Եվրամիությունը չեղարկել է ադրբեջանական հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցները
Եվրամիությունը չեղարկել է Ադրբեջանին պատկանող հինգ լցանավի նկատմամբ պատժամիջոցային սահմանափակումները: Ինչպես տեղեկանում ենք «Ինտերֆաքս» գործակալությունից, այդ մասին հաղորդել է «Ադրբեջանի Կասպյան ծովային նավագնացություն» (ASCO) փակ բաժնետիրական ընկերությունը:
Նշվում է, որ SA Maritime AFZECO-ի՝ ASCO-ի համատեղ ձեռնարկության, և Ադրբեջանի պետական նավթային ընկերության նավերի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման մասին Եվրամիության խորհուրդը որոշում է կայացրել ապրիլի 23-ին:
Նշվում է, որ հարցի դրական լուծումը հնարավոր է դարձել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի, հանրապետության արտաքին գործերի, թվային զարգացման և տրանսպորտի նախարարությունների, ASCO-ի և SOCAR-ի համակարգված դիվանագիտական ու իրավական գործունեության շնորհիվ։
«Հարկ է նշել, որ հիշյալ նավերը երկարաժամկետ վարձակալության են տրվել երրորդ կողմերին՝ չարտերային համաձայնագրերի հիման վրա։ Ընդ որում, դրանց շահագործումն իրականացվել է միջազգային կանոնակարգերին, այդ թվում՝ պատժամիջոցային պահանջներին լիովին համապատասխան։ Ընդունված որոշումը դիտարկվում է որպես միջազգային իրավունքի նորմերի վրա հիմնված օբյեկտիվ մոտեցման, ինչպես նաև կառուցողական երկխոսության արդյունք», – հաղորդել է ASCO-ն։
Դատելով բաց աղբյուրներից՝ ադրբեջանական լցանավերը 2025 թվականին պատժամիջոցների տակ են հայտնվել Եվրամիության, Միացյալ Թագավորության և Կանադայի մեղադրանքներով՝ կապված ռուսական նավթի տեղափոխման հետ։



