
Տրամվայները կվերադառնան Թբիլիսի. Կալաձե

35 տարի անց տրամվայը կվերադառնա մայրաքաղաք. այս մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ և «Վրացական երազանք»-ի գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն։
Նրա խոսքով՝ եվրոպական չափանիշներին համապատասխանող տրամվայի գիծը Դիդի Դիղոմի բնակավայրը կկապի մետրոյի «Դիդուբե» կայարանին։
«Վրաստանի անկախության պատմության մեջ առաջին անգամ կիրականացվի տրամվայի նախագիծ։ Այսօր մենք հայտարարում ենք տրամվայի գծի նախագծի և շինարարական աշխատանքների գնման մրցույթ։ Մենք նախկինում հայտարարել էինք շուկայի հետազոտության մրցույթ։ Մենք ունենք ամբողջական տեղեկատվություն այն մասին, թե ինչ է պետք անել, և որ հատվածում պետք է իրականացվի նախագիծը։ Հաշվի առնելով Դիդի Դիղոմիի բնակչության աճը, անհրաժեշտ է ստեղծել այլընտրանքային տրանսպորտային միջոցներ։ Ամենաօպտիմալը տրամվայն է։ Հաշվի առնելով չափսերը, վերջինս ունի ամենաբարձր տարողունակությունը վերգետնյա հասարակական տրանսպորտի տեսակների շարքում, էկոլոգիապես մաքուր տրանսպորտ է և երկարաժամկետ հեռանկարում շատ ավելի արդյունավետ է վերգետնյա հասարակական տրանսպորտի մյուս տեսակների շարքում»,- ըստ aliq.ge-ի՝ ասել է Կալաձեն։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ մետրոյի «Դիդուբե» կայարանը ոչ միայն մայրաքաղաքի, այլև միջքաղաքային ուղևորափոխադրումների համար կարևոր կայարան է, Դիդի Դիղոմիից այս կապի ստեղծումը ռազմավարական նշանակություն ունի։
Կալաձեի խոսքով՝ տրամվայի գիծը կունենա 7,5 կիլոմետր երկարություն և կներառի 11 կանգառ։
«Տրամվայը կինտեգրվի գործող հասարակական տրանսպորտի ցանցին։ Կստեղծվի միասնական, ճկուն, հարմարավետ և կայուն տրանսպորտային ցանց, որը կբավարարի յուրաքանչյուր քաղաքացու կարիքները», — նշել է նա։
Թբիլիսիում տրամվայի վերականգնման հարցը քննարկվել է տարիներ շարունակ, այդ թվում՝ Դիդի Դիղոմիում վերգետնյա մետրոյի կամ տրամվայի հեռանկարը Կալաձեն և քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են 2019 թվականին։
Տրամվայը մայրաքաղաքում գործել է 123 տարի՝ մինչև 2006 թվականը։