոսի 1-ին քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն առաջարկել էր, մասնավորապես, փակ նիստում մանրամասն անդրադառնալ 44-օրյա պատերազմին զորահավաքային ռեսուրսների ներգրավմանը, այդ ժամանակահատվածում սպառնալիքների գնահատմանը և աշխարհաքաղաքական իրավիճակին, հատկապես պատերազմին Թուրքիայի ներգրավվածության հավանականությանը, ՀՀ ԶՈՒ առաջին բանակային կորպուսի կրճատմանը, պատերազմից առաջ բանակային կորպուսներում ՌԷՊ ստորաբաժանումների լուծարմանը, Սու-30-ների հետ կապված որոշակի հարցերին: Սա՝ առաջին:
Երկրորդ, 2023 թվականի մայիսին իր տարածած հայտարարության մեջ Դավիթ Տոնոյանը նշել էր.
«2020թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես՝ Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»: Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ քննիչ հանձնաժողովի փակ նիստում պաշտպանության նախկին նախարարը խոսել է նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությունից Տավուշի վերաբերյալ կետը հանելու մասին, ինչին, իհարկե, հրապարակային որոշակի անդրադարձ կատարել է, Քարվաճառի անկրակոց հանձնման թեմայից, ինչի վերաբերյալ 168.am-ը վերլուծություն է գրել՝ «Ինչո՞ւ Դավիթ Տոնոյանը հեռացավ 2020թ. նոյեմբերի 20-ին. դրանից 3 օր առաջ նա 2-րդ բանակային կորպուսում էր, ի՞նչ կապ ուներ Քարվաճառի ուղղությունը» վերնագրով։
Ըստ էության, Տոնոյանի փակ հարցաքննության ժամանակ չի շրջանցվել Մեղրիի թեման և այնտեղ խաղաղապահներ տեղակայել-չտեղակայելու հարցը, որի մասին Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում խոսել էր, և որը չի անտեսել Դավիթ Տոնոյանը նաև հանձնաժողովի բաց նիստում՝ անելով որոշակի ակնարկներ:
Հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը հայտարարել էր.
«Պատերազմը կանգնեցնելու նախորդ բոլոր փորձերը հենց սա ցույց տվեցին, և դա էր պատճառը, որ 2020 թվականի հոկտեմբերի 26-ին ֆեյսբուքի իմ էջի ուղիղ եթերում խոսեցի ցավոտ փոխզիջումների մասին: Բայց ինչքան էլ հասկանայի ցավոտ փոխզիջումների պոտենցիալ անհրաժեշտությունը, ինձ համար կարմիր գիծ էր Շուշին և խաղաղապահների տեղակայումը Մեղրիում»:
Օգոստոսի 1-ին Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն անդրադառնալով պատերազմի օրերին իրեն Սյունիք գործուղելու և դրա պատճառների մասին՝ հանձնաժողովին առաջարկել էր այդ մասին հարցնել Փաշինյանին:
«Նախարարը պետք է լինի ՊՆ-ում, բայց ՀՀ վարչապետի հանձնարարությամբ հոկտեմբերի 21-29-ը գտնվել եմ Մեղրիում, և վարչապետի բաց քննարկումների ժամանակ իմ համար հասկանալի դարձավ, թե ինչու եմ գտնվել: Խոսքը գնում է բանակցային գործընթացի ժամանակ Մեղրի ուժերի տեղակայման հետ կապված, ես այդպես եմ կարողանում սինթեզել այս վիճակը»,- ասել էր Տոնոյանը:
Արդեն ավելի ուշ նիստի ընթացքում հնչեցրած հարցերին ի պատասխան՝ Տոնոյանը հավելել էր, որ իր այդ այցն արդյունավետ է եղել:
«Ինչ վերաբերում է այն իրադրությանը, իրավիճակին, երբ ես հայտնվեցի Մեղրիում՝ ՀՀ սահմանից 2-5 կմ հեռավորության վրա, ունեինք մեծ քանակությամբ զոհեր, վիրավորված էր Մեղրի համայնքի ղեկավարը, գնդի հրամանատարը, ձևավորվում էր հարավային շրջանի հատուկ հրամանատարություն, որը ղեկավարեց գեներալ Գյոզալյանը։
Պաշպանության նախարարի հայտնվելը Մեղրիում լուրջ ազդեցություն ունեցավ և՛ բնակչության, և՛ ԶՈՒ ստորաբաժանումների վրա, որոնք գտնվում էին այդտեղ և առաջնագծում խնդիրներ էին կատարում։
Կան փաստական տվյալներ, որոնք ապացուցում են, որ ԶՈՒ ստորաբաժանումները բավականին հաջող գործեցին այդ ուղղությամբ՝ դարանակալելով, ոչնչացնելով, չեզոքացնելով հակառակորդին։ Ես իմ աչքերով տեսա, թե ինչպես է գնդակոծվում ռուսական սահմանապահ զորքերի ստորաբաժանումը, կայանը, ինքս եմ նկարահանել. դա եղել է հոկտեմբերի 25-27-ը եղած ժամանակահատվածում: Դրոշներ էին դրվում, դրոշներ էին հանվում, ամեն դեպքում, ես նաև ունեի այլ գործառույթ՝ հստակ համագործակցություն, համադրված և շատ լուրջ համագործակցություն հաստատվեց, որի համար ես շատ շնորհակալ եմ տեղի ՌԴ սահմանապահ ուժերին, որոնք այնտեղ գտնվում էին անմիջական մարտական գործողությունների վարման շատ հասանելի տարածքում»,- մանրամասնել էր պաշտպանության նախկին նախարարը:
Այսինքն, երբ Դավիթ Տոնոյանն ասում էր, որ պետք է Նիկոլ Փաշինյանից հարցնել, թե ինչու էր պաշտպանության նախարարը գործուղվել Մեղրի, նա, ըստ էության, ցանկանում էր հասկացնել, որ այս դեպքում ևս բանակցությունները ռուսական կողմի հետ ինքն է վարել, թեպետ գլխավոր բանակցողը երկրի ղեկավարն ու գերագույն հրամանատարն է եղել:
168.am-ը գրել էր Սյունիքի շուրջ պատերազմական և հետպատերազմական զարգացումների մասին, և, որ հոկտեմբերի 21-22-ից մի քանի օրով Տոնոյանը մեկնել էր ակտիվ մարտական գործողությունների հարակից բնակավայրեր, Սյունիք, Մեղրի, որին նախորդել էր ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստը, երբ բոլորը միաձայն համաձայն են եղել պատերազմը կանգնեցնելուն:
Հավելենք, որ 168.am-ի հետ զրույցում ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նշել էր, որ ինքն էլ Սյունիքում 2020-ի հոկտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 30-ը ներառյալ համակարգել է ինքնապաշտպանական միջոցառումները:
«Իմ առջև դրված բոլոր խնդիրներն իրականացվել են ամբողջությամբ: Պատերազմի ժամանակ իրավիճակը եղել է բավականին լարված, առաջին խնդիրը տեղի ուժերի կազմակերպումն էր, կանոնակարգումը՝ սկսած զենքի հատկացումից՝ մինչև ղեկավարում և խնդիրների կատարում, ինչպես նաև՝ անհրաժեշտ էր ինժեներական աշխատանքներ կատարել բնագծերում, որոնք կարող էին պետք լինել մարտական գործողությունների ժամանակ: Պետք էր նաև նպաստել ԶՈւ գործողություններին, և երբ վերջին հատվածը հանձնեցի զինված ուժերին հոկտեմբերի 29-30-ին, և ես արդեն անցա Ռազմարդյունաբերական կոմիտեում իմ բուն խնդիրների կատարմանը»,- շարունակել էր նա:
Հիշեցնենք, որ 2020-ի հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ գրավել են Կուբաթլուն՝ Սանասարը:
Հոկտեմբերի 26-ին կայացած բրիֆինգի ընթացքում այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցչի պարտականությունները կատարող Արծրուն Հովհաննիսյանը հաստատել էր Ալիևի հայտարարությունը և նշել, որ թշնամին մոտեցել է Սյունիքի դարպասներին:
«Երեկ մարտերի ընթացքում հակառակորդին հաջողվեց գրավել Կուբաթլուն և որոշ ուղղություններով առաջանալ»,- շեշտել էր նա:
Հոկտեմբերի 26-ին հայտարարվել էր նաև երրորդ հրադադարը, որը դարձյալ Ադրբեջանը խախտել էր:
Ի դեպ, Պաշտպանության նախարարությունից 168.am-ին հայտնել էին, որ Աննա Հակոբյանի «Էռատո» ջոկատը «2020թ. հոկտեմբերի 25-ին հանդերձավորվել և անցել է 1-ին բանակային կորպուսի հրամանատարի ենթակայության տակ, և, որ ջոկատը նախ տեղակայվել է Հարթաշեն գյուղի տարածքում, ապա՝ Կոռնիձորի N մարտական դիրքում»:
Իսկ 2021 թվականի հունիսին Աբովյան քաղաքում Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ «Էռատո» ջոկատի «մարտական» գործողություններին, հայտարարել էր.
«Ստեփանակերտից հետո, երբ ասում եմ, որ սա Սարդարապատ է, պետք է կանգնել, կինս կանանց կամավորական ջոկատ է կազմում, ու գնում են Սիսիանում մարտական պատրաստություն են անցնում ու գնում կանգնում Գորիսի խրամատներում»:
Ի դեպ, Աշոտ Փաշինյանը, ըստ ՊՆ-ի, ևս եղել է Կուբաթլիում, իսկ նոյեմբերի 9-ից հետո ընդգրկված է եղել մարտական հերթապահության Ներքին Խնձորեսկի տարածքում, իսկ թե կոնկրետ որ օրերին է եղել Կուբաթլիում, պաշտպանական գերատեսչությունից մեզ չէին հայտնել:
Երրորդ, Նիկոլ Փաշինյանը քննիչ հանձնաժողովում բավականին խոսել էր նաև Շուշիի պաշտպանության և անկման մասին, իսկ Շուշիի անկման վերաբերյալ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.аm–ի հետ հարցազրույցում նշել էր, որ «Շուշիի օպերացիան պետք է տեսնենք ամբողջ պաշտպանական օպերացիայի համատեքստում և ամբողջ այդ ճեղքման գոտում հակառակորդի հետևողական կամ կամաց-կամաց առաջխաղացման տիրույթում, այսինքն, առանձին Շուշիի օպերացիան չպետք է տեսնել, իրենք մխրճման գոտում պետք է դեմն առնեին գոնե Հադրութի անտառային հատվածներում, որտեղ բավականին լավ պայմաններ էին հակառակորդին կանգնեցնելու համար»: Ըստ այդմ՝ չի բացառվում, որ Տոնոյանը փակ հանդիպմանը շոշափել է նաև Հադրութի անկման փաստը:
Չմոռանանք, որ իր՝ Նիկոլ Փաշինյանի հետ միասին քննիչ հանձնաժողովում հրապարակային հարցաքննվելու առաջարկից հետո Դավիթ Տոնոյանը, ամեն դեպքում, որոշել էր գնալ հանձնաժողով:
«Քննիչ հանձնաժողովի» նպատակների և աշխատաոճի հանդեպ ունեցածս բոլոր վերապահումներով հանդերձ, որոշել եմ ներկայանալ այդ մարմին՝ բացատրություններ տալու և հարցերին պատասխանելու նպատակով: Նման որոշման հիմք են հանդիսացել հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի ելույթը և դրան հաջորդած ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունները, ինչպես նաև հանրային պահանջը»,- 2023 թվականի հուլիսին 5-ին իր հայտարարության մեջ շեշտել էր նա:
Իսկ ինչ էր ասել Օնիկ Գասպարյանը: Նա 2023 թվականի հունիսի 28-ին տարածած իր հայտարարության մեջ հայտնել էր, որ դեռ հուլիսյան պատերազմից առաջ է Նիկոլ Փաշինյանին և ԱԽ անդամներին ներկայացրել է զեկույց՝ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում զորքերը հակառակորդի հավանական ագրեսիայի դիմագրավմանը նախապատրաստելու նպատակով լրացուցիչ միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ:
«2020 թվականի հուլիսի 10-ին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագիծը, ըստ որի՝ ընդհանուր առմամբ զինված ուժերի առջև դրված խնդիրները լուծելու համար անհրաժեշտ էր 8 մլրդ ԱՄՆ դոլար…:
– 2020 թվականի օգոստոսի երկրորդ կեսին անցկացված ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում վարչապետին զեկուցել եմ, որ ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները: ՀՀ զինված ուժերում մարտական խնդիրների կատարումը չեն ապահովում նաև առկա անօդաչու թռչող սարքերի քանակները:
Հակառակորդի ԱԹՍ-ների դեմ պայքարի համար անհրաժեշտ են ՀՕՊ, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ, անհրաժեշտ քանակի անօդաչու թռչող սարքեր: Դրանք, իհարկե, ներառված են ՍՌՏ 2020-2024 թվականների զարգացման պետական ծրագրի նախագծում, բայց հիմնականում երկրորդ աստիճանում, և դրանց ձեռքբերման հնարավորությունները նվազագույն են, քանի որ բյուջեով հնարավոր չէ լուծել: Բայց և անհրաժեշտ է ձեռք բերել ժամանակակից, երկար տարածություններում և ժամանակահատվածով գործող ռազմավարական բազմաֆունկցիոնալ հետախուզական և հարվածային ԱԹՍ-ներ»,- մասնավորապես, նշել էր Օնիկ Գասպարյանը՝ ըստ էության, շոշափելով Դավիթ Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովում բաց և փակ հարցաքննության որոշ թեմաներ: Նշենք, որ 2020 թվականի նոյեմբերին Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր, որ մեր հակառակորդն այլևս միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան:
Իսկ հիշատակված զեկույցում ԳՇ նախկին պետը նաև հայտնել էր, որ քննիչ հանձնաժողովին ներկայացրել է պաշտպանության հետ կապված համակարգային թվով 11 հիմնախնդիրներ, «որոնք պատճառ դարձան 2020թ. 44-օրյա պատերազմում գրանցած անհաջողությունների համար, այդ թվում՝ Շուշիի ուղղությամբ վարած մարտական գործողությունների մասով և մի քանի առանցքային գործոն»:
Գասպարյանը նաև քաղաքական, դիվանագիտական ձախողումներին և բացթողումներին ու չարվածին էր անդրադարձել:
Իսկ 168.am-ը Տոնոյանի՝ քննիչ հանձնաժողովում հարցաքննությունից հետո գրել էր նաև Օնիկ Գասպարյանին ուղղված մեսիջների մասին, մասնավորապես, որ Տոնոյանը չի կիսել պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում Գասպարյանի առաջարկի հետ՝ 2-3 օրում կանգնեցնել պատերազմը:
«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- մանրամասնել էր Տոնոյանը, ով համաձայն չի եղել նաև պատերազմի հավանականությունը 30 տոկոս գնահատելու ձևակերպման հետ, որը, ըստ Նիկոլ Փաշինյանի և Անդրանիկ Քոչարյանի, ասել են համապատասխան ինստիտուտները և ԳՇ-ից:
Տոնոյանի խոսքով, նման բան չի կարող լինել, ռազմական գործողությունների սկսումը կարող է գնահատվել կամ լիովին հավանական, կամ խիստ հավանական:
Իսկ, ըստ նրա, հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների առումով պատերազմի հավանականությունը գնահատվել է խիստ հավանական, և ԳՇ-ն խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը՝ իրականացրել է համապատասխան միջոցներ:
Ի դեպ, հուլիսյան մարտերի վերաբերյալ ևս մինչև այսօր կան որոշակի հարցեր, որոնց գուցե քննիչ հանձնաժողովում Օնիկ Գասպարյանը և Դավիթ Տոնոյանն անդրադարձել են, թեև առանց դրա էլ, ինչպես տեսաք, բավական թեմաներ կան, որոնք, հնարավոր է՝ քննարկվել են տվյալ դեպքում Տոնոյանի փակ հարցաքննության ժամանակ, և դրանց պատասխանները կարող են մտահոգիչ լինել Նիկոլ Փաշինյանի համար:
Չի բացառվում, որ նույն պատկերն է նաև Օնիկ Գասպարյանի փակ հարցաքննությունների դեպքում, ինչի մասին մենք չենք իմանա, եթե անգամ Քննիչ հանձնաժողովի զեկույցը պատրաստ լինի, եթե, իհարկե, Դավիթ Տոնոյանը և Օնիկ Գասպարյանը դրան ծանոթանալուց և աղավաղումներ հայտնաբերելուց հետո հրապարակավ չխոսեն այդ մասին: