Իշխող կուսակցության կողմից առաջարկվող Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության հայեցակարգը կառուցված է որոշակի տրամաբանությամբ և ունի նորմատիվ ամբողջականություն։ Այն խարսխված է միջազգային լեգիտիմության, տնտեսական փոխկապվածության, կանխատեսելիության, խաղաղության օրակարգի և պաշտպանական բարեփոխումների համադրության վրա։ Սակայն հենց այս կառուցվածքի մեծապես դոկտրինալ բնույթով է պայմանավորված առաջարկի խոցելիությունը։
Անաչառ փորձագետների համար միշտ դժվար է եղել մեկնաբանել երկրի գլխավոր բանակցողի մտքերը, հատկապես, երբ խոսքն արտաքին քաղաքականությանը վերաբերող նրա պատկերացումների մասին է։ Բրիտանական The Telegraph թերթի լրագրողի հետ իր հարցազրույցը հերթական անգամ վկայեց, որ անգամ Հայաստանի ճակատագրական կորուստները որևէ կերպ ազդեցություն չեն ունեցել իր հայացքների վրա։
Զարհուրելի էր բանախոսի «ամփոփիչ ներածական խոսքը»։ Հայ-ադրբեջանական «հարաբերություններին» վերաբերող առաջին իսկ նախադասությունն ակնառու ցուցադրեց, որ ԼՂ հայաթափումը, երկրիս կառավարիչների հաշվարկներով, պետք է հանգուցալուծեր հիմնախնդիրը և բարեկամություն հաստատեր մեր թյուրքախոս հարևանների հետ։ Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է ազգային աղետից հետո ավետել, որ «Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն և բարեխիղճ կերպով ներգրավված է եղել Ադրբեջանի հետ բանակցություններում, որոնք ուղղված են եղել հարաբերությունների կարգավորմանը»։
Վերջերս Ն. Փաշինյանի կողմից միջազգային հանրությանը ներկայացված «Խաղաղության խաչմերուկը» նպատակ է հետապնդում ստեղծել նոր տրանսպորտային հաղորդակցություններ, որոնք հատելով Հայաստանի տարածքը՝ կխթանեն տարածաշրջանային տնտեսական համագործակցությունը։