Ջալալ Հարությունյանի գործով ռազմագիտական փորձաքննությունը հայտնի հակահարվածի դրվագով է. ովքեր են մասնակցելու դրան

Հունիսի 12-ին հայտնի էր դարձել, որ Ջալալ Հարությունյանի նկատմամբ քրեական հետապնդումը կասեցնելու որոշում է կայացվել:

168.am-ին ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ «վարույթի համակողմանիությունն ապահովելու նպատակով նշանակվել է հանձնաժողովային ռազմագիտական փորձաքննություն, և այդ հիմքով կայացվել է Ջ․Հ․-ի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդումը կասեցնելու դատավարական որոշում»:

Հիշեցնենք, որ Ջալալ Հարությունյանը մեղադրվում էր պատերազմական 2 դրվագով. առաջին դրվագը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կատարված հակահարձակման հայտնի օպերացիային, երկրորդը՝ 2020 թվականի հոկտեմբերի 12-ին դիվիզիոններից մեկում տեղի ունեցած, այսպես ասած՝ հակառակորդի հարձակման հետևանքով կորուստներին։

Հակահարվածի դրվագը ռազմագիտական փորձաքննություն է պահանջում

Կարդացեք նաև

Հունիսի 16-ին 168.am-ը հարցում էր ուղարկել Քննչական կոմիտե՝ պարզելու, թե ովքեր են անցկացնելու այդ ռազմագիտական փորձաքննությունը՝ ՊՆ ներկայացուցիչնե՞րը, թե՞ կոնկրետ փորձագետներ, որոնց փորձագիտական կարծիքը կարող է դատարանը հիմք ընդունել: Մենք փորձել ենք պարզել նաև, թե մեղադրանքում նշված ո՞ր դրվագով է հատկապես ռազմագիտական փորձաքննություն անցկացնելու անհրաժեշտություն առաջացել՝ արդյո՞ք հայտնի հակահարվածի օպերացիայի, որի հավանությունը Ջալալ Հարությունյանը, ըստ վերջինի փաստաբանի, ստացել էր Նիկոլ Փաշինյանից, և, առհասարակ, ովքեր են Ջալալ Հարությունյանի գործի շրջանակում մինչ այս պահը որպես վկա հարցաքննվել, առաջադրված մեղադրանքն ում կամ ինչ ցուցմունքների հիման վրա է կազմվել:

Քննչական կոմիտեի՝ հունիսի 28-ով թվագրված պատասխան գրության մեջ նշվում է.

«Ի պատասխան ՀՀ քննչական կոմիտեի նախագահին Ձեր կողմից հասցեագրված հարցման՝ հայտնում ենք, որ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առնչվող քրեական վարույթով՝ հակահարվածի դրվագով նշանակված ռազմագիտական փորձաքննությունը կատարվելու է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի և ՀՀ ՊՆ ազգային ինստիտուտի ներկայացուցիչների, ինչպես նաև՝ Ջալալ Հարությունյանի կողմից առաջարկված երկու սպաների կողմից: Համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 252-րդ հոդվածի 1-ին մասի՝ փորձաքննությունը կատարվում է, երբ վարույթի համար նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով անհրաժեշտ են գիտության, տեխնիկայի, արվեստի, արհեստի կամ այլ բնագավառում, այդ թվում՝ համապատասխան հետազոտությունների մեթոդիկայի բնագավառում հատուկ գիտելիքներ»:

Իսկ թե ովքեր են Ջալալ Հարությունյանի գործի շրջանակում որպես վկա հարցաքննվել, առաջադրված մեղադրանքն ում կամ ինչ ցուցմունքների հիման վրա է կազմվել, Քննչական կոմիտեն անպատասխան է թողել:

Միքայել Արզումանյանի գործով ռազմագիտական փորձաքննություն պետք չէ

Հունիսի 16-ին Քննչական կոմիտե ուղարկած մեր հարցմամբ փորձել էինք պարզել՝ ինչո՞ւ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործով ռազմագիտական փորձաքննության անհրաժեշտություն չեղավ, երբ գործ ունենք ոչ պակաս կարևոր, կամ շատ կարևոր պատերազմական դրվագների հետ, իսկ «Արեգասարի» հետ կապված մեղադրանքը շատ հարցեր է առաջացնում:

Գեներալ Արզումանյանը մեղադրվում է պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու, գործը դատարանում է, իսկ նա ավելի քան 9 ամիս կալանքի տակ է:

«Միքայել Արզումանյանին վերաբերելի քրեական վարույթով նախաքննության ընթացքում փորձաքննության միջոցով որևէ հանգամանք պարզելու անհրաժեշտություն չի ծագել, հետևաբար՝ ռազմագիտական փորձաքննություն չի նշանակվել»,- մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ՔԿ-ից:

Գեներալ Արայիկ Հարությունյանի գործով գնդապետ է կալանավորվել

168.am-ի տեղեկություններով, 2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզ ադրբեջանական առաջխաղացումներին առնչվող գեներալ Արայիկ Հարությունյանի գործի շրջանակում կալանավորվել է գնդապետ Վիգեն Սիմոնյանը, ով կալանավորման պահին ՀՀ ԶՈՒ զորամիավորումներից մեկում էր պաշտոն զբաղեցնում, իսկ 2021-ի մայիսին 2-րդ բանակային կորպուսի ենթակա զորամասերից մեկի հրամանատարն էր:

«2021 թվականի մայիսի 12-ին Գեղարքունիքի մարզին հարող՝ Վերին Շորժա, Կութ բնակավայրերի և Նորաբակ համայնքի շփման գծի երկայնքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված ագրեսիայի և ՀՀ սուվերեն տարածք ներխուժելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասին) հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի նախկին հրամանատար, կոչումով գնդապետ Վ.Ս.-ի նկատմամբ, և որպես խափանման միջոց՝ ընտրվել է կալանքը»:

Հավելենք, որ 2021 թվականի՝ Ադրբեջանի կողմից մայիսյան առաջխաղացումներից օրեր անց Նիկոլ Փաշինյանն այցելել էր Կութ, 2-րդ բանակային կորպուս, և տեսագրության մեջ երևում է, որ այդ ժամանակ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Արայիկ Հարությունյանը Փաշինյանին ցույց է տալիս ՀՀ ինքնիշխան տարածք մտած ադրբեջանցիներին, ինչ-որ քայլեր անելու առաջարկներ անում, որին Փաշինյանը բացասական պատասխան է տալիս:

Մինչ այժմ հայտնի չէ՝ արդյո՞ք քննության առարկա դարձել է այս տեսանյութը, գուցե՝ այո, գուցե՝ ոչ:

Քննչական կոմիտեն չի գաղտնազերծում Փաշինյանի նշած բարձրաստիճան սպայի ինքնությունը

 2023 թվականի ապրիլի 18-ին Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում հայտարարել էր. 

«Պատերազմի ժամանակ իմ ազգականներից մեկն եկավ իմ աշխատասենյակ և ասաց՝ գիտե՞ս ինչ, էսինչ բարձրաստճան սպան՝ անուն-ազգանունով, զորքի մեջ խուճապ է տարածում, ասում է՝ Նիկոլը փողերը տվել է՜…, հողերը տվել ա, անիմաստ ա կռվելը… Ես իմ ազգականին դուրս եմ հանել սենյակից, ասել եմ՝ դու եկել ես, ՀՀ բանակի սպայի մասին ինձ բա՞ն ես ասում: Էս վերջերս լրիվ պատահաբար իմանում եմ, որ ինչ-որ մի առիթով քրեական գործ է հարուցվել, և այդ դրվագը հիմնավորվելու շատ մեծ հնարավորություն ունի…»:

Մեր հարցման շրջանակում ՔԿ-ից փորձել էինք պարզել՝ ո՞ւմ մասին է Փաշինյանը խոսում, ընդ որում, ոչ մեկ անգամ, ո՞վ է այդ բարձրաստիճան սպան։ ՔԿ-ն, սակայն նախընտրել է գաղտնի պահել տվյալ բարձրաստիճան սպայի ինքնությունը:

«Տվյալ դեպքի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 4-րդ մասի (համապատասխանում է ՀՀ գործող քրեական օրենսգրքի 549-րդ հոդվածի 3-րդ մասին) հատկանիշներով իրականացվում է քննություն:

Հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթները՝ Ձեր հարցմամբ նշված առավել մանրամասն տեղեկատվության տրամադրումը հնարավոր չէ, քանի որ պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ»,– նշվում է ՔԿ գրության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս