44-օրյա պատերազմի ժամանակ ԱԱԾ բարձրաստիճան 4 պաշտոնյա է ազատվել աշխատանքից, պատճառը հայտնի չէ. ԱԱԾ ղեկավարությունը «չի աշխատել Փաշինյանի վրա»

News.am-ին տված հարցազրույցում 44-օրյա պատերազմի ժամանակահատվածում ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը նշել է, որ պատերազմի ժամանակ իր տեսածն ու գնահատածը հանգեցրել են մտածելու, որ ԱԱԾ-ն արմատական բարեփոխումների պիտի ենթարկվի: Թե կոնկրետ ինչ նկատի ունի ԱԱԾ նախկին պաշտոնյան, չի գաղտնազերծել:

Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ 168.amանդրադարձել է 2018թ. իշխանափոխությունից հետո ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-ներում տեղի ունեցած կադրային փոփոխություններին, թե քանի տնօրեն է փոխվել, և ինչ իրադարձություններ են նախորդել և հաջորդել կադրային ազատում-նշանակումներին:

Այդ ժամանակ դեռ Արմեն Աբազյանը ՀՀ ԱԱԾ տնօրենն էր, հիմա այդ պաշտոնում արդեն Անդրանիկ Սիմոնյանն է:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ԱԱԾ 4 բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել իր զբաղեցրած պաշտոնից:

Կարդացեք նաև

Հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողումից հետո 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ԱԱԾ տնօրենի պաշտոնից ազատվել էր Արգիշտի Քյարամյանը, ով հոկտեմբերի 5-ին մասնակցել էր նշված օպերացիայի մշակմանը կամ դրա քննարկմանը, և մինչև հիմա պարզ չէ՝ ինչու ազատեցին ԱԱԾ տնօրենի պաշտոնից: Չնայած դրան, պաշտոնանկությունից հետո Քյարամյանը մինչև վերջ մնացել է Արցախում, իսկ հետո ավելի ուշ ղեկավարել է ՀՀ քննչական կոմիտեն:

Քյարամյանի պաշտոնանկությունից հետո դե յուրե հենց (հարցազրույցում նշվում է, որ Միքայել Համբարձումյանն ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարել է 2020թ. սեպտեմբերի 30-ից, մեզ հետ զրույցում նա պարզաբանեց, որ խոսքը պարտականությունների փաստացի կատարման մասին է. ինչը մի շարք ենթադրությունների տեղիք է տալիս և հարցեր առաջացնում) Միքայել Համբարձումյանին ընտրեցին ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, որից նրան ազատեցին 2020 նոյեմբերի 8-ին և ԱԱԾ տնօրեն նշանակեցին Արմեն Աբազյանին:

Միքայել Համբարձումյանը 2020 թվականի նոյեմբերի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով ազատվել էր նաև ԱԱԾ տնօրենի տեղակալի պաշտոնից: Ի դեպ, հիշատակված հարցազրույցում նա ակնարկում է, որ հոկտեմբերի վերջին է ցանկացել դադարել լինել ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար:

Իսկ Արգիշտի Քյարամյանի պաշտոնանկության ժամանակահատվածում՝ 2020-ի հոկտեմբերին 7-ին, ինչպես իշխանական աղբյուրները հաղորդել էին, զբաղեցրած պաշտոնից հեռացրել էին ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետ Լևոն Շահումյանին: Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը՝ «Հայկական ժամանակը», դա ներկայացրել էր լրտեսական ցանցի բացահայտման գործողությունների համատեքստում: Ավելի ուշ ԱԱԾ-ից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էին, որ «ազգային անվտանգության մարմինների համապատասխան ծառայողների ընտրությունն ու փոխարինումը բխում է ինչպես ազգային անվտանգության ծառայության առջև դրված խնդիրների կարևորությունից, առանձնահատկություններից և դրանց լուծման հրատապությունից, այնպես էլ իր լիազորությունների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունից»:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ Լևոն Շահումյանը ԱԱԾ ռազմական հակահետախուզության պետի իր լիազորություններն արդյունավետ չի իրականացրել: Եվ արդյո՞ք վերը նշված պատճառները կարող են տարածվել նաև ԱԱԾ տնօրենի պաշտոնից 2020 թվականի հոկտեմբերի 8-ին ազատված Արգիշտի Քյարամյանի վրա, մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը թույլատրել է նրան առանց որևէ պաշտոնի շարունակել լինել Արցախում, իսկ հետո վստահել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը, և զգալի դերակատարում ունենալ 44-օրյայի պարտության մեղավորներ գտնելու գործում:

Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 2020թ. հոկտեմբերի 26-ին, ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի պաշտոնից հեռացվել է Վաղինակ Սարգսյանը:

ՀՀ նախագահի այս հրամանագրից առաջ ԱԱԾ տնօրենի պարտականությունները կատարող Միքայել Համբարձումյանն այցելել էր ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքեր և հանդիպում ունեցել սահմանապահների հետ:

Այցի շրջանակում Մ. Համբարձումյանը, ողջունելով ներկաներին, իր խոսքում անդրադարձել էր թուրքա-ադրբեջանա-ահաբեկչական դաշինքի կողմից սանձազերծված ռազմական գործողություններում սահմանապահների մասնակցության կարևորություններին և ընդգծել վերջիններիս կողմից ծառայողական պարտականություններն ամենայն կարգապահությամբ ու արդյունավետորեն իրականացնելու հրամայականը՝ շեշտելով, որ այդ ասպարեզում յուրաքանչյուր թերացում ունենալու է իր համապատասխան հետևանքները:

Հանդիպման ավարտին Մ. Համբարձումյանն անցկացրել է նաև աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալներ Ս. Մելքոնյանը, Ա. Հակոբյանը և պաշտոնատար այլ անձինք:

Ավելի ուշ Armlur.am-ին հայտնի էր դարձել, որ Միքայել Համբարձումյանը հանդիպման ժամանակ բավականին թեժ քննարկում է ունեցել սահմանապահ զորքերի պաշտոնատար անձանց հետ և որոշակի դժգոհություն հայտնել, ինչին փաստորեն հաջորդել էր Վաղինակ Սարգսյանի հրաժարականը: Ի դեպ, սրան զուգահեռ՝ պաշտոնից ազատել էին նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի շտաբի պետ Գագիկ Թևոսյանին:

Ի դեպ, 2025 թվականի սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը չուներ հրամանատար:

Իսկ չնայած 44-օրյային առնչվող վերոնշյալ փաստերին և կադրային փոփոխություններին, ՀՀ-ի և Արցախի ԱԱԾ-տնօրենները չեն հրավիրվել Քննիչ հանձնաժողով, նույնիսկ չեն էլ հարցաքննվել պատերազմի համատեքստում հարուցված քրեական վարույթների շրջանակում, օրինակ, Արգիշտի Քյարամյանը Շուշիի և հակահարվածի օպերացիայի գործով:
Շարունակելով՝ նշենք, որ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը news.am-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև պատերազմը կանգնեցնել-չկանգնեցնելու մասին հարցին:

Նրա խոսքով, պատերազմի ժամանակ վիճակն «ահավոր» է եղել հոկտեմբերի կեսերից, և այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը 2020թ. հոկտեմբերի 19-ին տեղի ունեցած ԱԽ նիստում պաշտոնապես զեկուցել է, որ վիճակն օրհասական է, մենք պարտվում ենք։

Այսինքն, ասվել է, որ անհրաժեշտ է բոլոր հնարավորությունները գործի դնել պատերազմը կանգնեցնելու համար, ինչը, ըստ Միքայել Համբարձումյանի, հաստատվել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, և իրենց «նույնիսկ խոսք չի հասել»:

Իսկ թե ինչու չկանգնեցրեց պատերազմը Նիկոլ Փաշինյանը, ԱԱԾ նախկին պաշտոնյան չգիտի այդ հարցի պատասխանը. «Ես չեմ աշխատել երկրի ղեկավարի վրա, որ հասկանամ՝ ինքն ինչ է անում և ինչ է ուզում անել»:

Այստեղ հարկ է նկատել, որ ԱԱԾ-ն չի արձանագրել կամ չի ցանկացել արձանագրել պատերազմի ժամանակ, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի գաղտնիության տարրեր պարունակող տեղեկությունների հանրայնացումը, այդ թվում՝ ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիայի գործողությունների պլան, և դրանց հնարավոր ազդեցությունը պատերազմի ելքի վրա: Մինչդեռ ամբողջ պատերազմի ընթացքում սահմանափակումներ էին դրվել լրատվամիջոցների վրա և ԱԱԾ-ն «աչքերը չորս արած» հետևում էր, թե այս կամ այն կայքն ում գրառումը տեղադրեց, և ոչինչ, որ իշխանական շրջանակները գաղտնիություն պարունակող տվյալներ էին հրապարակում սոցցանցերում:

Ինչևէ, Միքայել Համբարձումյանը նշել է, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի դրությամբ նույնիսկ չի իմացել ՌԴ նախագահ Պուտինի առաջարկի մասին, որ հնարավորություն կա պատերազմը կանգնեցնելու, և, որ Փաշինյանը դրան չի համաձայնել, հետո է իմացել դրա մասին։

ԱԱԾ նախկին պաշտոնյայի դիտարկմամբ, Փաշինյանը չկանգնեցրեց պատերազմը, և «իրավիճակն ավելի անկառավարելի դարձավ, ինչը հանգեցրեց հարավից ճեղքմանը. Հորադիզի ուղղությամբ ադրբեջանական ուժերը ճեղքեցին և շարժվեցին դեպի Շուշի»:

«Արդեն այդ ժամանակ այդ հարցը ավելի է սրվում և ավելի է սկսում մտահոգել քեզ՝ ինչու չի կանգնեցվում պատերազմը, հատկապես, որ այդ հնարավորությունն արդեն ռուսները բարձրաձայնել էին: Եվ առաջին միտքը, որ գալիս է` իսկ միգուցե պահում են էնքան, այսինքն՝ քաղաքական ղեկավարությունը որոշում չի կայացնում մինչև Ստեփանակերտի անկո՞ւմը գրանցվի։ Նման մտքեր ունեի»,- շարունակել է Միքայել Համբարձումյանը:

Հետաքրքիր է՝ 2020թ. սեպտեմբերի 30-ից ԱԱԾ տնօրենի պարտականությունները փաստացի կատարած Միքայել Համբարձումյանը չասաց, որ այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը հենց պատերազմի 4-րդ օրն է ԱԽ նիստում առաջարկել կանգնեցնել պատերազմը՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն, և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Ավելին, ռազմական շատ մասնագետներ և զինվորականներ պատերազմի ելքի վրա ազդեցության առումով որոշիչ են համարում հոկտեմբերի 4-6-ն ընկած ժամանակահատվածը, երբ ճեղքվել էր պաշտպանական գիծը: Բացի այս, պատերազմը կանգնեցնելու առաջարկներ և հստակ հնարավորություն եղել է նաև 2020-ի հոկտեմբերի 7-ին:

Այս թեմայով խոսակցություն Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ ունեցել է նաև հոկտեմբերի 13-ին, ինչպես Քննիչ հանձնաժողովում տեղեկացվել էր: Այս ամենը գաղտնի՞ է պահվել ԱԱԾ-ից:

Իսկ պատերազմը չկանգնեցնելու և իրավիճակը կապիտուլյացիայի տանելու համատեքստում հաղորդավարը բարձրացրել է Փաշինյանի՝ պատերազմի ժամանակ ձերբակալելու հարցը, ինչին ի պատասխան՝ Միքայել Համբարձումյանը պատասխանել է, որ իրավապահ մարմինների և ուժային կառույցների հետ նման «դավադրություն» կազմակերպելու թեմա չի եղել՝ քննարկում, քայլեր: Միաժամանակ, Համբարձումյանը նշել է, որ պատերազմը չկանգնեցվելու հետ կապված իր մտահոգությունները կիսվել է Պաշտպանության նախարարության հետ, թե կոնկրետ ում հետ, չի մանրամասնել:

«Եթե վստահություն լիներ, եթե էն տեղեկատվությունը լիներ, որ մեր երկիրը վարչապետը դիտավորությամբ տանում է… Եթե դուք չգիտեք դիտավորության մասին, էդպիսի քայլի չի կարելի գնալ: Բայց եթե գիտես, որ ինքն ու իր թիմը դիտավորությամբ տանում են դրան, իհարկե, այդ ժամանակ չանելը հանցավոր անգործություն կդառնար»,- շեշտել է նա և հավելել, որ ինքը չի կարող վկայել, որ Փաշինյանը մարտեր վարելու հետ կապված շեղել կամ ինչ-որ բան արգելել է, դրա համար էլ ունեցանք այն, ինչ ունեցանք:

«Իմ գնահատմամբ, վարչապետի թիվ մեկ սխալը, կասկածելի արարքը և հիմնավոր կասկածը իր նկատմամբ այն է, որ նա չէր կանգնեցնում պատերազմը»,- ընդգծել է Համբարձումյանը:

Ավելի ուշ բլից հարցերի ժամանակ ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատարը հայտարարել է. «Եթե Փաշինյանը ձերբակալվեր, ռուսների օգնությամբ պատերազմն ավելի շուտ կկանգնեցվեր»:

Իսկ ինչու բավարար ուշադիր չի եղել ԱԱԾ-ն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, թողնենք ժամանակի բացահայտմանը, ինչպես նաև այն, թե ինչու է ԳՇ ղեկավարությունը համակերպվել նրան, որ ռազմական դրության ժամանակ Փաշինյանը գերագույն հրամանատար պետք է լինի, ինչի իրավունք չուներ իրականում:

Տեսանյութեր

Լրահոս