Բաքուն կստեղծի աշխատանքային խմբեր և կզարգացնի հարաբերություններն ԱՄՆ-ի հետ բոլոր ոլորտներում. Ադրբեջանի դեսպան

Ադրբեջանը մտադիր է ամրապնդել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ անվտանգության և տեխնոլոգիաների ոլորտում՝ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում կայացած եռակողմ գագաթնաժողովում Հայաստանի հետ ձեռք բերված համաձայնություններից հետո, Axios պորտալին ասել է ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը նախատեսում է ստեղծել աշխատանքային խմբեր և զարգացնել հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բոլոր ոլորտներում՝ տնտեսություն, էներգետիկա, պաշտպանություն, քաղաքականություն, կրթություն, տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն։

«Եկեք բացենք նոր էջ։ Մենք կաշխատենք միասին, և ոչ միայն Հայաստան-Ադրբեջան գծի վրա, այլև Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների զարգացման գործում», – ասել է դիվանագետը։

Իբրահիմը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին խաղաղության գործընթացն առաջ մղելու համար՝ ընդգծելով, որ նա ոչ թե 100, այլ 101%-ով է արժանի Նոբելյան խաղաղության մրցանակին։

«Շատ կարճ ժամանակահատվածում՝ մոտ վեց ամսվա ընթացքում, նա կարողացավ անել այն, ինչ ուրիշներին չէր հաջողվել անել ավելի քան 30 տարի», – նշել է Ադրբեջանի դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս