Փաշինյանը Ջալալ Հարությունյանի գործով հակահարվածի հայտնի օպերացիայի ձախողման պատասխանատվությունը դրեց Օնիկ Գասպարյանի վրա
Քննիչ հանձնաժողովի նիստում Դավիթ Սանասարյանը՝ որպես հրավիրյալ, Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել է՝ երբ 2019-ին արդեն որոշակի փաստաթղթավորված իմացել է, թե Արցախի հարցի կարգավորումն ուր է հասել, երբ Ադրբեջանը սպառնում էր, որ եթե տարածքները չվերադարձնեն, այն ուժով է վերցնելու, երբ կար պատերազմի սպառնալիք, արդյո՞ք տեղեկացված է եղել բանակի մարտունակության, սպառազինության մասին, եղե՞լ են կոնկրետ հանձնարարականներ, կամ քննարկվե՞լ է արտաքին վեկտորի փոփոխության հարցը պրոցեսը կանգնեցնելու համար:
Այս հարցադրմանն ի պատասխան՝ նա նշել է, որ բանակի մարտունակության մասին քննարկումներ եղել են:
Ռազմական գնումների պլանը չի փոխվել. եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել
«Ես մինչև ներառյալ 2020 թվականի օգոստոսը ստացել եմ հավաստիացում, որ, իհարկե, շատ դժվար է լինելու, բայց ՀՀ զինված ուժերը, Արցախի ՊԲ-ն իրենց առջև դրված խնդիրը կատարելու են: Բայց սա արձանագրում չի, որն ուղղակի ի գիտություն է ընդունվել: 2018-ից հետո ես որդեգրել եմ հետևյալ քաղաքականությունը՝ ամեն ինչ բանակի համար: Արդեն 2019-ին էականորեն բարձրացել են բանակում աշխատավարձերը, իրականացվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումներ: Շատ է խոսվում այն մասին, որ իմ վարչապետ դառնալուց հետո սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանները փոխվել են, ձևախեղվել են: Ոչ մի բան չի փոխվել, պարզապես լրացուցիչ այլ տեխնիկա է ձեռք բերվել: Բացառված է, որ որևէ մեկը հիշի դեպք, երբ բանակը կառավարության առաջ դրել է խնդիր, և դա չի լուծվել այն պատճառով, որ փող չկա: Բայց շատ խնդիրների լուծում միայն փողի հետ չի կապված»,- շեշտել է Փաշինյանը:
Իսկ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության հարց, ըստ նրա, չի քննարկվել, ընդհակառակը, եղել է ընկալում, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ ԼՂ հակամարտության համատեքստում:
Չնայած նրան, որ Փաշինյանն ասել է, որ իբր ռազմական տեխնիկայի ձեռքբերման պլանի փոփոխություն չի եղել, ամեն դեպքում, ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը նրան խնդրել է այս հարցին ավելի հստակ պատասխանի՝ արդյո՞ք որևէ ՀՕՊ համակարգ դուրս է մնացել ռազմական գնումների պլանից:
«Ընդհակառակը, ՍՌՏ պլանով եղել է «Տոռ» համակարգեր, որ մենք ձեռք ենք բերել, և բացի դա, ձեռք ենք բերել «Օսա-ԱԿ» համակարգեր, որի շուրջ շատ քննարկումներ, թե որքանով է այդ միջոցը մարտունակ, ես չեմ փակում այդ քննարկումները, թող քննարկվի: Ես ուզում եմ ասել, որ 2020 թվականի հուլիսյան մարտերի ընթացքում իսրայելական անօդաչու սարք խոցվեց՝ «Hermes» մակնիշի, ինձ զեկուցվել է, որ այն խոցվել է հենց «Օսա-ԱԿ» համակարգերով: Այսինքն, ես գրավոր տեղեկանք ունեմ, որ ռազմական գնումների պլանի փոփոխություն տեղի չի ունեցել: Ես հիշում էի, որ չի ունեցել, բայց նաև տեղեկանք ունեմ, որ փոփոխություն տեղի չի ունեցել: Այլ բան, որ բացի նշվածից, այլ ձեռքբերումներ են եղել, և այլ բան, որ նշվածների մեջ, հնարավոր է՝ եղել են ինչ-որ միջոցներ, որոնք հնարավոր չի եղել ձեռք բերել, որովհետև դա մեր պլանն է, որ պիտի ձեռք բերենք, բայց ուրիշն էլ իր վաճառքի պլանն ունի, որը միշտ չի, որ մեր ձեռքբերման պլանի հետ համընկնում է»,- պատասխանել է Փաշինյանն իրեն ուղղված հարցին՝ հավելելով, որ այսօր էլ ունենք իրավիճակ, երբ գումարը փոխանցվել է, բայց միջոցը չենք ստացել:
Ի դեպ, Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը մանրամասնել է, որ իրենից բանակը պահանջել է գնել Սու-30, և, որ Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ իրեն նամակ-վերլուծություն է ներկայացրել, թե որքանով է նպատակահարմար այդ ինքնաթիռների ձեռքբերումը:
«Ես այդ նամակը մակագրել եմ ՊՆ-ին: Ստացել եմ պատասխան, որ քննարկել ենք, և մեր եզրակացությունն այն է, որ դա մեզ պետք է: Ասել եմ՝ եթե պետք է՝ կունենանք: Էլ ի՞նչ է պետք, Հակաօդային պաշտպանության միջոցներ, կունենանք: Է՞լ ինչ է պետք: Կներեք արտահայտությանս համար, բայց մինչև 2020 թվականի պատերազմի վերջն ասել եմ՝ կոչո՞ւմ ա պետք, կունենաք, մեդա՞լ ա պետք, կունենաք, փո՞ղ ա պետք, կունենաք»,- շարունակել է Փաշինյանը:
Եղել են զինատեսակներ, որոնց իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել
Իսկ արդյո՞ք 44-օրյա պատերազմի ժամանակ եղել է սահմանափակում որևէ զինատեսակ օգտագործելու հարցում, Փաշինյանն այս առնչությամբ նշել է, որ ասելիք ունի զինատեսակների հետ կապված, ինչը միայն կարող է անել դռնփակ ռեժիմով: Միաժամանակ նա ասել է, որ եղել են զինատեսակներ, որոնց հետ կապված իրավունքը լիարժեք և ամբողջությամբ Հայաստանին չի պատկանել: Փաշինյանը չի մանրամասնել՝ արդյո՞ք խոսքն «Իսկանդերի» մասին է:
ԳՇ պետերից երբեք չեմ լսել պատասխան, որ մենք չեն կարող պահել
Այնուհետև Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Փաշինյանին հիշեցրել է, որ 2019 թվականի հունվարի 26-ին ՊՆ-ում տեղի ունեցած փակ խորհրդակցության ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ-ին դնում են պատերազմի կոնվեյերի վրա, և բանակի ղեկավարությանը հստակ հարց է տրվել՝ ունե՞նք ամրության համապատասխան պաշար, որ անիմաստ զիջումներ չանենք, ԳՇ պետ Արտակ Դավթյանը տվել է ստանդարտ պատասխան՝ ՀՀ զինված ուժերը պատրաստ են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Նիկոլ Փաշինյանն այս հիշեցմանն ի պատասխան՝ նշել է, որ ԳՇ պետերից երբեք չի լսել պատասխան, որ մենք չեն կարող պահել, երբ հարց է տվել՝ կարո՞ղ ենք պահել, այսինքն, ասել են՝ իհարկե, մենք կպահենք:
Մեր ինստիտուտները պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը գնահատել են 30 տոկոս. Փաշինյանը ՔԿ-ում ցուցմունք է տվել
Իսկ ինչպես գնահատել ԶՈւ հետախուզական ծառայությունների աշխատանքը, ինչպես հայտնել է Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն իրենց ասել է, որ ՀՀ ԶՈւ-երը 0046 դիրեկտիվի համաձայն՝ մաս-մաս բերվում էր առաջին աստիճանի պատրաստականության, որի համար հիմք է հանդիսացել ռադիոկլանման միջոցով սեպտեմբերի 25-ին ստացված F-16-ի օդաչուների խոսակցությունն առ այն, որ վաղն ինչ-որ կարևոր բանի պիտի մասնակցեն: Եվ, ըստ Քոչարյանի, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն այդ ժամանակ ինտուիցիայով կատարել է նախապատրաստական բոլոր աշխատանքները, արդյոք դա զեկուցվե՞լ է Փաշինյանին:
«Մեր ինստիտուտները որքա՞ն են հավանական գնահատել պատերազմի հավանականությունը մինչև ամսի 25-ը, 30 տոկոս է եղել հավանականության գնահատումը: Եվ դա եղել է ոչ միայն հետախուզության, այլ մի շարք այլ տվյալների, միջազգային գործընկերների հետ շփումների հիման վրա: Ինձ ուրիշ բան էլ է զեկուցվել, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է, և նաև հնչել է, որ սա հոգեբանական ճնշում է քաղաքական իշխանության վրա, որ նա գնա անհամաչափ զիջումների»,- արձագանքել է Փաշինյանը՝ հավելելով, որ սրա հետ կապված դռնփակ հատվածում լրացուցիչ տեղեկություններ կհայտնի, որոնք արդեն տրամադրել է ՔԿ-ին հարուցված գործի շրջանակներում տրված ցուցմունքում:
Պատերազմի առաջին ինֆորմացիան այն էր, որ ինչ-որ խումբ է ներթափանցել, բայց ասացին՝ մեծ պրոբլեմ չի
Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը նշել է, որ 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ մոբիլությունը բանակի ամենամեծ խնդիրներից մեկն է, թե ինչ մեթոդներով ու ինչպես է տեղաշարժվում բանակը:
«Պատերազմի առաջին ինֆորմացիան, որ ինչ-որ խումբ ներթափանցել է ինչ-որ տարածք: Գնահատականն այն էր, որ 4-5 հոգանոց խումբ է, մեծ խնդիր չի: Բայց հետո պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է: Հետո մինչև ՊԲ-ն զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո՝ երրորդ, չորրորդ խումբը: Այսինքն, շարժումը լինում էր ոչ թե 100-ավոր, այլ 4-5-10 հոգանոց խմբերով: Պատերազմի ընթացքում արձանագրած ամենամեծ պրոբլեմներից մեկն այն էր, որ մեր բանակն իր շարժվելու մեթոդների մեջ պրոբլեմ ուներ՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն: Ես գիտեմ, որ այդ բանավեճը մինչ օրս էլ կա: Մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս»,- ընդգծել է Փաշինյանը:
Եթե չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ պատերազմում հաղթելը ֆանտաստիկայի ժանրից է
Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հարցադրում է արել՝ ընդհանրապես պատերազմում հաջողությունը կամ առնվազն պահելը ֆանտաստիկայի ժանրի՞ց էր, թե՞ ոչ, այնուհետև պատասխանել իր իսկ հարցադրմանը.
«Եթե չլինեին մի շարք դրվագներ, ես կասեի՝ այո, դա ֆանտաստիկայի ժանրից էր, անիրատեսական էր, բայց մենք այսօր քրգործեր ունենք, որոնց դրվագներով բաներ են տեղի ունեցել: Այսինքն, մենք գիտենք, թե ինչ է տեղի ունեցել, բայց ինչու, դա չգիտենք: Մենք դեպք ունենք Ադրբեջանի կողմից ռազմավարական բարձունքի գրավման, մեր զորքերի կողմից հետ գրավման և մեր հրամանատարի կողմից հրաման՝ թողնել բարձունքը, գործը դատարանում է, որքան գիտեմ: Ինչո՞ւ է հնչել այդ հրամանը: Մենք քրգործ ունենք, որ բարձրաստիճան սպան խուճապ է տարածել և հանձնարարական է տվել, ասել է՝ գնացեք զորքին ասեք՝ հողերը տված ա, անիմաստ ա, քաշվեք, գնացեք այստեղից: Կան դրվագներ, որոնց անձամբ եմ առնչվել, երբ ինքս վերջին պահին տեղեկացել եմ մի տարածք հանձնելու որոշման մասին: Նախ, ես արգելել եմ այդ բանն անել, բայց այդ որոշման խորհուրդն ապօրինի միջամտությամբ տվել է մի շատ բարձրաստիճան զինվորական, որը, հարց է՝ ինչքանով ուներ նման խորհուրդ տալու՝ բունկերում գտնվելով: Պրոբլեմն այն է, որ այդ տարածքը մինչև այսօր հայկական վերահսկողության ներքո է: Ուրիշ բան, որ հետագա դեպքերն ապացուցեին, որ ես զինվորական չլինելով՝ բան չեմ հասկանում, բայց մարդը զինվորական լինելով՝ առաջարկում էր էվակուացնել այդ շրջանից, ու հետագա իրադարձություններն էլ ցույց տային, որ ինքը ճիշտ էր: Բայց այդ տարածքը մինչև հիմա հայկական վերահսկողության ներքո է: Ինչո՞ւ են այդպիսի հրամաններ հնչել»,- մանրամասնել է Փաշինյանը:
Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը շատ կոնկրետ խոսել է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանից: Մասնավորապես, նա ասել է, որ դեպքերի շատ ճնշող մեծամասնությամբ՝ Լեռնային Ղարաբաղի նախագահի տված տեղեկատվության հերքում է ստացել Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի կողմից:
«Բայց որոշ ժամանակ անց ԳՇ-ն ստիպված էր հաստատել այդ տեղեկատվությունը»,- ընդգծել է Փաշինյանը, որն այս մասին խոսել էր նաև հունիսի 20-ին Քննիչ հանձնաժողովում իր հրապարակային ելույթում:
Օնիկ Գասպարյանն ասաց՝ այդ հակահարվածի օպերացան պետք է իրականացնել
Այս համատեքստում Փաշինյանն անդրադարձել է նաև հայտնի հակահարվածի օպերացիային, որի առնչությամբ մեղադրանք էր առաջադրվել ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին, գործն այս պահին կասեցված է: Անդրանիկ Քոչարյանն էլ ասել է, որ Օնիկ Գասպարյանն իրենց ասել էր, որ հակահարձակումների նախապատրաստման փուլում Օնիկ Գասպարյանը խոսելով հակահարձակման հեղինակ Սամվել Բաբայանի հետ՝ Ջալալ Հարությունյանին հանձնարարել է ուսումնասիրել տեղանքը:
«Եթե չեմ սխալվում, Օնիկ Գապարյանն ասեց՝ Ջալալը գնաց նայեց և ասեց՝ «աչքս ուտում է», այսինքն, նայվող օպերացիա կարող է ծնվել, որը ռազմական ղեկավարության կողմից դիտվում էր, որ դա իրավիճակ կարող էր փոխել ճակատային այդ հատվածում: Երբ ստացվել է ՊԲ հրամանատարի դրական պատասխանը, նախաձեռնել է հակահարձակում»,- ասել է Քոչարյանը:
Իր հերթին՝ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ տեղյակ է հանգամանքներին, և հոկտեմբերի 5-6-ին եղել է Ստեփանակերտում, ՊԲ հրամկետում, արդեն 9-րդ ՊՇ-ի ճեղքումը տեղի էր ունեցել:
«Ինձ համար կարևոր է եղել ԳՇ պետի կարծիքը: Ես օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնում գտնվող մարդկանց հավատացել ու վստահել եմ գրեթե անվերապահորեն, և այն փաստը, որ իրենք կրում են գեներալական ուսադիրներ, ինձ համար վստահության կանխավարկածի շատ մեծ ավանս է։ Սա շատ երկար գործոն է եղել, մինչև որ այդ վստահությունը ամբողջությամբ չի խաթարվել, ընդ որում, խաթարումը կապված է կոնկրետ դրվագների հետ։ Եվ ես այնտեղից կապ եմ հաստատել Օնիկ Գասպարյանի հետ, պարոն Բաբայանին եմ խնդրել, որ ներկայացնի իր գաղափարը: Օնիկ Գասպարյանն ասել է, որ տրամաբանություն կա մեջը ու կարծում է, որ ՊԲ հրամանատարը պետք է ձևավորի պլան, ու ինքը գնահատի այդ պլանի իրագործելիությունը՝ դա հնարավո՞ր է, թե՞ ոչ: Ես ասել եմ՝ շատ լավ, դրական կամ բացասական պատասխանի դեպքում ինձ կտեղեկացնեք»,- նշել է Փաշինյանը՝ հավելելով, որ ինքը քաղաքական առումով չի արգելել դա անել, սակայն ռազմական առումով օպերացիայի իրագործումը պետք է որոշեին ռազմական պաշտոնյաները։
«Ես արդեն Երևանում էի, ու Օնիկ Գասպարյանը ինձ ասաց, որ որոշում է կայացվել իրագործել այդ օպերացիան։ Օնիկ Գասպարյանը Ջալալ Հարությունյանի առաջ խնդիրն այդպես է դրել՝ «տես՝ աչքդ ուտո՞ւմ է, թե՞ ոչ», որից հետո Հարությունյանը ասել է՝ այո։ Ես տեղյակ եմ, որ այդ դրվագով քրեական գործ կա հարուցված և քննություն է իրականացվում, ու ամենևին փաստ չէ, որ դա անիրատեսական ու չհիմնավորված բան էր»,- եզրափակել է Փաշինյանը՝ ըստ էության, հիմք ընդունելով Սամվել Բաբայանի այս առնչությամբ բոլոր ասածները: