Փաշինյանը խաղաղություն չի ստացել ու չի էլ կարող ստանալ, խաղը չի ավարտվել, ռումբ են դրել մեր ոտքի տակ. մեր ադամանդի՝ Սյունիքի վրա աչք ունեն բոլորը. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Այն փաստաթղթերը, որոնցում իբր պետք է գրված լիներ, թե մենք ինչ ենք շահել Վաշինգտոնյան եռակողմ հանդիպումից, մինչև հիմա հրապարակված չեն։ Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրվել է 4 փաստաթուղթ, բայց մեզ ներկայացրել են միայն եռակողմ դեկլարացիան, որը սրանք կոչում են փրկության թուղթ։ 11 օր է անցել ստորագրումից հետո, բայց այդ 3 փաստաթղթերը հրապարակված չեն։ Երկու «դեմոկրատական» երկրներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը, փաստաթղթեր են ստորագրել, ինչո՞ւ դրանք չեն հրապարակվում։ Դեմոկրատիայի գլխավոր բաղադրիչը թափանցիկությունն է, բա ո՞ւր է, ինչո՞ւ չեք հրապարակում։
  • Սյունիքում տարածք է վարձակալվել ԱՄՆ-ի կողմից, որը վերավարձակալության է տրվել ամերիկյան ընկերության։ Եթե ես այդ փաստաթուղթը տեսնեմ, միգուցե հավատամ Փաշինյանին, բայց այդ փաստաթուղթը մեզնից թաքցնում են։ Հետևաբար՝ ես հակված եմ հավատալ դրսի արտահոսքին՝ «Ռոյթերս»(Reuters) հեղինակավոր լրատվական գործակալությանը։
  • Միակ բանը, որը ժամանակավորապես ստացել ենք, լարվածության լիցքաթափումն է, բայց խաղաղություն չկա։ 

Երեկվա ուղերձում Փաշինյանն ասաց իր կյանքի ամենամեծ ստերից մեկը։ Բազմաթիվ ստեր ենք լսել այս տարիների ընթացքում, նա մեծագույն ստախոս է։ Ստեց, երբ 2019թ․ասաց՝ կարգավորման պլան չկա, բայց կար, ու ինքը մերժեց այդ պլանը, որը ենթադրում էր ընդամենը 5 շրջանի վերադարձ Ադրբեջանին։

Կարդացեք նաև

Իհարկե, մենք սովոր ենք իր ստերին, բայց երեկ մեծագույն սուտ ասաց, երբ ժողովրդին խաբեց՝ ասելով, թե հաստատվել է խաղաղություն։ Եթե այդպես է, ապա Ադրբեջանը պետք է դուրս գար իր զավթած ստրատեգիական բարձունքներից, Հայաստանի տարածքներից, պիտի վերադարձրած լիներ գերիներին, ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարությանը, որոնց նա պահում է իբրև պատանդներ ու շարունակում է  հայի նկատմամբ ատելության քարոզը, պետք է հրաժարվեր «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթից, մինչդեռ դրանք անխափան շարունակվում են… Բայց ամենակարևորն այն է, որ անգամ այն պայմաններում, երբ Փաշինյանը զիջել է ամեն ինչ, Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել «Խաղաղության պայմանագիրը»։ 

  • Ենթադրենք՝ անցկացվում է սահմանադրական հանրաքվե, որտեղ հղում չկա Անկախության հռչակագրին, ու ինչ-ինչ պատճառով այն մերժվում է։ Ի՞նչ է լինում այդ ժամանակ։ Սա նշանակում է՝ մենք Ադրբեջանին պատերա՞զմ ենք հայտարարում։ Ռումբ են դրել մեր ոտքի տակ։ Փաշինյանը մեր ժողովրդին շանտաժի է ենթարկելու։ Ասելու է՝ էս տեքստը, միևնույն է, պիտի ընդունեք, որովհետև եթե չընդունեք, պատերազմ է լինելու Ադրբեջանի հետ։ Պատկերացնո՞ւմ եք՝ ինչ շանտաժ են կախել մեր ժողովրդի վզից։ Այդ փաստաթուղթը հնարավորություն է տվել, որ Ադրբեջանն ամբողջությամբ միջամտի Հայաստանի ներքին կառավարմանը։ 
  • Նիկոլ Փաշինյանը խաղաղություն ստանալ չի կարող․ չի ստացել ու չի էլ կարող ստանալ։ Միակ բանը, որը նա կարողանում է անել՝ զիջել, միայն զիջել։ 
  • Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ ենթարկվել է Ադրբեջանի բանակցային տրամաբանությանը՝ ստեղծել լարվածություն, ինչ-որ բան զիջել, մի քիչ շնչել, հետո նոր պահանջ դնել ու նորից զիջումներ ստանալ… Փաշինյանը գնալով իր ունեցած խաղաքարտերը տալիս է Ադրբեջանին՝ ժամանակավորապես թուլացնելով նրա ախորժակը։
  • Փաշինյանին նվիրեցին թուղթ, որը թափահարելով՝ կընկնի գյուղեգյուղ ու քարոզարշավ կանի։
  • Ժիրայր Լիպարիտյանը չի ներկայացնում Հայ ազգային կոնգրեսին, որևէ կապ չունի մեզ հետ վաղուց, և ՀԱԿ-ը նրա որևէ տեսակետի համար պատասխանատվություն չի կրում ու չի կարող կրել։
  • Փաշինյանն այլևս խաղացող չէ․դա ակնհայտ է։ Նրան պարտադրում են ինչ-որ բաներ, ու նա կատարում է ինչ-որ մարդկանց պահանջները։
  • Իրանի պահպանողական թևը շատ մտահոգված է «Զանգեզուրի միջանցքով», ու համարում են, որ Ադրբեջանը մտել է Իսրայելի սիոնիստական պլանների մեջ։ Իրանի նախագահ Փեզեշքիանի թևը շատ ավելի մեղմ է։ Բայց փաստը մնում է փաստ, որ չի հրապարակվում ստորագրված փաստաթուղթը։ 99 տարով մեր տարածքը հանձնվել է Ամերիկային, ինչ-որ համաձայնություն է կնքվել, որը չի հրապարակվել։ Դեռ պետք է հասկանանք՝ Փեզեշքիանի ու Խամենեիի միջև լուրջ հակասություննե՞ր կան, թե՞ դա դիվանագիտական խաղ է։
  • Արդյո՞ք անխոչընդոտ երթևեկելու սկզբունքը գործելու է նաև մեզ համար։ 

Ժուլիկություն են անում, հռչակագրի անգլերեն տեքստը սխալ են թարգմանում։ Անգլերեն հնչած՝ «փոխադարձ օգուտներ» բառակապակցությունը հայերեն տեքստում թարգմանել են «փոխադարձ առավելություններ»։ Իսկ դրանք տարբեր բաներ են։ Ստորագրված փաստաթղթում ոչ մի փոխադարձ բնույթ գոյություն չունի։ Գործ ունենք պատմության մեջ երբևիցե եղած ամենախաբեբա իշխանության հետ։

  • Աշխարհաքաղաքական այս մեծ խաղում Հայաստանը, սկսած 2018.-ից, չդրսևորեց ադեկվատ մոտեցում։ Փոխարենը ունենար ճկուն դիվանագիտություն ու փորձեր ներդաշնակեցնել մեծ պետությունների շահերը ռեգիոնում, սկսեց իրեն ասոցացնել Արևմուտքի հետ։ Գոնե դրա արդյունքում դառնայինք Լիտվայի նման պետություն։ Բայց դա տեղի չունեցավ, փոխարենը՝ Հայաստանը ոչ միայն չհայտնվեց Արևմուտքում, այլև հայտնվեց Արևելքում, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի դիկտատի տակ։ Փաշինյանը խայտառակ խաղ է խաղում հայ ժողովրդի հետ։ Անում է խայտառակ սխալ, հետո ասում՝ ժողովուրդ ջան, այլընտրանք չկա, պետք է գնանք այս զիջմանը… Որոշ ժամանակ անց նորից է ձախողում, պրոպագանդան մտնում է Հ1, ու նույն ճանապարհն անցնում ենք նորից… Խաղը չի ավարտվել։ Մենք ընդամենը մտնում ենք շատ բուռն միջնախաղի մեջ, որտեղ ամեն ինչ հնարավոր է։ 
  • Այն պահից, երբ Ռուսաստանն ուկրաինական հարցը կարգավորված համարի, դա բերելու է լուրջ վերանայումների հարավկովկասյան քաղաքականության մեջ։ Եվ մեծ հարց է՝ Վաշինգտոնում մենք Հայաստանն ավելի խաղա՞ղ դարձրեցինք, թե՞ ավելի խոցելի։ Աշխարհաքաղաքական մեծ պայքարն ավարտված չէ։ Սյունիքի վրա բոլորը աչք ունեն։ Նիկոլ Փաշինյանի ամենամեծ հանցանքն է, որ մեր ադամանդը՝ Սյունիքը, դարձրեց աշխարհաքաղաքական սակարկման առարկա։ 
  • Փաշինյանը գիտի, որ ինքն իրեն գժի տեղ դնելով՝ նա զոհաբերեց մեր ժողովրդի լավագույն զավակներին ու Արցախը։
  • Պետք չէր փակել արցախահայերի վերադարձի իրավունքի հարցը, պետք էր այն ժամանակավորապես արխիվացնել։ Բայց նա կրկին շանտաժի է ենթարկում մեր ժողովրդին՝ ասելով՝ եթե այդ հարցը չփակեմ, պատերազմ կսկսվի։ Ինքը հիմա Ալիևի սպառնալիքներն ու պրոպագանդան օգտագործում է՝ սեփական իշխանությունը պահելու համար։
  • Զարմանում եմ՝ ինչո՞ւ է Փաշինյանն այդքան ուրախանում, որովհետև ներքին քաղաքական հարցերում ինքը շատ բան է կորցնելու։ Եթե խաղաղությունը հաստատվի, ինքը կորցնում է իր հիմնական հաղթաթուղթը՝ շանտաժը սեփական ժողովրդի նկատմամբ։ Վերանալու է հիմնական պատրանքը, որ ինքը միակն է, որ խաղաղություն է բերում։ Մնալու է կառավարման որակը։ Իսկ ինքն ամենաանորակ կառավարիչն է, որը երբևէ եղել է հայոց պատմության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս