Վե՛րջ տալ ձանձրալի կլոունադային. ժամանակն է՝ հասկանալ դաշինքային քաղաքականությունը, նույնիսկ, եթե նպատակը դաշինքներից խուսափելն է
Ինքնիշխանությունն ուժային տարր է, և նա, ով կմեկնաբանի այն որպես իրավական՝ միշտ կբախվի անկայուն հետևանքների հետ։
Լյուդվիգ Ֆոն Ռոչաու,
19-րդ դարի գերմանական գործիչ
Հեռագրի հետքերով
Անաչառ փորձագետների համար միշտ դժվար է եղել մեկնաբանել երկրի գլխավոր բանակցողի մտքերը, հատկապես, երբ խոսքն արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա պատկերացումների մասին է։
Բրիտանական The Telegraph թերթի լրագրողի հետ իր հարցազրույցը հերթական անգամ վկայեց, որ անգամ Հայաստանի ճակատագրական կորուստները որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել իր հայացքների վրա։ Անզուսպ շատախոսություն, տերմինների շփոթ և տավտոլոգիա, անտեղի քարոզչություն, բարոյախոսություն և նրբանկատության բացակայություն (այլ կերպ ինչպե՞ս որակել բրիտանացի լրագրողին ուղղված իր հարցը թե «Դուք ո՞ր երկրից եք»)։ Մտածողության և հռետորաբանության նման համադրությունը դժվարացնում և իմաստազրկում է նրա ելույթների փորձագիտական վերլուծությունը։ Սակայն նշված զրույցի առարկայի լրջությունն ինձ ստիպեց անդրադարձ կատարել արտահայտված որոշ մտքերին։
Կերպարանափոխություն
Շատ է խոսվում, որ մեր հանրությունը հայտնվել է ստի և ինվերսիաների աշխարհում, ուր տիրում են քաղաքական ու գաղափարական մանիպուլյացիաները։ Սակայն օրվա զրուցակցի պնդումը, որ «վերջին տարիներին, կարծում եմ՝ միջազգային հանրությունը տեսավ և մեր հանրությունն էլ տեսավ, որ մեր երկրի դիմակայունությունն էականորեն բարձրացել է», սուտ չէր. դա արդեն ծաղր էր։ Երբ որևէ մեկը ստում է, ապա նա, պայմանական ասած, ճշմարտությունից շեղվում է 90 աստիճանով։ Բայց օրվա հերոսի նշված գնահատականի պարագայում բանականությամբ օժտված ցանկացած մեկի համար ակնհայտ է, որ իրականությունը ճիշտ հակառակն է։
Հետևաբար՝ սա սուտ չէ, սա բացահայտ ծաղր է։ Հակառակ դեպքում, ինչպե՞ս կարելի է շարունակական ռազմական և դիվանագիտական կործանարար պարտություններից հետո՝ երբ կորսված է Արցախը, երբ երկրի ռազմավարական դիրքերը գտնվում են թշնամու հսկողության տակ, երբ երկիրը կանգնած է ադրբեջանական հերթական ագրեսիայի իրական սպառնալիքի առջև, երբ հայ-ադրբեջանական սահմանին շարունակում են զոհվել հայ զինծառայողներ, խոսել «երկրի դիմակայունության էականորեն բարձրացման» մասին։
Ծաղր չէ՞ արդյոք երկրի տարածքային ամբողջականությունը պայմանավորել Ալմա Աթայի հռչակագրի ամորձատմամբ և պնդել, որ «քանի դեռ Ադրբեջանը չի հայտարարել, մասնավորապես, Սոչիի և Պրահայի հայտարարություններից իր ստորագրությունը հետ վերցնելու մասին, ուրեմն շատ հստակ է, որ Հայաստանը և Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունները ճանաչում են 1991թ. Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, և ցանկացած հայտարարություն, որը հակասում է այս տրամաբանությանը, ինքն ապօրինի է»:
Աստվածայինի և երկրայինի միջև
Երկրի գլխավոր բանակցողը շատ հաճախ է հիշատակում Աստծուն և վկայակոչումներ կատարում Սուրբ գրքին։ Որպես մահկանացու՝ ես չէ, որ կարող եմ գնահատել նրա հավատն առ Աստված: Բայց այնպիսի աշխարհիկ գործում, ինչպիսին է արտաքին քաղաքականությունը, ուղղորդվել բարոյականությամբ կամ բարեպաշտությամբ՝ ոչ միայն տեղին չէ, այլ, ինչպես վկայում է մեր իսկ ժողովրդի ողբերգական պատմությունը, չափազանց վտանգավոր է։ Ազգային պետությունների ձևավորումից ի վեր երկրների իմաստուն ղեկավարները միջպետական հարաբերություններում առաջնորդվում են ոչ թե բարոյականությամբ և բարեպաշտությամբ, այլ նախևառաջ աշխարհաքաղաքական իրողություններով և ազգային շահերի սթափ հաշվարկով։
Միայն Սրբերին է տրված իրականացնել իրենց առաքելությունը սեփական շարժառիթների անարատության շնորհիվ: Այս գիտակցությամբ են միջազգային հարաբերությունների ուսումնասիրության հիմքում դրված Մաքիավելիի գաղափարները։ Սակայն անժխտելի է, որ երկրների ճշմարիտ առաջնորդներն իրենց ժողովուրդների հետ հարաբերություններում առաջնորդվում են առաքինությամբ։
Մեզ և ձեզ բարի ավետիս
Մինչ բրիտանացի լրագրողը խաչաձև հարցերով փորձում էր հասկանալ Հայաստանի անվտանգային քաղաքականության տարրերը, նրա զրուցակիցը ձանձրալի «բացատրություններից» և անտեղի հղումներից հետո ավետեց, որ Հայաստանը չի հանդիսանում միջուկային տերությունների թիրախ։
Որևէ կերպ չցանկանալով խաթարել նրա համախոհների և հետևորդների անխռով անդորրը, տեղեկացնեմ, որ հեղինակավոր Միջազգային ճգնաժամային խմբի (International Crisis Group) գնահատմամբ՝ 2024-ին աշխարհի 10 առավել վտանգավոր հակամարտությունների ցանկում է նաև հայ-ադրբեջանական ռազմական առճակատումը:
Գնահատելով կառավարության «ջանքերը»՝ ուղղված միջուկային սպառնալիքի վերացմանը, կոչ եմ անում երկրիս կառավարիչներին նախևառաջ ապահովել Հայաստանի անվտանգությունը ոչ հիպոթետիկ հակառակորդի սովորական զենքերից բխող էքզիստենցիալ սպառնալիքներից։
Հերթական իմիտացիան
Խոսելով անվտանգության դիվերսիֆիկացման մասին, գլխավոր բանակցողը թվարկում է երկրներ, որոնց հետ հաստատվել է ռազմատեխնիկական համագործակցություն։
Անհամեստորեն ասեմ. նախաձեռնելով դեռ 2017թ. Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական գործընկերությունը, ես հստակ պատկերացնում եմ այս բարեկամ երկրի պարտավորությունների շրջանակը Հայաստանի հանդեպ։ Չթերագնահատելով Նյու Դելիից ժամանակ առ ժամանակ հնչող հայամետ հայտարարությունները, ակնհայտ է, որ դրանք գործնականում բավարար չեն սանձելու մեր հակառակորդի ոտնձգությունները։
Եվ դա պատահական չէ. զենքի առևտրի պարագայում գործում է «օnly business, nothing personal» հայտնի սկզբունքը։ Պարզունակ ճշմարտություն է՝ ռազմատեխնիկական համագործակցությունը չի ենթադրում զենք և զինամթերք վաճառող երկրի կողմից գնորդի հանդեպ ագրեսիայի դեպքում արդյունավետ ռազմաքաղաքական օգնության տրամադրման պարտավորություն։ Այդ նպատակով կնքվում են ոչ միայն առքուվաճառքի, այլև երկկողմ և բազմակողմ դաշինքային պայմանագրեր։
Թեև, ինչպես ցույց տվեց մեր իրականությունը, անգամ դրանց առկայությունը չապահովեց ֆորմալ համաձայնագրերի ավտոմատ կիրառումը, և, չփորձելով անաչառ վերլուծել ստեղծված իրավիճակը, ցավոք, ազգովի շտապեցինք մեղադրել Ռուսաստանի Դաշնությանը և ՀԱՊԿ-ին։ Չեմ ցանկանա, որ այն, ինչ շարադրելու եմ, մեկնաբանվի՝ որպես նրանց քաղաքականության արդարացում։ Դա ընդամենը փորձ է՝ իրավիճակը դիտարկել ռազմաքաղաքական դաշինքների տեսության հայտնի սկզբունքների համատեքստում, ինչպես նաև մեր դաշնակիցների աչքերով՝ ճիշտ այնպես, ինչպես պահանջում է սթափ քաղաքականությունը:
Միջազգային անվտանգությունը չի բխում փոխըմբռնումներից և համաձայնություններից: Այն, նախևառաջ, հետևանք է պետությունների միջև ուժային հարաբերակցության։
Հակամարտություններում ներքաշված փոքր երկրների անվտանգությունը պահանջում է առավել կշռադատված մոտեցում՝ պայմանավորված նրանց ակնհայտ խոցելիությամբ և այնպիսի սահմանափակումներով, ինչպիսիք են՝ փոքր տնտեսությունը և սեփական ռազմական ներուժի անխուսափելի սահմանափակ հնարավորությունները։
Հայաստանի՝ որպես դեպի ծով ելք չունեցող երկրի պարագայում, իրավիճակը չափազանց բարդ է նաև անբարենպաստ աշխարհագրական դիրքով:
Փոքր երկրների անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովումը պարտադիր ենթադրում է.
- Անդամակցություն ռազմաքաղաքական դաշինքին. խոցելի փոքր երկրներն իրենց անվտանգության երաշխիքները շատ հաճախ ստիպված են ապահովել հզոր տերությունների կամ տարածաշրջանային կոլեկտիվ անվտանգության համակարգերի հաշվին:
- Խոշոր տերությունների հետ երկկողմանի պաշտպանական համաձայնագրերի կնքում՝ անվտանգության երաշխիքների և ռազմական օգնություն փոխադարձ պարտավորությունների հնարավորինս մանրամասն ձևակերպմամբ:
- Խոշոր տերությունների և հարևան երկրների հետ դիվանագիտական հարաբերությունների այնպիսի զարգացում, որը հակամարտության դեպքում կապահովի նրանց աջակցությունը կամ առնվազն չեզոքությունը:
- Այնպիսի արտաքին քաղաքականության իրականացում, որը կբացառի խոշոր տերությունների ռազմավարական պայքարին ներքաշվելը: Տնտեսական անվտանգության ամրապնդման և քաղաքական աջակցության ապահովման նպատակով մասնակցություն տնտեսական դաշինքներին: Տնտեսական ԴԱՇԻՆՔԻ անդամակցությունն օրգանապես կապված է ռազմաքաղաքական դաշինքի ընտրությամբ։
Սա նշանակում է, որ ներկա պայմաններում Հայաստանը չունի լուրջ նախադրյալ՝ իրականացնելու «և-և»-ի ռազմավարություն, և եթե ցանկանում ենք խուսափել հետագա անդառնալի կորուստներից, ապա ստիպված ենք բավարարվել «կամ-կամ» հայեցակարգով։
Այլ կերպ ասած, ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում Հայաստանին հազիվ թե հաջողվի միաժամանակ շարժվել երկու հակադիր վեկտորներով, որոնցից մեկը՝ տնտեսականը, զգալիորեն ուղղված է դեպի Ռուսաստան, իսկ մյուսը, ռազմաքաղաքականը՝ դեպի Արևմուտք։
Ռազմաքաղաքական դաշինքների ընտրությունը, նախևառաջ, պայմանավորված է այլընտրանքի առկայությամբ։ Անվտանգային դիվերսիֆիկացման մասին, այն էլ՝ կառավարության ղեկավարի մակարդակով, տեղին է խոսել միմիայն այն դեպքում, երբ ձևակերպված և երաշխավորված է ավելի վստահելի այլընտրանքը։
Պարտավորություն և կարգապահություն
Միջազգային պրակտիկան վկայում է, որ ռազմավարական նպատակների ներդաշնակեցումը և դրանից բխող դաշինքային հարաբերությունների զարգացումն ինքնակարգավորվող գործընթաց չէ. այն պահանջում է ակտիվ և խորաթափանց համագործակցություն։
Ռազմաքաղաքական դաշինքների գործունեության կարևորագույն նախապայմանը բոլոր մակարդակներով քաղաքական ու դիվանագիտական հաղորդակցության շարունակական և արդյունավետ իրականացումն է։ Դա թույլ է տալիս դաշնակիցներին ժամանակին ճանաչել ընդհանուր շահերն ու անհամապատասխանությունները և, ըստ այդմ, հնարավորինս համադրել քաղաքականությունը: Թե՛ ՀԱՊԿ-ի, և թե՛ հայ-ռուսական փոխգործակցության երկկողմ մեխանիզմների շրջանակներում այս հիմնարար նախապայմանն արդեն իսկ խախտվել էր դեռ երկրորդ ղարաբաղյան պատերազմից առաջ։ Խուսափողական մեկնաբանության փոխարեն, թե «այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք», նպատակահարմար չէ՞ արդյոք դադարեցնել պալատական «փորձագետների» կողմից ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի դեմ ուղղված անպտուղ քարոզչությունը և դրա փոխարեն նախաձեռնել լիարժեք խորհրդակցություններ՝ ինչպես Ռուսաստանի Դաշնության, այնպես էլ՝ ՀԱՊԿ-ի այլ անդամների հետ։
Անվտանգային լանդշաֆտի փոփոխության և ուժի վերաբաշխման պայմաններում դաշնակիցների միջև կանոնավոր քննարկումները մեզ թույլ կտային ժամանակին ձերբազատվել պատրանքներից և իրատեսորեն գնահատելով անվտանգային համագործակցության ներուժը, իրականացնել իրատեսական արտաքին քաղաքականություն։
Անտեսելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական դինամիկ վերադասավորումները և փոխկապակցվածությունը, Հայաստանը հայտնվեց ներկայիս ծանր վիճակում։
Ավելին. շարունակաբար և անտեղի հակադրելով ռազմավարությունը և գաղափարախոսությունը՝ ներկայիս վարչակազմն անտեսեց պատմության կարևոր դասը՝ հասարակությունները կարող են առաջնորդվել իրենց գաղափարական նախասիրություններով միայն այն դեպքում, երբ ապահովված է իրենց անվտանգությունը:
Դաշինքային կարգապահությունը պայմանավորված է նաև մեկ այլ կարևորագույն հանգամանքով։
Եթե դաշինքի անդամների պատկերացումները սպառնալիքների վերաբերյալ տարբերվում են, ապա դա բացասաբար է անդրադառնում կոլեկտիվ անվտանգության անդամ երկրների միասնության ու համախմբվածության վրա:
Եթե նույնիսկ սպառնալիքների տարբեր ընկալումները չեն մասնատում դաշինքը, ապա առնվազն խոչընդոտում են համագործակցությունը, հատկապես, եթե անդամները համարում են, որ իրենց մտահոգությունները պատշաճ կերպով չեն ընկալվում դաշնակիցների կողմից։ Արդյո՞ք սա չի հիշեցնում Հայաստանի ներկա դրությունը ՀԱՊԿ-ում։
Միևնույն ժամանակ ակնհայտ է, որ դաշինքի անդամները, հատկապես՝ փոքր երկրները, չեն կարող ցանկացած ագրեսիայի դեպքում ապավինել հավաքական անվտանգության համակարգի անվերապահ օգնությանը։
Համակարգի մասնակիցները, հատկապես՝ մեծ տերությունները, կարող են անխոհեմ գտնել հավաքական ներուժի գործադրումն իրենց «փոքր» դաշնակիցների դեմ ուղղված որոշ սպառնալիքների պարագայում։
Այսպես, ՀԱՊԿ-ը նման տրամաբանությամբ է ուղղորդվել ոչ միայն հայ-ադրբեջանական հակամարտության ընթացքում, այլև 2010թ. ամռանը Ղրղըզստանում բռնկված ղրղըզ–ուզբեկական բախումների ժամանակ, երբ երկրի նախկին նախագահը պաշտոնապես դիմեց կազմակերպությանը ռազմական օժանդակության համար և ստացավ մերժում։
Նման զգուշավորությունն անհիմն չէ. հայտնի է, որ պատերազմները տարածվում են դաշինքների միջոցով, և դաշինքներն են, որ փոքր պատերազմները վերածում են մեծ պատերազմի։
Մեկ հանգամանք ևս։ Ռազմական դաշինքների քաղաքականության համատեքստում չափազանց ակտուալ է նաև «բարոյական վտանգի» դրսևորումը: Այն գոյանում է, երբ դաշինքի որևէ անդամ դրսևորում է չափից դուրս ռիսկային վարքագիծ՝ ենթադրելով, որ դրա բոլոր հետևանքները լիովին ապահովագրված են դաշինքի կողմից: Չի բացառվում, որ դաշինքի կամ հզոր դաշնակցի կողմից տրամադրված անվտանգության երաշխիքները «կխրախուսեն» փոքր երկրի ավելի ռիսկային վարքագիծ, քան այն կդրսևորեր միայնակ գործելու պարագայում: Տրամաբանությունը շատ պարզ է. ունենալով «տանիք», թույլն իրեն զգում է անպատիժ՝ ենթադրելով, որ իր թիմակիցները պարտավորված են պաշտպանելու իրեն՝ անգամ, եթե իր գործունեությունը կամ անգործությունը հղի են վտանգավոր հակադրությամբ օտարի հետ:
Վերոնշյալ հանգամանքներով պայմանավորված՝ կոլեկտիվ անվտանգության համակարգերի մասնակիցները, հատկապես՝ մեծ տերությունները, առավել քան հակված են ներդնել իրենց քաղաքական հեղինակությունը և դիվանագիտական ջանքը և ոչ թե՝ ռազմական ներուժը։ Սա այն է, ինչ անհաջող փորձում էր անել Ռուսաստանի Դաշնությունը հայ-ադրբեջանական հակամարտության վերջին տարիներին։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ դիրքորոշմանը, ապա կազմակերպության կանոնադրության 12-րդ կետը, որի համաձայն՝ կազմակերպության կարևորագույն որոշումները կայացվում են կոնսենսուսով, արդեն իսկ բացառում էր մեզ համար բարենպաստ որոշման ընդունումն այն պարզ պատճառով, որ ՀԱՊԿ անդամների մեծամասնությունն ավելի սերտ էթնիկ-դավանանքային, տնտեսական և քաղաքական կապեր էին հաստատել Ադրբեջանի հետ, քան դա հաջողվել էր Հայաստանին:
Ամփոփեմ միտքս. անհրաժեշտ է վերջ տալ ձանձրալի կլոունադային և դրա փոխարեն լիարժեք օգտվել Հայաստանի ֆորմալ դաշնակիցների հետ երկկողմանի և բազմակողմանի բովանդակային խորհրդատվությունների գործիքակազմից։ Սրա կարիքն ամենից շատ ունի հենց Հայաստանը։
Պղծո՞ւմ, թե՞ էվոլյուցիա
2020թ. 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանն այնքան թուլացավ, որ շատերը խոսեցին հայկական պետականության կորստի վտանգի մասին։ Սա սին շահարկում է. 21-րդ դարում երկրների մահացության մակարդակը զրոյական է։ Այլ հարց է, թե ինչ վիճակում և ինչպես մեզ կհաջողվի դուրս գալ այս մղձավանջից։
Փաստացի զրկված լինելով գործելու ազատությունից, մենք պարտավոր ենք առաջնորդվել բացառապես անհրաժեշտությամբ։
Ռադիկալ մի միտք հայտնեմ. իրավիճակը, ի վերջո, կարող է ստիպել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ապահովման նպատակով էլ ավելի սահմանափակել ինքնիշխանությունը: Շատերը կհարցնեն՝ ինչո՞ւ էլ ավելի։
Պատասխանեմ. անդամակցելով միջազգային կազմակերպություններին և միանալով տարբեր բնույթի միջազգային կոնվենցիաներին, մենք արդեն իսկ սահմանափակել ենք մեր ինքնիշխանությունը։ Այսպես. անդամակցելով, օրինակ, Եվրասիական տնտեսական միությանը, մենք փաստացի զրկվել ենք ինքնուրույն արտաքին տնտեսական քաղաքականության իրականացման լծակներից։
Միանալով համապատասխան միջազգային կոնվենցիաներին, մենք արդեն իսկ սահմանափակել ենք մեր իրավական ինքնիշխանությունը։ Միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների արդյունքն է, որ Հայաստանում արգելված է մահապատիժը և քրեորեն չեն հետապնդվում սեռական փոքրամասնությունները։ Ցանկը կարելի է անվերջ շարունակել։
Հետևաբար, դեմագոգիկ և պոպուլիստական են պարզամիտ պնդումները Հայաստանի Հանրապետության լիակատար սուվերենության մասին։
Առհասարակ, արդի միջազգային հարաբերություններում վերջինս չափազանց դեֆիցիտ ապրանք է. այն փոխարինվել է պետությունների միջև դինամիկ կերպով փոխանակվող իրավունքների և փոխադարձ պարտավորությունների համադրմամբ: Միջազգային անվտանգության և տնտեսության տիրույթներում պետությունները կամովին զիջում են իրենց ինքնիշխանության մի մասը և պատվիրակում որոշ լիազորություններ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերում: Այս պատճառով է, որ սուվերենության և անվտանգության միջև կոմպրոմիսը պարտադիր նորմ է ռազմաքաղաքական և տնտեսական դաշինքների արդյունավետ գործունեության համար։
Ի հակառակ դրան՝ «լիարժեք ինքնիշխանություն» կամ՝ «ինքնիշխանության ոտնահարում», «ինքնավարություն» կամ՝ «հիերարխիա» բինար մտածելակերպն անկառավարելի ռիսկերի կարող է ենթարկել ազգերի անվտանգությունը և բարեկեցությունը:
Ինչպես նշեցի, ինքնուրույն անվտանգային քաղաքականություն վարելու հնարավորություններից զրկված են հատկապես փոքր և թույլ պետությունները:
Ուստի, նրանք ստիպված են կամ տեղի տալ իրենցից ուժեղ հակառակորդի պահանջներին, կամ միանալ երրորդ կողմին, որը բավական հզոր է և շահագրգռված զսպելու իր դաշնակցի հակառակորդին: Երկու դեպքում էլ առկա են հնազանդության և հպատակության տարրեր։ Այնուամենայնիվ՝ ինքնիշխանության որոշ բաղադրիչների գիտակցված պատվիրակումը և փոխանակումն անվտանգության և տարածքային ամբողջականության պահպանման դիմաց, բոլոր ժամանակներում և բոլոր խոհեմ ազգերի համար եղել է առավել նախընտրելի լուծում։
Վերջաբանի փոխարեն
Դատելով ներկա իշխանության խոսույթից և մյունխենյան վերջին հանդիպումների արձագանքներից, չի բացառվում, որ նորովի «մեկնաբանելով» երկրի տարածքային ամբողջականությունը, նախընտրությունը կտրվի «լիարժեք սուվերենությանը»։ Առավել ևս, որ ոչ մի կերպ չի հաջողվում ստանալ Հայաստանի «կադաստրի թուղթը»։
ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)
ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-99թթ.)
Արտակարգ և լիազոր դեսպան