«Փախնելու առիթ չունեմ, եթե քննիչ հանձնաժողովից հրավեր ստանամ, կգնամ». Արտակ Դավթյան

2020 թվականի պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը սկսել է «հարցաքննել» բարձրաստիճան զինվորականներին:

Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովում արդեն լսել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանին, երկու անգամ լսել են ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:

Մամուլում տեղեկություններ եղան, որ քննիչ հանձնաժողով են կանչվելու ոչ միայն ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, այլ նաև ԳՇ նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը:

168.am-ը Արտակ Դավթյանից ճշտեց՝ արդյո՞ք հանձնաժողովից պաշտոնական հրավեր ստացել է, եթե այո՝ պատրաստվո՞ւմ է ներկայանալ հանձնաժողով:

Կարդացեք նաև

«Հրավեր դեռ չեմ ստացել: Եթե ստանամ, կարծում եմ՝ կգնամ: Չգնալն ավելի մեծ խնդիրներ առաջ կբերի, և հետո ես փախնելու առիթ չունեմ: Այսինքն, ես նպատակադրված չեմ, որ գնալուց հրաժարվեմ, երբ համապատասխան որոշում կայացվի»,- մեր հարցին ի պատասխան՝ ասաց ԳՇ նախկին պետը:

Հիշեցնենք, որ ժամանակին գեներալ Դավթյանը գնացել էր նաև Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, այնուհետ նա առաջարկել էր հրապարակել Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին տված իր պատասխանները (տեսաձայնագրությունը՝ առանց մոնտաժի):

Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ Արտակ Դավթյանը շատ վատ դերակատարություն է ունեցել 2016-ի պատերազմական գործողություններում:
Անդրանիկ Քոչարյանի այս և այլ հայտարարություններին 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականի նոյեմբերի 18-ին, Արտակ Դավթյանն արձագանքել էր 168.am-ին տված հարցազրույցում: 

«Հիմա էլ խոսում է թերացումների մասի՞ն։ Ապրիլյանի 4 օրն ուսումնասիրեց մեկ տարի, և ուսումնասիրությունների ավարտից մի քանի ամիս անց էլ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները դեռ հրապարակված չեն։ Հետաքրքիր է՝ իսկ ինչքա՞ն ժամանակ անհրաժեշտ կլինի պարոն Քոչարյանին 44 օրվա պատերազմը վերլուծելու համար»,- մասնավորապես, նշել էր Դավթյանը:

Նշենք, որ ԳՇ նախկին պետը 2020 թվականի հոկտեմբերի 19-ին մեկնեց Սյունիք՝ համակարգելու իրականացվող պաշտպանական աշխատանքները: Մամուլը գրեց, որ նոյեմբերի 5-ին մամուլը գրեց, որ հոկտեմբերի 19-ից Սյունիքում իրականացվող պաշտպանական աշխատանքները համակարգող գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն արդեն վերադարձել է Երևան:

2020 թվականի դեկտեմբերի 23-ին 168.amհետ մեկ այլ հարցազրույցում Արտակ Դավթյանը, Սյունիքի մարզում առաջացած անվտանգային խնդիրների, ԽՍՀՄ քարտեզի հիման վրա սահմանազատման գործընթացի համատեքստում, մասնավորապես, նշել էր. 

«Իհարկե, խնդիր է, որ սահմաններն այդքան մոտեցել են, մանավանդ՝ Կապանի հատվածում: Մի քիչ անհասկանալի է, քանի որ, ըստ պայմանավորվածության, պետք է կանգնեին այն տեղում, որտեղ զորքը կանգնած էր: Իսկ զորքը բավականին առաջ էր կանգնած: Բայց չգիտեմ, միգուցե պայմանավորվածություններ կան, կամ այդպես ավելի հարմար էր: Ինձ թվում է` երկրի ղեկավարությունը, ՀՀ ԶՈՒ ԳՇ-ն ավելի շատ ինֆորմացիա ունեն և որոշում են կայացրել՝ ելնելով ստեղծված իրավիճակից: Ինձ այդպես է թվում: Անձամբ ինձ համար ցավալի է, քանի որ այդ հենակետերի մեծ մասը, լավ եք հիշում, կազմակերպեցինք ինքնապաշտպանական ուժերի միջոցով և մեր զինված ուժերին աջակցելու նպատակով: Եվ պիտի ասեմ` բավականին հարմար բնագծերով, իսկ հիմա այլ պատկեր է»:

Տեսանյութեր

Լրահոս