
Գազայում իսրայելական հարվածներից մեկ օրում 58 պաղեստինցի է զոհվել

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վերջին 24 ժամվա ընթացքում իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է 58, վիրավորվել՝ 185 մարդ։ Այս մասին հայտնում է պաղեստինյան WAFA գործակալությունը։
Գերատեսչությունը նաև հայտնել է, որ սովի և թերսնուցման պատճառով զոհերի թիվն ավելացել է ևս 3-ով։ Այսպիսով, սովից մահացածների թիվը կազմել է 269, որոնցից 112-ը երեխաներ են։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է, որ Գազայում թերսնուցման մակարդակը հասել է մտահոգիչ մակարդակի, և որ միտումնավոր շրջափակումը և օգնության ուշացումները բազմաթիվ կյանքերի կորստի պատճառ են դարձել։ ԱՀԿ-ն հայտնել է, որ Գազա քաղաքում հինգ տարեկանից փոքր երեխաների շրջանում գրեթե յուրաքանչյուր հինգերորդը տառապում է սուր թերսնուցումից։
2025 թ. մարտի 2-ից Իսրայելի իշխանությունները փակել են Գազայի հատվածի հետ բոլոր անցակետերը՝ կանխելով սննդի և բժշկական օգնության մեծ մասի մուտքը, ինչը սովի բռնկման պատճառ է դարձել անկլավում։
Գազայի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ից վեր իսրայելական հարձակումների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 62 122-ի, վիրավորվել է 156 758 մարդ։
Իսրայելը Գազայի հատվածում ռազմական գործողություններ էր սկսել՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների ներխուժման, որի հետևանքով զոհվել էր գրեթե 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250 մարդ։ ՀԱՄԱՍ-ի մոտ դեռ պահվում է շուրջ 50 պատանդ, որոնցից, ամենայն հավանականությամբ, միայն 20-ն է ողջ մնացել։