Բաժիններ՝

ԵԱՏՄ-ում զարգանում է երրորդ երկրների հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման իրավական բազան

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և երրորդ երկրների միջև փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման իրավական հիմքերի զարգացումը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։

Այս մասին Մինսկում անցկացված «Հավատարմագրման նոր հորիզոնները ժամանակակից մարտահրավերների պայմաններում» միջազգային համաժողովի ընթացքում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության փոխտնօրեն Մաքսիմ Կիմը։

Նրա խոսքով՝ տեխնիկական արգելքների վերացման հարցերի առարկայական քննարկումները սկսվել էին դեռևս ԵԱՏՄ մասին պայմանագրի նախապատրաստման փուլում, մասնավորապես՝ 2021 թվականին անդամ պետությունները ստորագրել են Երրորդ երկրների հետ փոխադարձ առևտրում տեխնիկական արգելքների վերացման կարգի և պայմանների մասին համաձայնագիրը։

Համաձայնագրի հիմքում դրված է ԵԱՏՄ և երրորդ երկրի պարտավորությունների իրավահավասարության սկզբունքը, որը հանգեցնում է տեխնիկական արգելքների վերացմանը։ Գործնական պայմանավորվածությունների իրականացումն ապահովվելու է ԵԱՏՄ-ի և նրա հինգ անդամ պետությունների միջազգային պայմանագրերի ձևաչափով։

Մաքսիմ Կիմը հիշեցրել է նաև, որ 2018 թվականին ընդունված «Երրորդ պետությունների, միջազգային կազմակերպությունների կամ միջազգային ինտեգրացիոն միավորումների հետ Միության միջազգային պայմանագրերի մասին» համաձայնագիրը նախատեսում է միջազգային պայմանագրերի կնքման տնտեսական նպատակահարմարության գնահատում։

«Միջազգային պայմանագիր կնքելու տնտեսական նպատակահարմարության գնահատման անհրաժեշտության մեջ է թաքնված հիմնական դժվարությունը՝ այնպիսի արտադրանքի ցանկի որոշումը, որի վրա տարածվելու են կոնկրետ երրորդ երկրի հետ առևտրում տեխնիկական արգելքների վերացման մասին ապագա պայմանավորվածությունները», – ընդգծել է նա։

Ըստ ԵՏՀ ներկայացուցչի՝ հետագա քննարկումների առարկա կարող են դառնալ պարտադիր պահանջների համադրելիության որոշման ընթացակարգերը, համապատասխանության գնահատման արդյունքների փոխադարձ ճանաչման աշխատանքներին մասնակցող մարմինների նշանակման կարգը, ինչպես նաև ԵԱՏՄ պետություններում շրջանառության մեջ դրվող արտադրանքի անվտանգության վերահսկողության ապահովումը՝ օտարերկրյա մարմիններում ստացված գնահատման արդյունքների ճանաչման հիման վրա։

«Հույս ունեմ, որ անդամ պետությունների, երրորդ երկրների փորձագետների, Հանձնաժողովի, բոլոր շահագրգիռ մարմինների և գործարար համայնքի ներկայացուցիչների համատեղ աշխատանքը կարող է լուծել այս հարցերը և կնպաստի երրորդ երկրների հետ ԵԱՏՄ առևտրատնտեսական շփումների ընդլայնմանը», – նշել է Կիմը։

Համաժողովի շրջանակում ԵՏՀ ներկայացուցիչը մի շարք հանդիպումներ է ունեցել Բելառուսի արդյունաբերության նախարարության, Ստանդարտացման պետական կոմիտեի և Բելառուսի ստանդարտացման և հավաստագրման պետական ինստիտուտի ներկայացուցիչների հետ։

Քննարկվել են համագործակցության հնարավորությունները Բելառուսի էլեկտրոնային անձնագրերի համակարգերի ազգային օպերատորի և «Էլեկտրոնային անձնագիր» ԲԸ-ի միջև, ինչպես նաև փոխադրամիջոցի տեսակի հավանությունների և փոխադրամիջոցի կառուցվածքի անվտանգության վկայականների միասնական գրանցամատյանի ձևավորման ու վարման հարցերը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս