Քուվեյթը բացում է իր օդային տարածքը փետրվարի 28-ից ի վեր առաջին անգամ
Քուվեյթն Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների սկսվելուց ի վեր առաջին անգամ բացել է իր օդային տարածքը։ Այս մասին հաղորդել է KUNA գործակալությունը:
«Քուվեյթի միջազգային օդանավակայանի օդային տարածքն ապրիլի 23-ին վերաբացվել է փետրվարի 28-ին տարածաշրջանում ստեղծված իրադրության պատճառով օդային երթևեկության՝ կանխարգելիչ նպատակով ժամանակավոր դադարեցումից հետո», – մեջբերում է գործակալությունը Քաղաքացիական ավիացիայի վարչության գլխավոր տնօրեն Համուդ Մուբարաքի հայտարարությունը:
Պաշտոնյայի խոսքով՝ այդ քայլը «ավիահաղորդակցությունն աստիճանաբար վերականգնելու՝ լավ մտածված փուլային ծրագրի մի մասն է՝ առաջիկա ժամանակաշրջանում օդանավակայանի լիարժեք աշխատանքին նախապատրաստվելու շրջանակներում»։
Մուբարաքը հայտնել է, որ իշխանություններն ավարտել են վնասի գնահատումը, որը Իրանը և նրա հետ կապված զինված խմբավորումները հասցրել են օդանավակայանի առանձին օբյեկտների:
Նա շնորհակալություն է հայտնել Սաուդյան Արաբիային՝ այս ժամանակաշրջանում «համագործակցության և աջակցության» համար։
Միևնույն ժամանակ Քուվեյթի կառավարությունը հայտարարել է, որ երկրի երկու ավիաընկերություններ՝ Kuwait Airways-ը և Jazeera Airways-ը, թռիչքները կվերսկսեն ապրիլի 26-ից։
Քուվեյթի միջազգային օդանավակայանն իր աշխատանքը դադարեցրել է Իրանի դեմ ամերիկա-իսրայելական գործողությունների սկսվելուց ի վեր։ Բոլոր չվերթերը վերաուղղորդվել են Սաուդյան Արաբիա։



