
ՀՀ-ում Չինաստանի դեսպանը հյուրընկալվել է Հակակոռուպցիոն կոմիտեում

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյնի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Կոմիտեի նախագահը դեսպանին ներկայացրել է իր ղեկավարած հակակոռուպցիոն մարմնի գործառույթներն ու առաջնահերթությունները՝ նշելով, որ կառույցի կողմից արվում է հնարավոր ամեն ինչ հակակոռուպցիոն արդյունավետ պայքար տանելու ուղղությամբ։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիայի դեմ պայքարում արդի տեխնոլոգիաների և մեթոդների ներդրման կարևորությանը: Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը համոզմունք է հայտնել, որ չինացի գործընկերների հետ համագործակցային կապերի հաստատումն ու փորձի փոխանակումը դրականորեն կանդրադառնան երկու երկրների իրավապահ մարմինների աշխատանքների վրա՝ նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ 2018 թվականից Չինաստանում նույնպես գործում է կոռուպցիայի դեմ պայքարում մասնագիտացած, համանման գործառույթներ իրականացնող մարմին՝ Ազգային վերահսկիչ հանձնաժողովը:
Անդրադառնալով Չինաստանի ղեկավարության կողմից կոռուպցիայի դեմ տարվող պայքարին՝ դեսպան Լի Սինվեյնը նշել է, որ դա այն գլխավոր գործոնն է, որը նպաստել է երկրի արագ զարգացմանն ու կառավարության նկատմամբ ժողովրդի վստահության ձևավորմանը: Ըստ դեսպանի՝ երկիրը չի կարող զարգանալ, եթե կոռուպցիայի դեմ անհրաժեշտ պայքար չի տարվում: Դեսպանը նաև հավելեց, որ Չինաստանը մեծ նշանակություն է տալիս փողերի լվացման դեմ պայքարին:
Արթուր Նահապետյանը, կառույցի գործունեության առաջնահերթությունների շարքում առանձնացրել է նաև Կոմիտեի ծառայողների կարողությունների զարգացումը։ Կողմերը պայմանավորվել են խորացնել համագործակցային կապերն ու արդյունավետ աշխատանքներ տանել փորձի փոխանակման, վերապատրաստման դասընթացների կազմակերպման և մի շարք այլ ծրագրերի իրագործման ուղղությամբ։