Պատրանքներից` աղետներ. վհատված նախարարի անփառունակ ժառանգությունը

Ս.թ. հունվարի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տարեվերջյան ասուլիսի հաղորդման կառուցվածքն արդեն իսկ հիասթափեցնող էր։ Թեև հեղափոխությունները պարտադիր ենթադրում են խզում անցյալի հետ, առավել ևս՝ սպառած ավանդույթներից, նախարարը նախընտրել էր հնամաշ և տաղտուկ ձևաչափը միայն մեկ նպատակով, որպեսզի թվարկի իր և երկրի գլխավոր բանակցողի այցելությունների, հանդիպումների ու ելույթների քանակն ու աշխարհագրությունը։ Միայն թե մոռացավ հայտնել նախարարության գրագրության ընդհանուր ծավալը և ցուցադրել տարվա լուսանկարչական ալբոմը այնպես, ինչպես որ նա արեց ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անպտուղ նիստում:

Զարհուրելի էր բանախոսի «ամփոփիչ ներածական խոսքը»։ Հայ-ադրբեջանական «հարաբերություններին» վերաբերող առաջին իսկ նախադասությունն ակնառու ցուցադրեց, որ ԼՂ հայաթափումը, երկրիս կառավարիչների հաշվարկներով, պետք է հանգուցալուծեր հիմնախնդիրը և բարեկամություն հաստատեր մեր թյուրքախոս հարևանների հետ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ազգային աղետից հետո ավետել, որ «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել  Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը»։  

Անդրադառնալով հայրենակորուստ արցախցիներին, նա նշեց, որ «Հայաստանի դիվանագիտական ծառայության ջանքերն ուղղված են եղել փախստականների կարիքները հոգալուն»։ Երբ միջազգային փորձագիտական ​​հանրությունը քննարկում է արցախահայերի՝ իրենց պատմական բնակության վայրեր վերադառնալու իրավունքը, հայկական դիվանագիտության ղեկավարը չի բարեհաճում գոնե մեկ մետամորֆիկ հղում անել միջազգային հումանիտար իրավունքով սահմանված այդ հիմնարար սկզբունքին։

Հիշատակելով խաղաղության պայմանագրի երրորդ, թերևս, էական սկզբունքը, որը վերաբերում է տարածաշրջանային ենթակառուցվածքներին, նախարարը նշում է.

Կարդացեք նաև

«Սա ևս, մեծ հաշվով, մի բան է, որի շուրջ մենք բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել նաև ադրբեջանական կողմի հետ և ունենք, ըստ էության, փոխըմբռնում և փոխհամաձայնություն, բայց նորից անդրադառնալով վերջին հայտնի հարցազրույցին, ուզում եմ ասել, որ այստեղ ևս տեսնում ենք հետընթաց ադրբեջանական կողմից». դիվանագիտության մեջ չլսված խոհեմության ինչպիսի՜ դրսևորում: Ագրեսոր երկիրը չի դադարում իր ոտնձգությունները, իսկ մեր արտաքին քաղաքականության գերատեսչության պետը դա որակում է՝ ընդամենը որպես հետընթաց։ Արդյո՞ք կգնահատվի սա Բաքվում։

Այս անբովանդակ միջոցառմանը խոսելով Ալմա Աթայի հռչակագրի մասին,  նախարարը նշեց. «Կհիշեք երևի, Ալմա Աթայի հռչակագրով Խորհրդային Միության նախկին 12 հանրապետությունները, ի թիվս այլ հարցերի, պայմանավորվել են, ընդունել են, և հետագայում որևէ մեկը վերապահում չի հայտնել այս մասին, որ նախկին Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների միջև ադմինիստրատիվ, վարչական սահմաններն այդ հռչակագրի ընդունմամբ հետայսու ճանաչվում են բոլորի կողմից իբրև նորանկախ պետությունների միջև միջպետական սահմաններ»:

Անխոնջ կրկնելով ակնհայտ սուտը՝ նա փորձում է արդարացնել իր սեփական մեղքը։ Մինչդեռ, որպես 1990-95թթ. ՀՀ Գերագույն Խորհրդի ժողովրդական պատգամավոր, հավաստում եմ, որ մասնակցել եմ օրենսդիր մարմնի այն նիստին, որը թեժ բանավեճի արդյունքում, հաղթահարելով ներքին և արտաքին ճնշումները, ընդունել էր համապատասխան վերապահումներ հիշատակված հռչակագրի կապակցությամբ։

Խոսելով իր իսկ ձևակերպմամբ՝ այդ «բավականին առանցքային համաձայնության» մասին, շիտակ կլիներ, եթե նույն այդ նախարարը, որպես «փաստարկ», նշեր միայն իր իսկ քաղաքական թիմի հեղինակած այն տխրահռչակ նախաձեռնությունը, որը հրամցվել և վերահաստատել է «2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում և արդեն հետագա նաև մի շարք հանդիպումների ընթացքում»։

Եվ, ի վերջո, հայ-ադրբեջանական սահմանի մասին։ Նա հայտարարում է.

«Ցանկանում եմ ընդգծել, որ նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի»։ 

Սա ի՞նչ է. տգիտությո՞ւն, թե՞ հնավանդ դեմագոգիա։ Սահմանները ոչ ոք չի գծում. դրանք հաստատվում են բարի կամքով կամ պարտադրվում ուժով։ Չեմ զարմանա,  եթե շատ շուտով ականատես դառնանք դեռևս ազգիս անունից որոշումներ ընդունողների «բարի» կամքի դրսևորմանը՝ այս անգամ արդեն սահմանների հարցում անդարձ զիջումների տեսքով՝ առավելևս, որ օրվա բանախոսի իսկ պնդմամբ՝ «հայկական կողմը տրամադրված է  է շարունակել վստահության ամրապնդման միջոցառումները»։

Ավարտեմ. պատկերը կլիներ պակաս ողորմելի, եթե բանախոսն իր բուռն գործունեության իմիտացիան չներկայացներ կառուցողականության քողի ներքո։

Հ.Գ. Հուսով եմ, որ Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական գործիչների մասին հիշատակման բացակայությունը «ամփոփիչ ներածական խոսքում» պայմանավորված է բացառապես նրանց անվտանգության նկատառումներով, այլ ոչ թե նրանց ճակատագրի նկատմամբ անտարբերությամբ։

ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

ՀՀ Գերագույն Խորհրդի պատգամավոր (1990-95թթ.)

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր (1995-99թթ.)

ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան 

Տեսանյութեր

Լրահոս