Ալիևի ոչ հայելային պատասխանը՝ Փաշինյանին
Որքան էլ Նիկոլ Փաշինյանը և նրա քաղաքական թիմը փորձեն լեգիտիմացնել Հայաստանի դեմ Բաքվից հնչող տարբեր հայտարարությունները և պահանջները՝ ասելով, թե դրանք հայելային են, այդ թվում՝ «արևմտյան Ադրբեջան» պետական նախագծից բխող հայտարարությունները և ոչ միայն, դրանք իրականության հետ որևէ աղերս չունեն:
Մեկ անգամ չէ, որ գրել ենք՝ Ալիևն ինքը երբևէ «արևմտյան Ադրբեջան» պետական-քաղաքական ծրագիրը, որը հետևողականորեն առաջ է մղվում, չի համարել հայելային, այլ այն դիտարկել է մարդու իրավունքների համատեքստում:
Ադրբեջանի նախագահը պատմաքաղաքական կամ իրավաքաղաքական հարցերում ևս Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին համահունչ ձևակերպումներ չի հնչեցրել, եթե չասենք՝ ճիշտ հակառակը:
Վերջին թարմ օրինակները: Նիկոլ Փաշինյանը հայ հասարակության և հայ երիտասարդության շրջանում փորձում է փոխել նախնիներից և ծնողներից ժառանգած հայրենասիրության մոդելը՝ ներարկելով թեզը, թե այն եղել է կայսերական, ոչ պետական և օտարների կողմից թելադրված, հեղինակված: Եվ ոչինչ, որ «իրական Հայաստանի» տրամաբանության մեջ մեզ առաջարկվողն է իրականում պարտադրված, թելադրված, ինչը ենթադրում է հրաժարում հայոց պատմությունից՝ իր սխալներով և հաջողություններով: Փաշինյանի իշխանությունը մեզ փորձում է համոզել, որ այսպես ավելի ընկալելի ենք լինելու օտարների, միջազգային հանրության կողմից: Ընկալելի՞, թե՞ դիմադրության ոչ ունակ, թույլ, օտարների շահերը սպասարկող և հեշտ մարսվող:
Այստեղ մի մանիպուլյացիա էլ կա. Փաշինյանը և ՔՊ-ն մեկ ասում են՝ եթե մեր պատմությունը չջնջենք և չսկսենք զրոյական կետից, պատերազմ կսկսի, Թուրքիայի հետ չենք կարող հարաբերություններ կարգավորել, և մեկ էլ իրենք իրենց հակասելով՝ հայտարարում են, թե Ադրբեջանը Թուրքիային թույլ չի տալիս բանակցել Հայաստանի հետ: Ալեն Սիմոնյանն օրերս հայտարարեց:
Ժամանակին՝ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ էլ էր, ըստ էության, Ադրբեջանը հանդիսանում խոչընդոտ, որ հայ-թուրքական արձանագրությունները կյանքի չկոչվեցին, ըստ էության, այն ժամանակ Հայաստանը պատրաստ էր առանց նախապայմանների Թուրքիայի հետ կարգավորել հարաբերությունները, սակայն դա չէր նշանակում հրաժարվել սեփական պատմությունից, անցյալի փաստերից և զրոյական կետից «ժամանակակից պատմություն» գրել: Բայց, երբ այսօր իշխանությունների կողմից ասվում է, թե Ադրբեջանը խոչընդոտում է…, այն դեպքում, երբ այսքան զիջումներ են եղել Հայաստանի կողմից, օբյեկտիվ հարց է առաջանում՝ արդյո՞ք սա ևս մեկ անգամ ցույց չի տալիս, որ խաղաղությունն իրականում այնքան էլ կայուն չէ:
Վերադառնանք փաշինյանական «հայրենասիրության» մոդելին, և նշենք, որ Ավագների խորհրդի 9-րդ համագումարին հայտարարել է.
«Աշխարհում աճող սպառնալիքները, հատկապես՝ ազգային և հոգևոր ու ընտանեկան արժեքների էրոզիան բազմաթիվ երկրներում՝ գլոբալիզացիայի և սոցիալական ցանցերի վնասակար ազդեցության հետևանքով, ևս մեկ անգամ ընդգծում են Ադրբեջանում Ավագների ինստիտուտի նշանակությունն ու դերը։ Մեր երիտասարդությանն ազգային հայրենասիրության և սեփական արմատներին կապվածության ոգով դաստիարակելն ու նրանց ճիշտ ուղու վրա դնելը, դա մեր ավագ սերնդի գլխավոր խնդիրներից մեկն է»:
Արդյո՞ք սա համարժեք է նրան, ինչ Նիկոլ Փաշինյանն է սովորեցնում:
Ավելին, այսօր Կառավարության նիստից հետո հերթական ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը հետաքրքրվել է Նիկոլ Փաշինյանից՝ արդյոք պատրա՞ստ է հրապարակայնորեն հանձնառություն ստանձնել աջակցելու ՀՀ տարածքում պատերազմական հանցագործությունների պատժմանը, նույնիսկ, եթե դա վերաբերվի Ադրբեջանի ռազմական ու քաղաքական էլիտային, ինչին ի պատասխան՝ նշել է, թե նման խոսակցությունները երկսայրի սուր են:
Այնուհետև հարց է եղել նաև Արցախում Ադրբեջանի կողմից իրականացվող վանդալիզմի դեպքերի վերաբերյալ, սրան էլ Փաշինյանը պատասխանել է, թե դրանք պետական մակարդակով քննարկման առարկա չեն դառնալու։
Եվ սրան զուգահեռ՝ ադրբեջանական քարոզչական լրատվամիջոցները միահամուռ հոդվածներ են հրապարակել հայկական «վանդալիզմի» մասին, որոնք, մասնավորապես, «կատարվել են» Աղդամում՝ Ակնայում և Շուշիում: Ավելին, 44-օրյա պատերազմում Ադրբեջանի հաղթանակն ապահոված Թուրքիայի ազգային ինքնորոշման օրն այդ երկրի Պաշտպանական ազգային համալսարանի պատվիրակությունը այցելել է օկուպացված Շուշի, որոնց ուղեկցել են Ադրբեջանի բանակի զինծառայողներն ու սպաները, որտեղ 44-օրյա պատերազմի որոշ դրվագներ են վերհիշվել:
Բաքվում այսօր հիշել են նաև, թե ինչպես 3 տարի առաջ այս օրերին Հայաստանի հետ սահմանին՝ Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին, անցագրային կետ տեղակայեցին՝ վերահսկողություն սահմանելով Լաչինի միջանցքի նկատմամբ, ինչը դուրս էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթից: Ադրբեջանում, սակայն, սա առանց թաքցնելու՝ համարում են 44-օրյա պատերազմից հետո պետական քաղաքականության մեկ այլ փուլ, որը պիտի հանգեցներ Արցախի ամբողջական հայաթափման:
Իսկ Երևանում այսօր Դաշնակցության կազմակերպմամբ ավանդական ջահերով երթն է տեղի ունենալու, որից կարող է Նիկոլ Փաշինյանը ջղաձգվել, հատկապես, երբ այն տեղի է ունենում Թուրքիայի ազգային ինքնորոշման օրը…



