Ազգային ժողովի ու կառավարության հերթական նիստերը, Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ականների, իշխանամերձ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթները, հայտարարությունները շարունակ արձանագրում են, որ հայ-ռուսական հարաբերությունները, մեղմ ասած, բարվոք վիճակում չեն: Հռոմի ստատուտին միանալու քայլը նոր ուժով էր հարվածել Երևանի ու Մոսկվայի հարաբերություններին, քանի որ հենց Միջազգային քրեական այս դատարանն է (ՄՔԴ) Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր տվել։
Պատահական չէ, որ Նիկոլ Փաշինյանի հերթական զեղումները, այս անգամ՝ Մյունխենում, երկար-բարակ քննարկվում են Հայաստանում:
Անաչառ փորձագետների համար միշտ դժվար է եղել մեկնաբանել երկրի գլխավոր բանակցողի մտքերը, հատկապես, երբ խոսքն արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա պատկերացումների մասին է։ Բրիտանական The Telegraph թերթի լրագրողի հետ իր հարցազրույցը հերթական անգամ վկայեց, որ անգամ Հայաստանի ճակատագրական կորուստները որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել իր հայացքների վրա։
«Ներեցեք օրինակի համար, բայց «ես սա եմ ուզում» ասելու փոխարեն, Փաշինյանը բոլորիս անունից ԵՄ-ին ասում է՝ «արա ինձ հետ՝ ինչ ուզում ես»։ Շատ ավելի ընդունելի և հասկանալի կլիներ «մենք ուզում ենք ԵՄ անդամ դառնալ» նպատակը, քան նման անմիտ, անողնաշար պնդումը»։