Հակահարձակման հայտնի օպերացիայի ձախողման համար այլ վճարող կլինի՞

2020թ․ հոկտեմբերի 7-ին իրականացված հակահարձակման դրվագով հանրային քրեական հետապնդումը ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի նկատմամբ դադարեցվել է արդարացնող հիմքով։

«Շուրջ 306 էջանոց Ռազմագիտական հանձնաժողովային փորձագիտական եզրակացությամբ թվով 11 փորձառու ռազմագետների կողմից միակարծիք փաստվեց, որ ՋՀարությունյանի գործողություններում հակահարվածի դրվագով հանցակազմ չկա, վերջինս հակահարձակման ժամանակ գործել է բարեխիղճ, զգոն և գրագետ»,- ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՊԲ նախկին հրամանատարի փաստաբան Արսեն Սարդարյանը, ով 2022 թվականի նոյեմբերի 18-ին հրավիրված ասուլիսում հայտարարել էր, որ Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանություն ստացել:

Նշենք, որ հունիսի 12-ին էր հայտնի դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:

168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է ՋՀի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:

Կարդացեք նաև

Իսկ թե ովքեր էին մասնակցելու հայտնի հակահարվածի դրվագով ռազմագիտական փորձաքննությանը, ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնել էին, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթով՝ հակահարվածի դրվագով նշանակված ռազմագիտական փորձաքննությունը կատարվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից»:

Կոնկրետ անուններ չէին նշվել: Հնարավոր է՝ ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանն առաջիկայում հրավիրվելիք ասուլիսին այս առնչությամբ մանրամասներ հայտնի:

Իսկ մինչ այդ կարևոր մեկ հանգամանքի վրա ուշադրություն հրավիրենք:

Հունիսի 12-ին, ինչպես նշեցինք, Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվում և Նիկոլ Փաշինյանի հաստատած՝ հայտնի հակահարվածի օպերացիայի դրվագով նշանակվում ռազմագիտական փորձաքննություն:

Հունիսին 27-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրել էր Օնիկ Գասպարյանի վրա, ինչի մասին 168.amգրել է։

Բայց նախ Անդրանիկ Քոչարյանն էր նշել՝ Օնիկ Գասպարյանն իրենց ասել էր, որ հակահարձակումների նախապատրաստման փուլում ԳՇ նախկին պետը խոսելով հակահարձակման առաջարկի հեղինակ Սամվել Բաբայանի հետ՝ Ջալալ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել տեղանքը:

«Եթե չեմ սխալվում, Օնիկ Գասպարյանն ասեց՝ Ջալալը գնաց նայեց և ասեց՝ «աչքս ուտում է», այսինքն, նայվող օպերացիա կարող է ծնվել, որը ռազմական ղեկավարության կողմից դիտվում էր, որ դա իրավիճակ կարող էր փոխել ճակատային այդ հատվածում: Երբ ստացվել է ՊԲ հրամանատարի դրական պատասխանը, նախաձեռնել է հակահարձակում»,- ասել է Քոչարյանը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքել էր, որ տեղյակ է հանգամանքներին, և հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել:

«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը, ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- մանրամասնել էր Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։

«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանն ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել էր Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի այս առնչությամբ բոլոր ասածները:

Ավելին, Քննիչ հանձնաժողովում Փաշինյանի հարցուպատասխանից մեկ օր հետո՝ հունիսի 28-ին, Արծրուն Հովհաննիսյանը 24TV-ին տված հարցազրույցում շարունակել էր «մաքրել» Ջալալ Հարությունյանին՝ սլաքն ուղղելով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ին:

«Իսկ Ջալալ Հարությունյանին թողնված ճակատը, որ թողել էին անձամբ իր կառավարմանը, իր հրամանատարության ներքո, ինչի լիարժեք ՊԲ-ի պաշտպանության ճակա՞տ էր: Եկեք ազնիվ լինենք, ասենք, որ Քարվաճառը հանել էինք իր ենթակայության տակից, ինքը չէր վարում Քարվաճառի ուղղությամբ մարտական գործողությունները, այլ դա պատկանում էր ՀՀ ԶՈՒ 2-րդ բանակային կորպուսին, ՊԲ 9-րդ ՊՇ-ն էլ լրիվ իր ենթակայությունից հանված էր, լրիվ այլ հրամանատարություն էր ստեղծված և այլ մարդ էր կառավարում: Այսպես ասենք՝ 9-րդ ՊՇ-ն և ՀՀ ԶՈՒ 1-ին կորպուսն իրար հետ միասնական հարավային ուղղություն էինք սարքել, որի հրամանատարը գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն էր: Այսինքն, ակտիվ մարտական գործողությունների ինչքան ճակատ է վարել Ջալալ Հարությունյանը, եթե բոլոր կիլոմետրերը գումարենք, Ջալալ Հարությունյանը՝ որպես ՊԲ հրամանատար, վարում էր մաքսիմում մեկ պաշտպանական շրջանի ճակատի կռիվ: Բոլոր մեղադրանքները պոպուլիստական են և անհիմն»,- շեշտել էր Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի հարցազրույցից կարելի՞ է ենթադրել, որ չի բացառվում, որ Փաշինյանի համար քաղաքական առումով հարմար պահի հստակ մեղադրանքներ կլինեն նաև Օնիկ Գասպարյանի և Տիրան Խաչատրյանի նկատմամբ:

Առհասարակ, հակահարձակման ձախողված օպերացիայի դրվագով Ջալալ Հարությունյանի արդարացումը ո՞ւմ է փրկում՝ միայն Ջալալ Հարությունյանի՞ն, թե՞ նաև Նիկոլ Փաշինյանին: Իսկ դրա համար հնարավո՞ր է՝ Փաշինյանը հարմար պահի այլ պատասխանատու գտնի, օրինակ, Օնիկ Գասպարյանին՝ հաշվի առնելով Քննիչ հանձնաժողովում նրա վերևում հիշատակված հայտարարությունները:

Հավելենք, որ Ջալալ Հարությունյանին մեղադրանք էր առաջադրվել նաև 2020թ․ հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման դրվագով, որով հանրային քրեական հետապնդումը չի դադարեցվել:

Ի դեպ, նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել էր, որ Ջալալ Հարությունյանը Քննիչ հանձնաժողով կհրավիրվի, եթե այս ընթացքում նրա նկատմամբ քրեական գործը փակվի: Սպասենք հետագա զարգացումներին:

Տեսանյութեր

Լրահոս