44-օրյայում պարտության մեղավորներ գտնելու՝ Արգիշտի Քյարամյանի և Անդրանիկ Քոչարյանի պատմական պահը
Փետրվարի 7-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի ունեցած կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Քյարամյանը նշանակալի է համարել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում հայկական զինված ուժերում զինվորական կարգի դեմ ուղղված հանցագործությունների քննության արդյունքները՝ պատերազմի ելքի պատճառների վերհանման տեսանկյունից, արձանագրելով, որ քննության 7 հիմնական ուղղություններից 6-ով արդեն իսկ նախաքննությունն ավարտական փուլերում է և կարևոր հանգամանքների պարզման առումով իրողություններին տրվել են իրավական գնահատականներ։
Միաժամանակ, ՔԿ նախագահը հանձնարարել է մի քանի դրվագներով շարունակվող քննությունները հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնել տրամաբանական ավարտին, ինչպես նաև՝ լրացուցիչ միջոցներ ձեռնարկել՝ նշանակված փորձաքննությունների եզրակացությունները ստանալու ուղղությամբ։
«Մենք, բացի մեկ ուղղությունից, բոլոր հիմնական ուղղություններով պատերազմական հանցագործությունների քննությունը գրեթե ավարտել ենք: Դա ինձ համար շատ կարևոր ցուցանիշ է: 420 անձից ավելի մեղադրյալներով գործեր են ուղարկվել դատարան: Սակայն, այնուամենայնիվ, կան որոշ մանր դրվագներ այդ ուղղություններում, որոնցով քննության տեղ կա: Որպեսզի մենք ամբողջացնենք մեր կատարած աշխատանքը, պետք է պլանավորվի՝ ըստ դրվագների, ուղղությունների ներկայացնել կատարված աշխատանքը, և մինչև մայիս էլ այդ աշխատանքը պետք է կատարվի: Մենք պետք է կարողանանք փաստել, որ մենք պատերազմական հանցագործությունները դիվիզիայից մինչև ջոկ քննել ենք և տիրապետում ենք այդ ինֆորմացիային: Եվ սա պատմական նշանակություն ունեցող հանգամանք է»,- նշել է Քյարամյանը:
Նույն պնդումները ՔԿ նախագահն արել էր տարեսկզբին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որ 44-օրյա պատերազմին առնչվող գործերի շրջանակում գրեթե բոլոր ուղղություններով ավարտական տեսք ունեն: Իսկ ավելի արդյունավետ քննություն ապահովելու համար 44-օրյա պատերազմի վարույթները բաժանվել են՝ ըստ ուղղությունների:
«Այն է՝ 10-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 18-րդ հրաձգային դիվիզիայի ուղղություն, 1-ին բանակային կորպուսի, Շուշիի պաշտպանության ուղղություն, հոկտեմբերի 7-8-ի օպերացիայի հետ կապված դեպքեր, զորակոչի խնդիրների հետ կապված առանձին ուղղություն և ևս մեկ ուղղություն: Սրանք են եղել հիմնական ուղղությունները, որոնցով մենք քննություն ենք կատարել: Եվ այս պահին կարող ենք արձանագրել, որ, բացի մեկ ուղղությունից, մնացած բոլոր ուղղություններով հիմնական քննությունն ավարտված է»,- մանրամասնել էր Քյարամյանը՝ նպատակահարմար չհամարելով գաղտնազերծել այն ուղղությունը, որով հիմնական քննությունը չի ավարտվել:
Հարցին՝ ի վերջո բացահայտվե՞ց, թե ինչի հետևանքով մենք պարտություն կրեցինք, արդյոք բացահայտվե՞լ է այն անձանց շրջանակը, որոնց գործողությունները պարտության պատճառ դարձան, Քյարամյանն արձագանքել է, որ այս պահի դրությամբ 99 սպա կա, որոնց նկատմամբ կա քրեական հետապնդում:
«Այս անձանց վերաբերյալ գործերը դատարանում են, չխախտելով անմեղության կանխավարկածը, դատաքննությունը ցույց կտա՝ այս մարդիկ մեղավո՞ր են, թե՞ ոչ, բայց առնվազն նախաքննական մարմնի տեսանկյունից շատ հարցերի պատասխաններ, որոնք նաև հանրությանն են հետաքրքրել, իմ կարծիքով, մենք ունենք: Առնվազն ինձ համար պատկերը պարզ է: Պարտության պատճառներ ասվածը ոչ միանշանակ հասկացություն է, և 1, 2, 3 և նույնիսկ 10 հանգամանքից կախված չէ: Կան հանգամանքներ, որոնք նպաստել են պարտության վրա հասնելուն, կան անձինք, որոնց գործողությունը կամ անգործությունն է նպաստել պարտությանը վրա հասնելուն: Եվ ինչպես տեղային, այնպես էլ ընդհանուր պատկերը ՔԿ-ի համար այդ մի քանի հազար հատորից բաղկացած քրեական գործի էջերից ներս, իմ կարծիքով, պարզաբանված և բացահայտված է»,- ասել էր Արգիշտի Քյարամյանը, ով 2020 թվականի պատերազմի առաջին 10 օրը ՀՀ ԱԱԾ տնօրենի պաշտոնն էր զբաղեցնում և ազատվել է 2020 թվականի հոկտեմբերի 8-ին:
Հավելենք, որ 2023 թվականի փետրվարին Քննչական կոմիտեի կոլեգիայի ընդլայնված նիստի ընթացքում Արգիշտի Քյարամյանը հայտարարել էր, որ «կա հասարակական մեծ պահանջ, որպեսզի բացահայտվեն այն անձինք, ովքեր դարձել են պարտության պատճառ, որպեսզի բացահայտվեն այն հանգամանքները, որոնց հետևանքով մենք պարտվել ենք»:
Այս պահի դրությամբ պատերազմական գործերի ճնշող մեծամասնությունը դեռ դատաքննության փուլում են: Մեծ մասն ուղարկվել է դատարան, բայց կան քննություններ, որոնք պիտի ամբողջացվեն: Շատ ուղղություններով առանձին դրվագներ էլ կան, որոնցով քննությունը պիտի ավարտվի, որ նոր հասկանան՝ գործը դատարան կգնա՞, թե՞ այլ վախճան կունենա, ինչպես տարեսկզբին ասել էր ՔԿ նախագահը։ 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է 44-օրյա պատերազմին ԱԱԾ նախկին ղեկավարի մասնակցությանը՝ նշելով, որ 44-օրյա պատերազմին առնչվող հարցեր կան, որոնց պետք է պատասխանի Արգիշտի Քյարամյանը՝ ԱԱԾ ղեկավարի պաշտոնից իր ազատման պատճառների, Շուշիի հետ կապված, և այլն:
Իսկ թե մայիսին 44-օրյա պատերազմին առնչվող ՔԿ աշխատանքի ամբողջացումից հետո պատերազմի ելքի համար պարտության պատճառների ինչ պատկեր է ստացվելու, արդեն այսօր կարելի է ենթադրել, երբ, ըստ էության, հիմնական սլաքը բանակի ուղղությամբ է, և ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանն իրեն գերագույն գլխավոր հրամանատար էր հռչակել, որը օրենքով պատերազմի ընթացքում լուրջ պատասխանատվություն ունի՝ ընդհուպ ռազմական որոշումներ կայացնելու իրավունք: Ինչևէ, սպասենք Արգիշտի Քյարամյանի պատմական պահին:
Ի դեպ, գարնանը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, պատրաստ է լինելու նաև Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, որին ՊՆ-ն ավելի քան 10.000 էջից բաղկացած փաստաթուղթ էր փոխանցել: Իսկ հանձնաժողովում 2 անգամ անգամ լսել են Նիկոլ Փաշինյանին, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին, լսել են նաև ԳՇ գործող ղեկավար Էդվարդ Ասրյանին (ով 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր), ՀՀ ԱԳ նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին, Արցախի վերջին նախագահ Սամվել Շահրամանյանին, պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանին:
Քննիչ հանձնաժողովում չեն լսել ՊԲ նախկին երկու հրամանատարներին՝ Ջալալ Հարությունյան, Միքայել Արզումանյան, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԱԾ տնօրեն Կամո Աղաջանյանին, ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին, Հադրութի դիվիզիայի հրամանատարին, ինչպես վերջինի մասով խոստացել էին: Իհարկե, եղել են նաև հանձնաժողով գնալուն դեմ արտահայտվողներ, մասնավորապես, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը: Զեկույցը, ինչպես հայտարարվել է, ունենալու է փակ և բաց մասեր։ Հուսանք, խոստումը կպահպանվի, և այն կներկայացվի հանրությանը՝ անկախ իշխանությունների՝ տվյալ պահի քաղաքական շահերից։
Սպասենք Անդրանիկ Քոչարյանի և Արգիշտի Քյարամյանի ռազմական բացահայտումներին ու պատմական պահերին՝ ինչու և ում մեղքով պարտվեցինք 2020 թվականին, ինչու կորցրեցինք Հադրութը, որի կորուստը ևս լուրջ ազդեցություն ունեցավ պատերազմի ելքի վրա:
Մյուս կողմից, ակնհայտ է՝ այս իշխանության օրոք, որը շահագրգիռ կողմ է և մասնակից, չի կարող ճշմարտությունը բացահայտվել, ինչպես մի առիթով 168.am-ին ասել էր Օնիկ Գասպարյանը՝ «ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխության դեպքում»: