40-ից 45 քառակուսի կմ տարածք հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո. բալանսը փոխվել է. Փաշինյանը մտափոխվել է
Նոյեմբերի 17-ին ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների արդյունքում կամ հետևանքով.
«Երեկվա գործողությունների հետևանքով այս բալանսը որևէ ձևով չի փոխվել»:
Այսինքն, մայիսի 12-ից առաջ էլ շուրջ 40 և ավելի քառակուսի կիլոմետր տարածք եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո՝ առաջին պատերազմի հետևանքներով
Հիշեցնենք, որ Էդուարդ Աղաջանյանը դրանից առաջ հայտարարել էր, թե Ադրբեջանը օկուպացիայի ներքո է պահում ՀՀ ինքնիշխան շուրջ 41 քառակուսի կիլոմետր տարածք՝ շուրջ 11 տեղամասերում:
Այսօր կազմակերպված ֆեյսբուքյան ասուլիսին լրատվամիջոցներից մեկը Նիկոլ Փաշինյանից փորձեց հստակ պարզել՝ 2020-ի նոյեմբերի 10-ից հետո ՀՀ ինքնիշխան տարածքներ հայտնվե՞լ են ադրբեջանական վերահսկողության ներքո, եթե այո, ապա ինչպես չի փոխվե՞լ բալանսը:
«Հարցի մեջ տրամաբանական շփոթ կա,- նախ արձագանքեց Փաշինյանը, այնուհետ շարունակեց,– Մենք լա՞վ ենք հասկանում 41 քառակուսի կմ, հարցին պատասխանում եմ ուղիղ՝ այո, 2020-ի նոյեմբերի 10-ից հետո այդ տարածքները՝ ավելի քան 40 քառակուսի կմ՝ 40-ից 45 քառակուսի կմ, հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության ներքո, և դա մայիսի 12-ին տեղի ունեցած հայտնի ներխուժումն է ՀՀ տարածք, որը միջազգային հանրությունը դատապարտել է»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ ագրեսիան պետք է վերացվի:
Հակադարձմանը՝ թե ինչպե՞ս չի փոխվել այս դեպքում բալանսը, Փաշինյանը արձագանքեց. «Դե փոխվել է, ես ասում եմ՝ փոխվել է: Ասում եմ՝ նոյեմբերի 10-ից հետո փոխվել է, որովհետև այդ ներխուժումը տեղի է ունեցել 2021-ին մայիսի 12-ին»: