«Օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը». Ուրալօղլու

Թուրքիայի տարածքային ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հաղորդագրություն է տարածել, որ օգոստոսի 22-ին կայանալու է Կարս-Իգդիր-Արալըք-Դիլուջու երկաթուղային գծի հիմնարկեքը, որը հանդիսանալու է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուն շեշտել է, որ գիծն ամրապնդելու է Թուրքիայի արևելքի բեռնափոխադրումներն ու ուղևորափոխադրումները, և՛ մեծացնելու է Թուրքիայի լոգիստիկ կարողությունը, և՛ ամրապնդելու է դեպի Ասիա ձգվող առևտրային ուղիներում երկրի՝ աշխարհառազմավարական անվտանգության կղզյակը լինելու յուրահատկությունը։

Նա ասել է, որ երկրի գանձապետարանի և ֆինանսների նախարարության աշխատանքների արդյունքում նախագծի համար 2․4 մլրդ եվրո արտաքին ֆինանսավորում է ապահովվել։

«Այս գիծը 224 կմ երկարություն ունի, զույգ գծով, էլեկտրաֆիկացված և ազդանշանային համակարգով ենք կառուցելու։ Մեր գիծը տարեկան 5․5 մլն ուղևոր և 15 մլն տոն բեռ տեղափոխելու թողունակություն է ունենալու։

Նախագծում լինելու է 5 թունել, 19 բացվող-փակվող թունել (cut-and-cover tunnel), 3 ուղեկամուրջ (վիադուկ), 10 կամուրջ, 144 ստորգետնյա անցում, 27 վերգետնյա անցում և 480 ջրատար»,-նշել է նա։

Շեշտելով, որ հիմնվելիք գիծը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կարևոր մասն է, որն ապահովելու է Ադրբեջանի ու Նախիջևանի միջև կապը՝ Ուրալօղլուն ասել է․

«Այս գծի շնորհիվ Թուրքիայի և Ադրբեջանի միջև մի նոր անխափան երկաթուղային կապ է ապահովվելու»,- շեշտել է թուրք նախարարը։

Տեսանյութեր

Լրահոս