
«Բա էդ «Սրբազան պայքարը» ի՞նչ էր, կամ էդ պերմանենտ միտինգներն ի՞նչ էին». Հրանտ Բագրատյան

«Ասել եմ, որ ես Հայաստանն առաջնորդելու եմ Ղարաբաղյան շարժումը չշարունակելու տրամաբանությամբ, և եթե ժողովուրդը համաձայն չէ այս տրամաբանությանը, նրան կոչ եմ արել հեղափոխություն անել,- նախօրեին Վաշինգտոնյան գործընթացի, այնտեղ նախաստորագրված թղթի մասին իր պարզաբանումներում այս մասին նշել է Նիկոլ Փաշինյանը և իրեն հատուկ տեխնոլոգիայով` եղածի բեռը դրել ՀՀ «հպարտ» ու «սիրելի» քաղաքացիների ուսերին,- Դո՛ւք, սիրելի՛ քաղաքացիներ, հեղափոխություն չարեցիք, որովհետև ինձ նման հասկացաք, որ առանց Ղարաբաղի հարցը փակելու՝ խաղաղությունը հնարավոր չէ, որ Ղարաբաղի հարցն, իրոք, որոշ ուժեր պարզապես օգտագործում էին որպես գործիք՝ Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը, պետականության կայացումն ու զարգացումը թույլ չտալու համար»։
Արցախից հրաժարվելու գնով` Հայաստանի ինքնիշխանությունը պահելու տեսլականին չի հավատում ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը։
Քաղաքական գործիչը 168․am-ի հետ զրույցում հակադարձեց ժողովրդի ընդդիմանալու մասին փաշինյանական արձանագրումներին.
«Բա էդ «Սրբազան պայքարը» ի՞նչ էր, կամ էդ պերմանենտ միտինգներն ի՞նչ էին. դրանք առայժմ չեն բերում հաջողության այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը եռապատկել, քառապատկել է իրավական համակարգը, և նրան դեռ հաջողվում է ճնշել դիմադրությունը։ Ըստ որում, այդ ճնշումներն անիրավական են, ուղեկցվում են մասսայական ռեպրեսիաներով։ Սա է խնդիրը»։
Ինչ վերաբերում է Արցախից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքներին, հավաքական վերադարձի հնարավորություններին, ապա, Հրանտ Բագրատյանի համոզմամբ՝ դա պետք է աշխատանքը ցույց տա։
«Իսկ այս ղեկավարության պարագայում այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տարվում, որովհետև Ղարաբաղից այդ ժողովրդի արտաքսման գլխավոր դերակատարը հենց Հայաստանի ղեկավարությունն է եղել»,- ասաց քաղաքական գործիչը` հիշեցմամբ, որ նույնիսկ Ալիևն է արցախցիների վերադարձի մասին խոսել։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ թեև այս պահին տարբեր դերակատարներ գոհ են, որ Արցախի խնդրի, այսպես կոչված, լուծումով ազատվել են պրոբլեմից, սակայն բնօրրանից հրաժարվելը նա ոչ միայն պատմական հիմարություն և կարճատեսություն որակեց, այլև դավաճանություն սեփական ժողովրդի հանդեպ։