Լավ ապրելու հույս չկա. Աշխատավարձի աճը դանդաղում է, գնաճը՝ արագանում

Տարեսկզբից գնաճը Հայաստանում ակտիվացել է։ Աշխատավարձերի աճը դանդաղել է, իսկ գնաճը՝ արագացել։ Դա նշանակում է, որ այս տարի էլ սովորական քաղաքացին, ով միայն աշխատավարձի հույսին է ու այլ եկամուտ չունի, էլի լավ չի ապրելու։ Ընդհակառակը՝ շատերն ավելի վատ են ապրելու, որովհետև նրանց եկամուտները չեն հասցնելու թանկացումների հետևից։

Սա իհարկե, իշխող քաղաքական թիմին, պետական պաշտոններ զբաղեցնող ու պետական միջոցներից առատորեն սնվող ՔՊ-ականներին չի վերաբերում, ովքեր ոչ միայն բարձր աշխատավարձ, այլև աշխատավարձից ավելի պարգևավճարներ ու այլ եկամուտներ են ստանում։ Այս մարդկանց եկամուտները հիմա այնքան բարձր են, որ գնաճը, անգամ ակտիվացած գնաճը, նրանց կյանքում ու կենցաղում մեծ բան չի փոխում։ Նրանք հիմա այնքան եկամուտներ են ստանում, որ կարող են ոչ միայն չնկատել գնաճը, այլև իրենց թույլ տալ թանկարժեք առանձնատներ, բնակարաններ, ավտոմեքենաներ գնել ու շարունակել ապրել ճոխ կյանքով։

Գնաճի ազդեցությունը զգում են առաջին հերթին այն քաղաքացիները, որոնց եկամուտներն, առանց այդ էլ, հազիվ էին բավարարում նվազագույն կարիքներին, եթե, իհարկե, բավարարում էին։ Եթե չէին բավարարում, հիմա ավելի շատ չեն բավարարելու, ու այս մարդիկ ստիպված են լինելու հիմա ավելի քչով բավարարվել։ Գնաճի արագացումը խնդիր է հատկապես հասարակության սոցիալապես անապահով խմբերի համար, որոնք այսօր Հայաստանում բավական մեծ թիվ են կազմում։

Պաշտոնական տվյալներով, տարեսկզբից գնաճի տեմպը Հայաստանում գրեթե 40 տոկոսով արագացել է։ Միջին գնաճը հասել է 4.5 տոկոսի։ Բայց դա դեռ շատ բան չի ասում աշխատավարձով ապրող հասարակ քաղաքացուն, որովհետև թանկացումների ազդեցությունը նա անհամեմատ ավելի մեծ չափով է զգում իր վրա, քան այդ 4.5 տոկոսանոց գնաճն է։ Դա արտահայտվում է առաջին հերթին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների շուկաներից եկող թանկացումների միջոցով։ Սննդամթերքը, վերջին տվյալներով, հասցրել է թանկանալ 7.8 տոկոսով։ Այն էլ՝ նախորդ տարվա 5.4 տոկոսանոց գնաճից հետո։

Կարդացեք նաև

Երկու տարում սննդամթերքի կուտակային գնաճը Հայաստանում կազմել է 13.2 տոկոս։

Հիմա պատկերացրեք, թե թանկացումների ինչպիսի մեծ բեռ է կրում իր վրա այն քաղաքացին, որի եկամուտները 2 տարվա ընթացքում գրեթե չեն ավելացել կամ ավելի քիչ են ավելացել, քան կուտակային գնաճն է։ Բայց կուտակային գնաճը մի կողմ թողնենք ու խոսենք այս տարվա գնաճային դրսևորումների մասին։

Մարտին՝ նախորդ տարվա մարտի համեմատ, սննդամթերքը Հայաստանում թանկացել է 7.8 տոկոսով։ Մինչդեռ՝ միջին աշխատավարձն ավելացել է 5.3 տոկոսով։ Դա էլ գիտենք, թե հիմնականում ում հաշվին է եղել։ Կան 2-3 ոլորտներ, որտեղ տեղի է ունենում աշխատավարձերի բարձրացում, ինչն էլ բերում է միջին աշխատավարձի աճին, չնայած այդ աճը բազմաթիվ աշխատող քաղաքացիներ սովորաբար չեն զգում իրենց վրա։ Օրինակ՝ նվազագույն աշխատավարձով աշխատողները, որոնց աշխատավարձը՝ ինչպես 3 տարի առաջ էր 75 հազար դրամ, այնպես էլ՝ հիմա է։ Ու այդ մարդիկ, միլիոններ ստացող չինովնիկների հետ նույն կերպ, կրում են գնաճի ազդեցությունը։

Աշխատավարձերի բարձրացումը շատերին է շրջանցում, փոխարենը՝ նրանք ամեն քայլափոխի առերեսվում են գնաճի հետ։ Վերջին տվյալներով, նախորդ տարվա համեմատ միջին աշխատավարձը Հայաստանում ավելացել է 14.9 հազար դրամով։ Խոսքը, այսպես կոչված, կեղտոտ աշխատավարձի աճի մասին է։ Եթե հարկերը հանենք, աճը կկազմի հազիվ 10-11 հազար դրամ։ Բայց դա եղել է  հիմնականում բարձր աշխատավարձ ստացողների հաշվին։ Մինչև 50 աշխատող ունեցող կազմակերպություններում, որտեղ մարդիկ ստանում են միջինում առավելագույնը 238 հազար դրամ, պաշտոնական տվյալներով, միջին աշխատավարձը, այն էլ՝ դեռ չհարկված, վերջին 1 տարում ավելացել է ընդամենը 3.5-4 հազար դրամի չափով։ Խոսքը շուրջ 340 հազար աշխատողի մասին է, որոնք կազմում են աշխատող քաղաքացիների գրեթե 42 տոկոսը։

Այս մարդկանց միջին աշխատավարձերը 1 տարում ավելացել են ընդամենը 1.7-2.5 տոկոսով։ Այդ նույն ժամանակահատվածում գնաճի տեմպը կրկնակի բարձր է եղել։

Սննդամթերքի պարագայում էլ գնաճի տեմպն ավելի քան եռակի է գերազանցել այդ 340 հազար աշխատող քաղաքացիների ստացած աշխատավարձի աճի տեմպին։

Ի՞նչ եք կարծում, այս մարդիկ սկսել են ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ ապրել։

Պարզ է, որ ավելի վատ, քան ապրում էին առնվազն մեկ, գուցե նաև մի քանի տարի առաջ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս տարի այլևս նվազագույն աշխատավարձի բարձրացման հույս չկա, իսկ ցածր աշխատավարձեր ստացող քաղաքացիների աշխատավարձերը, ինչպես տեսնում ենք, անհամեմատ ավելի դանդաղ են աճում, քան արագացող գնաճն է, նշանակում է, առաջիկայում էլ նրանք լավ չեն ապրելու, նույնիսկ ավելի վատ են ապրելու, քան այսօր։

Պաշտոնական տվյալներով, այս տարի սննդամթերքի շուկայում ամենաբարձր գնաճը գրանցվել է ձվի պարագայում։ Ձուն նախորդ տարվա համեմատ թանկացել է ավելի քան 30 տոկոսով։ Կան էլի ապրանքներ, որոնց գնաճը դրան մոտ է, բայց համարենք, որ այդ ապրանքները շատ մեծ կենսական կարևորություն չունեն քաղաքացիների համար։ Սակայն նույնը չենք կարող ասել, օրինակ՝ մսամթերքի մասին, որը երկնիշ գնաճ է արձանագրել։ Ամենաշատը թանկացել է տավարի միսը՝ վերջին 1 տարում ավելի քան 15 տոկոսով։ Գառան մսի գնաճը 14 տոկոսին մոտ է, իսկ խոզի միսը թանկացել է 12 տոկոսով։

Համեմատաբար ցածր է եղել ձկնամթերքի գնաճը։ Իշխանն այս տարի 3 տոկոսով է թանկացել, բայց նախորդ տարվա կտրուկ թանկացումից հետո։ Այդ նույն իշխանը նախորդ տարի թանկացել էր 21.5 տոկոսով ու այս տարի 21.5 տոկոսի վրա ևս 3 տոկոսով գները բարձրացել են։

Տեղափոխվենք կաթնամթերքի շուկա, որտեղ տասներկուամսյա գնաճը մարտին կազմել է 12.8 տոկոս։

Անցած տարվա գրեթե 14 տոկոսանոց գնաճից հետո, բուսական յուղը թանկ է ևս 9.5 տոկոսով։ Կարագի գնաճը վերջին 1 տարում կազմել է 8.2 տոկոս, պանրինը՝ 8.1 տոկոս։

Հացամթերքն է թանկացել, մրգերն ու բանջարեղենը։ Բանջարեղենը՝ հատկապես անցած տարվա կտրուկ թանկացումից հետո։

Ոչ պարենային ապրանքների, առավել ևս՝ ծառայությունների  թանկացումների մասին էլ չենք ասում։ Ու այս բոլորի ազդեցությունը կրում են հարյուր-հազարավոր քաղաքացիներ, այդ թվում՝ աշխատող քաղաքացիներ, որոնց աշխատավարձը  գրեթե չի ավելանում կամ շատ ավելի քիչ է  ավելանում, քան գնաճն է։

Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ականները, որոնք ժամանակ առ ժամանակ կոկորդ են պատռում, թե մարդկանց կյանքը բարելավել են, հիմա թող ասեն՝ այս 340 հազար աշխատող քաղաքացիները, կամ աշխատողների 42 տոկոսը, որոնց աշխատավարձերի աճի տեմպն առնվազն կրկնակի ցածր է եղել միջին գնաճից, եռակի ցածր սննդամթերքի գնաճից, ավելի լա՞վ, թե՞ ավելի վատ են ապրում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930