ՊՆ-ի ոչ տրամաբանական պատասխանը և Փաշինյանի՝ Քարվաճառի և Քաշաթաղի անկումից խուսափելու դրժված խոստումը
2022թ. հոկտեմբերի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը որոշում էր կայացրել միակողմանի ամբողջությամբ լուծարել հորդանանական «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերության հետ պայմանագիրը, որը կնքվել էր 2021թ. օգոստոսի 6-ին:
Տնտեսական և գնումների հարցերով Պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի ստորագրությամբ նամակում՝ ուղղված «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությանը, նշվում էր, որ վերջինս չի մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքը, որը պետք է արվեր դեռ 2021-ին։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդանանյան ընկերությունից պահանջում էր ծանուցումը ստանալուց հետո 5 օրվա ընթացքում Հայաստանին վճարել մոտ 23 մլն դրամի (շուրջ 57,5 հազար դոլար) տուգանք:
Նշենք, որ «Ջադարա Էքուիփմենթ ընդ Դիֆենս Սիսթեմս» ընկերությունը հայտնի է, մասնավորապես, ռուսական ՁՀՆ-32 (РПГ-32) ձեռքի հակատանկային նռնականետերի արտադրությամբ, որոնք Հորդանանում ստացել են «Նաշշաբ» անվանումը։
Ի դեպ, մեր տեղեկություններով, ժամանակին դրանցից Հորդանանից Հայաստան որոշակի քանակությամբ ներմուծվել է:
2020թ. հուլիսին դրա հետ կապված ադրբեջանական կողմը նույնիսկ լուրջ աղմուկ էր բարձրացրել, և Ադրբեջանի ԱԳՆ էր կանչվել Հորդանանի դեսպան Սամի Աբդուլա Ղոշեհին։
Հորդանանի դեսպանն իր հերթին՝ ասել էր, որ ըմբռնումով է մոտենում Ադրբեջանի մտահոգությանը՝ հաշվի առնելով իր երկրի և Ադրբեջանի ռազմավարական հարաբերությունները, և խոստացել ջանքեր գործադրել հարցը կարգավորելու համար:
Սրանից հետո ադրբեջանական մամուլը գրեց, թե իբր Հորդանանի իշխանությունները հերքել են ՀՀ-ին զենք մատակարարելու տեղեկությունը:
Մինչդեռ ավելի վաղ համացանցում փաստաթղթեր շրջանառվեցին, որն իրենից ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության միջև նամակագրություն՝ 2019թ. հոկտեմբերի 11-15-ը։
Փաստաթղթերով երկու երկրները պայմանավորվել էին զենքի առքուվաճառքի մասին, սակայն վերջին նամակով Հորդանանը հրաժարվել է Հայաստանին զենք վաճառել։
Որպես պայմանագրի չեղարկման հիմք՝ պաշտոնական գրության մեջ նշված էր եղել, որ «Ջադարա» ընկերությանը տեղեկություն է հասել, որ հայկական կողմից ներկայացված գործակալ ընկերությունը՝ Royalsys Engineering LTD-ը (Դավիթ Գալստյան՝ «Պատրոն Դավիթ»), գրանցված է որպես օֆշորային ընկերություն, ոչ թե նախարարություն, ինչպես հայկական կողմը ներկայացրել է բանակցությունների ընթացքում։
Արդեն 2019թ. հոկտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն աշխատանքային այցով մեկնում է Հորդանանի Թագավորություն:
Այցի շրջանակում նա հանդիպում է Հորդանանի Թագավորության զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Յուսեֆ Ահմադ Ալ-Հունաիտիի հետ:
2020թ. փետրվարին էլ ՀՀ Կառավարությունում Նիկոլ Փաշինյանն ընդունում է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ Երկրորդին։
Վերադառնալով Հորդանանի հետ պայմանագրի չեղարկմանը, նախ նշենք, որ ՊՆ գնումների համար պատասխանատու Կարեն Բրուտյանն այս պաշտոնին նշանակվել է 2021թ․ օգոստոսի 13-ին՝ պայմանագրի կնքումից մեկ շաբաթ հետո:
168.am-ը նոյեմբերի 29-ին հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե «արդյո՞ք հորդանանյան ընկերությունը պատասխանել է ՀՀ պաշտպանության փոխնախարարի նամակին, եթե այո՝ ի՞նչ բովանդակությամբ է այն եղել, այսինքն, ընդունե՞լ է պայմանագիրը լուծարելու և փոխհատուցում վճարելու հայկական կողմի առաջարկ-պահանջը»:
Մեկ ամիս մտածելուց հետո Պաշտպանության նախարարությունը մերժել է մեր հարցադրմանն ի պատասխան տեղեկություն տրամադրել՝ հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ կառավարության 13.03.1998 թ. N 173 որոշմամբ հաստատված ցանկի 1-ին, 2-րդ և 19-րդ կետերի պահանջները:
Այսինքն, զենքի մատակարարման պայմանագրի չեղարկման մասին նամակի հրապարակումը գաղտնիք չէ, որտեղ բավարար տվյալներ կան, բայց երբ փորձում ես պարզել՝ արդյո՞ք հորդանանյան ընկերությունը համաձայնել է հայկական կողմի չեղարկման որոշմանը և շուրջ 58.000 դոլար տուգանք վճարելու պահանջին, Պաշտպանության նախարարությունը համարում է գաղտնիք:
Ընդ որում, մենք նույնիսկ չէինք հարցրել, թե ի՞նչ զենք պիտի մատակարարեր հորդանանյան ընկերությունը, որը չի արել:
Սա այն դեպքում, երբ իշխանության ներկայացուցիչները և իշխանամերձ շրջանակները շտապեցին մանրամասնել, թե Հնդկաստանի հետ պայմանագիր է կնքվել, և թե դրանով ինչ սպառազինություն է Հայաստանը ստանալու:
Մինչդեռ ռազմական փորձագետներից շատերն արձագանքեցին, որ չի կարելի զենքի ոչ մի խմբաքանակ չստացած, մանրամասնություններ հայտնել՝ հաշվի առնելով, որ Հնդկաստանի վրա տարբեր խողովակներով թշնամական պետությունները կարող են փորձել ազդել, խոչընդոտել, որպեսզի գործարքը չկայանա, մատակարարվելիք սպառազինությունն առնվազն ժամանակին Հայաստան չհասնի:
Ավելին, ՀՀ ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, տարբեր ժամանակահատվածներում ՀՀ ԶՈՒ զինվածության մակարդակի մասին գաղտնիք պարունակող տվյալներ է հրապարակել՝ սկսած զենք չունենալուց՝ մինչև առկա ռազմատեխնիկայի ոչ պիտանի լինել:
Պաշտպանության նախարարությունը, բնականաբար, այս փաստերը չի նկատում:
Ի դեպ, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը մերժել է տեղեկություն տրամադրել նաև մեր հարցման մեջ ներառված հետևյալ հարցադրումներին ի պատասխան.
1. Պատերազմից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերին, ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր, որ պատերազմից առաջ՝ 2018-2020 թվականներին, մարտավարական օղակը կրճատվել է: Մասնավորապես, ըստ նրա, եղել է հույժ գաղտնի հրաման՝ 00038, որի համաձայն՝ կրճատվել է մարտավարական օղակը՝ սկսած վաշտից, ավարտված գնդերով, և, որ կրճատվել է 5 գունդ, որտեղ կար ամբողջ սպայական կազմը՝ հրետանիով, կապի միջոցներով, ամեն ինչով, բացի զինվորներից:
Որքանո՞վ է ԳՇ նախկին պետի արած այս հայտարարությունը համապատասխանում իրականությանը, եթե եղել է նման կրճատում, ապա ե՞րբ են դրանք եղել, արդյո՞ք այդ կրճատումները վերաբերել են առաջին բանակային կորպուսին, քանի որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի և 2020-ի հոկտեմբերի 7-ի հակահարված օպերացիայի համատեքստում ակտիվացել են խոսակցությունները, որ նախքան 44-օրյա պատերազմը առաջին բանակային կորպուսն արդեն դադարել էր լինել մարտունակ ստորաբաժանում, իսկ պատերազմի առաջին օրերին, ըստ էության, դրա մնացորդներն էլ ջախջախվել են:
2. Ի դեպ, am-ի հետ զրույցում ՊԲ նախկին հրամանատար, 44-օրյա պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար Սամվել Բաբայանը հերթական անգամ նշել է, որ, իր տեղեկությամբ, Լելե Թեփեի ուղղությամբ առանձին օպերացիա է եղել, իսկ որը առանձին օպերացիա է, դա Արցախի միավորի տակ չի մտնում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այստեղ խոսքը հենց առաջին կորպուսի մասին է, որը Արցախի միավոր չէր հանդիսանում, եթե, իհարկե, նման օպերացիա եղել է:
Ի դեպ, Մովսես Հակոբյանը բանակի կառուցվածքի հետ կապված հայտարարություններն արել էր պատերազմի ավարտից օրեր անց: Դավիթ Տոնոյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունն անմիջապես 2020-ի նոյեմբերի 19-ին արձագանքել էր, որտեղ, մասնավորապես, նշվում էր.
«ԶՈՒ ԳՇ նախկին պետն անում է ծայրահեղ վտանգավոր հայտարարություններ՝ բացահայտելով զինված ուժերի կառուցվածքն ու զորային օղակների առանձնահատկությունները։ Դրանք հույժ գաղտնի տեղեկություններ են, որոնց հրապարակայնացումը քրեորեն պատժելի է։
Մասնավորապես՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի» մասին ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ գաղտնի տեղեկության առնչվելու թույլտվություն ունեցող քաղաքացիների իրավունքները դրանց տարածման մասով կարող են սահմանափակվել մինչև օրենքով նախատեսված տեղեկությունների գաղտնազերծումը։
Այսինքն՝ եթե նույնիսկ Մովսես Հակոբյանն այլևս ՊՆ պաշտոնյա չի համարվում, դա բոլորովին չի նշանակում, թե նա կարող է պետական գաղտնիք բացահայտել: Պաշտպանության նախարարությունը հստակ գիտակցում է, որ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում հայկական կողմի գործողություններում եղել են մի շարք սխալներ և թերացումներ, որոնք ներկա փուլում մանրամասն վերլուծվում են։ Դրանք սխալներ ու թերացումներ են, որոնց մի մասը հայեցակարգային բնույթ է կրում, և որոնց համար հավասար չափով պատասխանատվություն է կրում նաև նախկին ԳՇ պետ Մովսես Հակոբյանը՝ առնվազն իր պաշտոնավարման ժամանակահատվածի համար։
Այդուհանդերձ, համոզված ենք, որ երկրի պաշտպանության համակարգում տարիներ շարունակ ծառայած, կարևորագույն պաշտոններ զբաղեցրած գործիչներին հարիր չէ պահի թելադրանքով, կամ այլ շահերով պայմանավորված՝ մերկապարանոց և իրականությունից կտրված մեղադրանքներ հնչեցնել մի կառույցի հասցեին, որը շարունակում է կատարել երկրի անվտանգության ապահովման կարևորագույն առաքելությունը»:
Այո, այն, որ նախկին պաշտոնյաները, երկրի ղեկավարությունը՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գաղտնիք պարունակող տեղեկություններ են հայտնել, չի նշանակում, որ մենք էլ պիտի դա անենք:
Այո, պետական գաղտնիք է Հայաստանի Հանրապետության տարածքում դաշնակից պետությունների և Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, պաշտպանության նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների կազմակերպչական կառուցվածքի, զինվածության և թվաքանակի մասին տեղեկությունները:
Բայց մենք Սուրեն Պապիկյանի ՊՆ-ից ակնկալում էինք այն պատասխանը, որը տվել է Դավիթ Տոնոյանի ղեկավարած պաշտպանական գերատեսչությունը: Այն է՝ պետական գաղտնիք չի բացահայտել, բայց չի էլ հերքել, որ պատերազմի ժամանակ արձանագրված թերությունները եղել են հայեցակարգային, որոնց համար պատասխանատվություն է կրում նաև Մովսես Հակոբյանը:
Ի դեպ, Մովսես Հակոբյանի ասուլիսյան հայտարարություններին ՊՆ արձագանքից մեկ օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանն ազատվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից:
«Իմ գործունեության որևէ ամփոփում տեղին չէ այսօր, որովհետև ակամայից այդ ամփոփումը դարձավ Արցախյան երկրորդ պատերազմը: Բավարարվա՞ծ եմ պատերազմի ընթացքում և դրա նախապատրաստական փուլում իմ աշխատանքից: Կարծում եմ՝ որոշ հայեցակարգային ուղղություններ վերանայման կարիք ունեն, որ չհասցրի իրագործել, և այս առումով ես պատրաստ եմ կրելու իմ բաժին պատասխանատվությունը: Այս պահին պաշտոնավարումս դադարեցնելը կրկնակի դժվար է, քանզի սովորություն չունեմ հեշտ ու ընդունված ճանապարհը բռնելով խուսափելու բարդ իրադրության մեջ հայտնվելուց, եթե նժարին պետությանն ու ժողովրդին ծառայել-չծառայելն է դրված: Նույն սկզբունքով եմ առաջնորդվել նաև 2018 թվականի գարնանը: Բայց ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- նշվում էր Տոնոյանի հրաժեշտ-ուղերձում:
Ինչ վերաբերում է Հորդանանից զենքի մատակարարման գործարքի չեղարկման մասին մեր հարցադրմանը, ապա անտրամաբանական է ՊՆ-ի տեղեկության տրամադրման մերժումը, այսինքն՝ ՊՆ-ն գաղտնիք է համարում մի հարց, որը բխել է իրենց իսկ կողմից մատակարարման փաստաթղթի հրապարակումից հետո:
Ի դեպ, վերադառնալով բանակի ստորաբաժանումների կառուցվածքին, թվային կարողությունների մակարդակին, Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությանը հիշեցնենք, որ պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 5-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծել էր այդ ժամանակ վերջին մեկ տարում զորացրված տղաների թիվը:
«Ես հավատում եմ, որ այսպիսի 10 հազար տղա կա այսօր ՀՀ-ում, և եթե նրանցից գոնե կեսը ներկայանա՝ այս կոչին ի պատասխան, դա կլինի մեր բանակի ամենամարտունակ հատվածներից մեկը»,- շեշտել էր Փաշինյանը:
2020-ի նոյեմբերի 12-ի իր ուղերձում էլ Փաշինյանը նշել էր, որ «ժամերի ընթացքում պետք է որոշում կայացվեր, հակառակ դեպքում կարող էր սկսվել մի պրոցես, որը կավարտվեր մեր 10 հազար, 20 հազար, 25 հազար զինվորների զոհվելով կամ գերեվարությամբ»:
Ընդ որում, նշվում էր, թե որ պաշտպանական շրջաններն իրար հետ վերցված կստացվեր այս թիվը: Սա, ըստ էության, տեղեկություն է ՊԲ-ի թվակազմի մասին:
«Շատերը, իհարկե, կարող են ասել, որ եթե արդեն կորցրել էինք Հադրութը, Շուշին, կարող էինք կորցնել նաև Ստեփանակերտը և դրանից շատ բան չէր փոխվի: Իրականությունը, սակայն, մի փոքր այլ է, որովհետև եթե կորսվեր Ստեփանակերտը, որը, ինչպես արդեն հրապարակային ելույթով հաստատեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, այդ պահին մեծ հաշվով անպաշտպան էր, դրանից հետո անխուսափելիորեն կորսվելու էին Ասկերանը, Մարտակերտը, ընդ որում՝ չափազանց կանխատեսելիորեն, որովհետև այս քաղաքները պատերազմի մեկնարկի պահին թիկունք էին, առաջնագծից բավականին հեռու և պաշտպանական կառույցներ և ամրություններ չունեին, նաև չկային մարտունակ այնքան ուժեր, որոնք իրատեսորեն կարող էին իրականացնել այս քաղաքների պաշտպանությունը: Իսկ ի՞նչ տեղի կունենար այս քաղաքների անկումից հետո.
Պաշտպանության բանակի երկրորդ, երրորդ, չորրորդ, հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ պաշտպանական շրջանները կհայտնվեին հակառակորդի շրջափակման մեջ, ինչը նշանակում է, որ մեր ավելի քան 20 հազար զինվորներ և սպաներ կհայտնվեին հակառակորդի զորքերի կողմից օղակված վիճակում՝ անխուսափելիորեն հայտնվելով զոհվելու կամ գերեվարվելու հեռանկարի առջև: Այս պայմաններում, հասկանալիորեն, անխուսափելի կլիներ նաև Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումը՝ հանգեցնելով ամբողջական աղետի»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Սրանք միայն մի քանի փաստ են Նիկոլ Փաշինյանի՝ գաղտնիք պարունակող տվյալների հրապարակման վերաբերյալ:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանն այստեղ նշում է, որ նոյեմբերի 9-ին պատերազմը կանգնեցրել են, որ փրկեն ավելի քան 20.000 զինվորի կյանք, և փորձել են խուսափել Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկումից, որը «հանգեցնելու էր ամբողջական աղետի», մինչդեռ կարճ ժամանակ անց դրանք առանց կրակոցի հանձնել է թշնամուն:
Եվ այսօր սրա հետևանքով է, որ Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը փակ է արդեն մոտ 3 շաբաթ, որում Փաշինյանն իր մեղավորությունը չի տեսնում, երբ կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրումը պայմանավորել է Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների անկման հնարավորությունից խուսափելու ցանկությամբ: