
Զարմանում եմ՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից հետո դատի չեն տալիս նրան․ Լարիսա Ալավերդյան

«Բազմիցս եմ ասել, որ չեմ սիրում մեկնաբանել սուտասանի խոսքերն ու սադրիչ արտահայտությունները»,- ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն այսպես է արձագանքում Արցախի ու արցախահայության վերադարձի էջը փակելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, բայցև վստահեցնում է՝ այլ իշխանության, լրջագույն ջանքերի պարագայում ոչ միայն կվերադարձվի հայկական բնօրրանում հայի ապրելու իրավունքը, այլև պատմական հայրենիքը։
Լարիսա Ալավերդյանը զարմանքով արձանագրում է, թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի՝ «հեղափոխություն անելու» հայտարարություններից հետո դատի չեն տալիս նրան։
««Հեղափոխությունը» ոչ սահմանադրական նորմերով իշխանություն զավթելն է։ Փաստորեն, նա իշխանությունը բռնի զավթելու կոչ է անում, ընդ որում՝ ինքը հրաշալի գիտի, որ այն, ինչ իրենք կոչում են «հեղափոխություն, եղել է «հանցավոր պայմանավորվածության» հետևանքով։
Բայց մենք տեսել ենք նաև, թե ինչպես է նա վերաբերվել հունիսի 12-ին՝ ոչ թե հեղափոխություն անելու միտումով գնացած ժողովրդին, այլ հենց բողոքի ցույցի նպատակով գնացած ցուցարարներին։
Ես կարծում եմ՝ հապաղում են, որ այդպիսի գործ հարուցվի քաղաքացի Փաշինյան Նիկոլի դեմ»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց իրավապաշտպանը։
Հիշեցնենք՝ օրերս վաշինգտոնյան խաղաղության գործընթացի մասին իր պարզաբանում-ուղերձում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր քննադատություններին, որոնք պնդում էին՝ նախաստորագրված համաձայնագրով, փաստացի, փակվում է Արցախի էջը, և հիշեցրել․
«Ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ այս՝ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել։
Ժողովուրդը, այսինքն՝ դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու՝ խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն իրոք որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։
Արցախցիների վերադարձի անիրատեսականության մասին փաշինյանական դիտարկումներին արձագանքելով՝ Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ այս հարցում Փաշինյանը թերևս «անկեղծ» է այն առումով, որ նրա իշխանության պարագայում դա հնարավոր չէ։
«Ես միշտ ստիպված եմ լինում թարգմանել նրա հայտարարությունները,- հավելեց նա՝ մանրամասնելով,- Հայաստանը զավթված է ներսից 2018 թ․-ից, և մինչև հիմա, այո՛, այս իշխանությունն է ղեկին, դա իրատեսական չէ։ Ավելին՝ ես համոզված եմ, որ բացի առերևույթ գործողությունները, կա նաև կուլիսներում գործընթաց, ու թերևս այն, ինչ կախված է այս իշխանություններից, ամեն ինչ արվում է, որ Արցախի հարցը փակվի»։
Ինչ վերաբերում է առհասարակ արցախահայության հավաքական վերադարձի հնարավորությանը, ապա իրավապաշտպանը հիշեցնում է միջազգային իրավունքն ու նախադեպերը։
«Նախ և առաջ միջազգային իրավունքը և հարաբերություններն ունեն կոլեկտիվ վերադարձման օրինակներ։ 2-րդ-ը՝ ընդհանրապես վերադարձը ինձ համար, որպես այդպիսին, ոչ այդքան մեծ խնդիր է, որովհետև խոսքը գնում է այն մասին, որ ոչ միայն ուղղակի մի խումբ մարդիկ դուրս են մղվել և հայրենազրկվել են․ խոսքն այն մասին է, որ գոյություն ունեցող, թող չճանաչված, բայց պետական միավոր ամբողջովին ոչնչացվել է:
Ու ոչ միայն արցախցիների վերադարձի համար պիտի պայքարենք, այլև Արցախը արցախցիներին, հայությանը վերադարձնելու պայքար պիտի լինի։ Եվ Իսրայելի օրինակը ցույց է տալիս, որ պայքարի դադարումը կապիտուլյացիա է, հանձնում է, իսկ պայքարի շարունակությունը՝ կյանքը իմաստավորող վիճակ։
Եթե մենք կարողանանք հետևողական լինել և պայքարել, որովհետև գիտենք՝ դա է միակ ճշմարտությունը, ապա, այո՛, Արցախը վերադարձվելու է հայությանը»,- ամփոփեց Լարիսա Ալավերդյանը։