Փաշինյանը հաստատել է Ջալալ Հարությունյանի հակահարձակման անցնելու որոշումը. ի՞նչ խնդիրներ հաշվի չեն առնվել
Սեպտեմբերի 2-ին ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին պատերազմական երկու դրվագով մեղադրանք էր առաջադրվել:
Առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդ դրվագը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։
Ջալալ Հարությունյանը հակահարձակման մասին զեկուցել է Նիկոլ Փաշինյանին և հավանություն ստացել
Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը մանրամասներ է հայտնել հարուցված քրեական գործով՝ նշելով, որ
հակահարձակման օպերացիայի հետ կապված մեղադրանքը մի քանի տարրեր է պարունակում։
Ըստ փաստաբանի՝ տարրերից մեկն այն է, որ Ջալալ Հարությունյանի կողմից նախաձեռնվել է հակահարձակման օպերացիա այն պայմաններում, երբ ուժերի հարաբերակցությունը իբր եղել է 1։5-ին՝ հօգուտ հակառակորդին, այսինքն՝ մենք առերևույթ հնարավորություն չենք ունեցել հաջողությամբ պսակելու այդ հակահարձակումը, և, որ հակառակորդի ուժերի այդպիսի առավելության պայմաններում նման գործողությունը հակասում էր մեր գործող նորմատիվ իրավական ակտերին։
«Հակահարձակման օպերացիան, որը կատարվել է հոկտեմբերի 7-ին, եղել է մի գործողություն, որը մեր համապատասխան փաստաթղթերով նախատեսված գործողություն է եղել դեռևս տարիներ առաջ։ Մեր ռազմական ոլորտի փորձագետներն ունեցել են հաստատված փաստաթղթեր՝ ամենաբարձր մակարդակով, որի համաձայն՝ հակառակորդի կողմից հարավային հատվածում, այսինքն՝ Արաքսի ափով առաջխաղացում ունենալու դեպքում մեր քայլը պետք է լիներ հակահարձակումը։ Այսինքն, այս քայլը համապատասխան փաստաթղթերից բխած քայլ է եղել: Երբ այդ ծրագիրը կազմվել է, նույն ժամանակահատվածում եղել են տվյալներ հակառակորդի ուժային առավելության մասին 1։2,4-ի հարաբերակցությամբ: Այսինքն՝ մեր պետությունը այս ոլորտում ունեցել է քաղաքականություն, որ հակառակորդի՝ 2,4-ի առավելության պայմաններում հարավային հատվածում ներթափանցելու դեպքում պետք է կատարվի հակահարված և թշնամու թիկունքի սնուցումը, աջակցությունը կտրվի։ Այսինքն, Ջալալ Հարությունյանը սա իրենից չի հնարել, և տվյալները եղել են այն, ինչ այդ ծրագրերը կազմելիս»,- լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնեց Ջալալ Հարությունյանի փաստաբանը՝ կասկածի տակ դնելով մեղադրանքում նշված պատերազմող կողմերի ուժերի 1։5 հարաբերակցության մասին տվյալը և պնդելով, որ հարձակման կոնկրետ ուղղությամբ հակառակորդը մեր նկատմամբ առավելություն չի ունեցել:
«Այս առավելությունը, որի մասին խոսվում է, վերաբերում է ընդհանուր ուժերի հարաբերակցությանը։ Կոնկրետ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղու ուղղությամբ հակահարված կազմակերպելուն է խոսքն ուղղված։ Այդ ուղղությամբ ունեցել ենք հետախուզական տվյալներ, որ ունենք առավելություն, և մեր ռեզերվային ուժերը, որոնք կարող են ներգրավվել այդ օպերացիային, մի քանի անգամ ավելի ուժեղ են, քան հակառակորդի ուժերը, որոնք այդ տարածքում տեղակայված են։ Պատահական չէ, որ այդ հակահարձակումն ունեցել է բավականին լավ արդյունքներ»,- շարունակեց Արսեն Սարդարյանը՝ հավելելով, որ Հորադիզ-Ջաբրայիլ մայրուղում մեր ուժերը պետք է ամրանային, և հակառակորդի սնուցումը կտրեին, բայց չեն ամրացել:
Ջալալ Հարությունյանի փաստաբանի խոսքով՝ հայկական զորքը գրոհելիս բաժանված է եղել երկու խմբի՝ աջակողմյան և ձախակողմյան:
«Աջ թևով մխրճվող հատվածը հենց կռվի առաջին ժամերին 150 հոգանոց հակառակորդի խումբ է ոչնչացրել, դրանից հետո ևս երկու փոքր խումբ է ոչնչացրել։ Մեր զոհերի ընդհանուր քանակը 12-20-ի շրջանակներում են։ Հակահարձակման ժամանակ կարևոր է ուշադրություն հրավիրել նաև այլ դրական արդյունքների, օրինակ՝ 16 հայ զինվոր շրջափակումից կարողացել ենք հանել, նրանց գերության մեջ հայտնվելը եղել է օրերի, ժամերի հարց։ Օպերացիայի շրջանակներում ունեցել ենք հակառակորդի զինտեխնիկայի գրավում։ Ձախակողմյան հատվածում յուրայինները հասել են Ջաբրայիլ-Հորադիզ մայրուղուն, մնացել էր այնտեղ ամրանալը, ինչը չի կատարվել տարբեր պատճառներով: Ձախակողմյան թևում օպերացիայի ընթացքում հայկական կողմն ունեցել է առանցքային կարևորության հրամանատար, որը տեղ չի հասել, ինչը պայմանավորված է եղել զրահատեխնիկայի խափանմամբ: Ինչպե՞ս կարելի է սա կապել ընդհանուր բանակի հրամանատարի գործողությունների հետ։ Կամ՝ հարավային թևում հակառակորդի մեծ քանակություն ոչնչացնելուց հետո, երբ մեր յուրայինները այդ հատվածում ունեցել են ընդամենը 3 զոհ, հակառակորդն ունեցել է 150-250 զոհ։ Հետագա մարտերի ընթացքում աջ թևի առաջխաղացումը կանգնել է, հրամանատարից թույլտվություն չի եղել կանգնելու, ըստ օպերացիայի՝ իրենց առաջ պետք է շարժվեին: Մեղադրանքում գրում են՝ Ջալալ Հարությունյանը նախապես չի ստուգել զրահատեխնիկայի վիճակը։ Բանակի հրամանատարը պետք է գնա զորամասի ներսում զրահատեխնիկան ստուգի՞։ Օպերացիայից առաջ ներկայացվել են տվյալներ, որ 99 տոկոս մակարդակի է եղել տեխնիկան։ Տեխնիկայի խափանման համար պատասխանատուներ այլ տեղ է պետք փնտրել»,- ասաց Ջալալ Հարությունյանի փաստաբանը, որը համաձայն չէ մեղադրանքում առկա ձևակերպման հետ, թե իր պաշտպանյալը պատերազմական իրավիճակում անփույթ վերաբերմունք է դրսևորել իր ծառայողական պարտականությունների նկատմամբ՝ չկատարելով և ոչ պատշաճ կատարելով դրանք, ինչը հանգեցրել է ծանր հետևանքների՝ յուրային ստորաբաժանումները կրել են մեծաքանակ մարդկային ուժի և զինտեխնիկայի կորուստներ, ռեզերվային ստորաբաժանումները դարձել են անմարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ։
Արսեն Սարդարյանը գտնում է, որ Ջալալ Հարությունյանը փայլուն է կատարել ՊԲ հրամանատարի իր պարտականությունները, նա հակառակորդի համար վտանգ է ներկայացրել, ինչի մասին հուշում է նրա դեմ մահափորձը կամ նրա ծանր վիրավորման փաստը՝ միաժամանակ, ակնարկելով, թե հնարավոր է՝ թշնամուն տվյալներ են փոխանցվել, որ այսինչ ժամանակ նա այդտեղով պիտի անցնի մեքենայով:
Հետաքրքիր է, որ քննարկման առարկա չէ այն փաստը, թե ինչպես է հակառակորդին հաջողվել ճեղքել տվյալ պաշտպանական գիծը: Արդյոք այս դեպքում գործ ունենք անփութությա՞ն հետ, թե՞ պարտականությունների ոչ պատշաճ կատարման:
«Դուք խոսում եք նրա մասին, որ հակառակորդը կարողացել է ճեղքել և առաջ գալ, ուրեմն, մեղմ է ասված, անփութություն: Դուք արդեն դատավճիռը տեսաք: Այսօրվա մեղադրանքի շրջանակում այդ հարցն ընդհանրապես չի քննարկվում»,- 168.am-ի դիտարկմանն արձագանքեց ՊԲ նախկին հրամանատարի փաստաբանը:
Մենք բաց փաստերի հիման վրա ուսումնասիրությունների շարք էինք սկսել, որ ՊԲ-ն պատշաճ պատրաստ չի եղել պատերազմն ընդունելուն, որ զինվորները կարևոր հատվածներում պատերազմի առաջին րոպեները դիմավորել են զորամասերում, հրամանատարները տնից են կանչվել:
Ավելին, ՊԲ հրամանատարի պարտականությունները կատարող Ջալալ Հարությունյանը պատերազմը սկսվելուց հետո է շտապել աշխատասենյակ, թեպետ առնվազն սեպտեմբերի 25-ից պարզ էր պատերազմ սկսելու փաստը, և 48 ժամը բավարար էր ամբողջովին պաշտպանության անցնելու համար, իսկ որպես ՊԲ հրամանատար՝ Ջալալ Հարությունյանը բավականին լայն լիազորություններ և միանձնյա որոշում կայացնելու իրավունք ունի:
Ինչ վերաբերում է մեղադրանքի շրջանակում բուն թեմային, մասնավորապես, հոկտեմբերի 7-ի հայտնի օպերացիային, հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը 2020-ի հոկտեմբերի 6-ին ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որտեղ խոսում էր Արցախ կատարած այցի մասին:
168.am-ը գրել էր, որ տվյալ գրառումը Փաշինյանը մի քանի անգամ խմբագրել է:
Նախնական տարբերակում Փաշինյանը նշել էր, որ «ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել են հակառակորդին արժանի հակահարված հասցնելու հետագա քայլերը»:
Խմբագրումից հետո «հակառակորդին արժանի հակահարված»-ը դարձել էր «հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված»:
Սակայն ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում Նիկոլ Փաշինյանի՝ Արցախ կատարած այս այցի մասին 2020-ի հոկտեմբերի 6-ին հաղորդագրության մեջ նշվում է, որ Ջալալ Հարությունյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է հակառակորդի կողմից սանձազերծված պատերազմական գործողություններին արժանի հակահարված հասցնելու քայլերի մասին»:
Ջալալ Հարությունյանի փաստաբանը հաստատում է՝ Ջալալ Հարությունյանի հակահարձակման օպերացիան հաստատվել է Նիկոլ Փաշինյանի կողմից: Արդյո՞ք այս գործով նա ևս կարող է հարցաքննվել, Արսեն Սարդարյանը հորդորում է դիմել քննչականին:
Իսկ այն նկատառումը, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում վերջնական տարբերակ է ընտրել հակաահաբեկչական գործողություն ասվածը, կամ հակահարվածը փոխել է հակաահաբեկչականի, փաստաբանը քաղաքական հարց համարեց, թեպետ այս դեպքում գործ ունենք տարբեր գործողությունների հետ:
«Խմբագրողին հարցը պետք է տաք»,- ընդգծեց փաստաբանը:
Ջալակ Հարությունյանի փաստաբանը շրջանցեց նաև մեր այն դիտարկումը, որ հոկտեմբերի 7-ին՝ օպերացիայի իրականացման օրը, Նիկոլ Փաշինյանը РБК-ին հարցազրույց է տալիս և հանրայնացնում ընթացքի մեջ գտնվող ռազմական օպերացիան:
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»,- նշել էր Փաշինյանը:
Այստեղ գործ ունենք մի փաստի հետ, երբ պատերազմող երկրի ղեկավարը ֆեյսբուքյան իր էջում, այնուհետև հարցազրույցում նախապես հրապարակայնացնում է դեռ չիրականացված և ընթացքի մեջ գտնվող օպերացիաները կամ ռազմական պլանները՝ հստակ նշելով դրանց բնույթը, ինչից թշնամին, հնարավոր է՝ օգտվել է և փոխել իր պլանները: Բայց այս փաստը ևս անտեսվում է:
Մյուս կողմից, ինչպես Ջալալ Հարությունյանի փաստաբանը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանը խոսում են այս օպերացիայի հաջող ընթացքից, դրական արդյունքներից, բայց 2 տարի հետո ՔԿ-ն մեղադրանք է առաջադրում և նշում՝ օպերացիան ձախողվել է:
Ջալալ Հարությունյանի փաստաբանը մեղավորությունը ոչ անուղղակի գցում է նախկինների վրա և ենթակա անձնակազմի՝ ոչ մի հարցում չտեսնելով Ջալալ Հարությունյանի բացթողումը:
Մասնավորապես, Կուր-Արասք սահմանագծին հասնելու նախկինների պլանները հիշելու ժամանակ մոռացվում է այն, որ այս դեպքում լուրջ դերակատարում պիտի ունենար առաջին բանակային կորպուսը, որը մինչև պատերազմն արդեն դադարել էր լինել մարտունակ ստորաբաժանում, իսկ պատերազմի առաջին օրերին դրա մնացորդներն էլ, ըստ էության, ջախջախվեցին: Ավելին, այդ ուղղությամբ նախկինում եղած 3 զորամասից մնացել էր մեկը:
Ի դեպ, չգիտես ինչու, մոռացվում է նաև Սամվել Բաբայանի այն հայտարարությունը, որ Քյանդ-Հորադիզ օպերացիայի գաղափարն ինքն է առաջարկել, և որը, ըստ էության, առնչություն ունի Ջալալ Հարությունյանի նկատմամբ մեղադրանքի առաջին դրվագի հետ:
«Օպերացիայի գաղափարը ես եմ առաջարկել։ Ամսի (հոկտեմբերի.- խմբ․) 5-6-ը, երբ հակառակորդի մի թևը արդեն Ջաբրայիլի բերանում է, մյուս թևը Հադրութի Բանաձոր գյուղն է վերցրել, երրորդ թևը գնում է դեպի Խոդաֆերին, պարոն Փաշինյանը կապվում է Օնիկ Գասպարյանի հետ, որ այստեղի գեներալները նման բան են ասում։ Խոսակցության ընթացքում ես միջամտում եմ, ասում եմ՝ եթե դուք կարողանում եք այդ տարածքում պաշտպանություն կազմակերպելու, մենք կարող ենք չանել, բայց եթե չենք կարող, միակը մնում է այդ քայլը։ Մարդը ասում է, որ չի լինում, մենք չունենք ռեսուրսներ, որ կանգնեցնենք հակառակորդին այդ երեք ուղղություններով, այսինքն մնում է Հորադիզը, Լելե Թեփեն 9-10 կմ այդտեղից հեռու է։ Հորադիզից ուղիղ ճանապարհ է իջնում մինչև Արաքս գետ, եթե մենք չենք կարողանում այդ 12 կմ փակել, ապա 100կմ ինչպե՞ս ենք պաշտպանություն ստեղծում։ Առաջարկը եղել է իմ կողմից, 1993 թվականին այդ տարածքները այդ կերպ ենք ազատագրել։ Ցավալին նա է, որ մասնակիցներից մեկն է դա ասում՝ ճանապարհը փակել ենք, օղակի մեջ ենք վերցրել, ով անցել է Իրանի կողմ, ով էլ զոհվել է։ Առաջարկ է եղել նույն կերպ գործել, ընդունել է և՛ Ջալալը, և՛ Օնիկը Գասպարյան, որ այո, դա է միակ ձևը»,- մոտ մեկ տարի առաջ Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել էր Սամվել Բաբայանը:
Ի դեպ, Ջալալ Հարությունյանի փաստաբանը նշեց, որ մեղադրանքում գրված է նաև, որ հարձակումը չի իրականացվել գիշերը, և դա սխալ մարտավարություն է, մինչդեռ տեխնիկական հնարավորությունները դա թույլ չեն տվել:
«Գիշերային պայմանները ինչպե՞ս օգտագործվեր, եթե մեր զրահատեխնիկան չունի համապատասխան գիշերային հագեցված տեխնիկա, որ կարողանա գիշերային պայմաններում մարտ վարի։ Եթե տեխնիկան գիշերը հանես, լույսերը վառես, կդառնա թիրախ, ինչը չի արվել, հակառակը` հրամանատարը ճիշտ է կողմնորոշվել ու լուսադեմին է կազմակերպել հակահարձակումը»,– շեշտեց Ջալալ Հարությունյանի փաստաբանը։
Ստացվում է, որ բանակը պատերազմին պատրաստ չի եղել նաև տեխնիկական հագեցվածության պատճառով, մինչդեռ Նիկոլ Փաշինյանը պնդում է, որ պատերազմում հաղթանակ ունենալու համար առնվազն սպառազինության առումով արել է, ինչ պահանջել են:
Ինչ է ստացվում՝ Ջալալ Հարությունյանը այս կարևոր խնդիրը չի՞ բարձրացրել, թե՞ բարձրացրել է և անտեսվել է, կան կարևոր հարցեր, որոնց պատասխանները քննության առարկա չեն: