Ինքնիշխանությունը Փաշինյանն օգտագործում է՝ որպես կերակուր սեփական լսարանի համար. աշխարհում մեզ վերաբերվում են որպես գլխացավանքի՝ օգտագործելով իրենց շահերի սպասարկման համար. Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Հարավային Կովկասի անվտանգային ճարտարապետության գծողը, բնականաբար, Հայաստանը չէ։ Անմիջական գծողները Ռուսաստանը, Իրանն ու Թուրքիան են։ Կա ևս երկու պրոքսի ձևաչափի գլխավոր ճարտարապետների հավակնություն ունեցող երկիր՝ ԱՄՆ և Չինաստան։ Գործ ունենք պայմանականորեն G2 անվանվող մոդելի հետ։ Մեծ հաշվով Իրանն այս տարածաշրջանում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Ասիայում Չինաստանի շահերի առաջ տանողն է։ Ձևավորվում է Մեծ Եվրասիական պլատոն։
  • Արդեն իսկ հնարավոր չէ թաքցնել Թուրքիայի կողմից Հայաստանի կայացրած որոշումների վրա հստակ ազդեցությունը։
  • Մեծ Թուրանը, պանիսլամական գաղափարներն ավելի շատ գաղափարախոսական, պրոպագանդիստական գաղափարներ են ներքին լսարանի համար։ Չկա ոչ մի Մեծ Թուրանի ծրագիր, կան աշխարհաքաղաքական, տնտեսական շահեր։
  • ԱՄՆ-ը, այդ թվում նաև՝ Թուրքիայում ազդեցություն ունենալու համար, փորձում է առաջարկել նոր նախագծեր։ Նոր լոգիստիկ նախագիծն ուղղված է ոչ այնքան Թուրքիային, որքան Չինաստանին ու Ռուսաստանին։
  • Թուրքիան հասկանում է, որ կարող են ձևավորվել նոր տրանսպորտային միջանցքներ, և փորձում է դիրքավորվել հարավկովկասյան տարածաշրջանում։ Դրա համար Թուրքիան փորձում է շատ արագ կյանքի կոչել «Զանգեզուրի միջանցք» նախագիծը, և սրա շուրջ կա միջազգային կոնսենսուս։ Սա մի նախագիծ է, որը Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են վաճառել Եվրոպայի, Արևմուտքի վրա։ Եվրոպայի առաջ դրված է ռուսական գազը դուրս մղելու խնդիր։ Թուրքիան ու Ադրբեջանը օգտվում են դրանից՝ առաջարկելով համատեղ նոր գազամուղն այդ տարածքով կառուցելու ու Եվրոպային մատակարարելու նախագիծ։

  • Հայաստանյան մեդիա դիսկուրսում շատ մեծ վախեր կան «միջանցք» տերմինից։ Դա փուչիկ է։ Ժամանակակից տրանսպորտային տերմինաբանության մեջ դա հենց միջանցք էլ անվանվում է։ Այլ հարց է դրա բովանդակությունը։
  • Իրանի տարածքով, միևնույն է, ճանապարհ կառուցվում է, և անկախ Զանգեզուրի միջանցքի լինել-չլինելուց՝ այն գործելու է։ Ու դա չի լինելու արտատարածքային միավոր։
  • 2021թ.-ից Թուրքիան և ՀՀ գործող իշխանությունը հայտարարում են ինչ-որ տնտեսական դիվիդենտների մասին։ Անգամ թիվ էին նշում։ Բայց երբ նայում ես դրա առնչությամբ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության հիմնավորումները, ապա դրանք վերցված են 2008-2009թթ․ Համաշխարհային բանկի զեկույցներից։
  • Այս վտանգավոր գործընթացները լեգիտիմացնելու համար ՀՀ գործող իշխանությունները ժողովրդին պետք է ցույց տան կոնֆետի թուղթը։ Կոմունիկացիաները բացելը միշտ լավ է, բայց այն դեպքում, երբ ունես տնտեսական անվտանգություն ու զարգացած տնտեսություն։ Հայաստանի դեպքում փորձելու են իրականացնել Վաշինգտոնյան կոնսենսուսի կոնցեպտը։ Նպատակը զարգացող պետություններին էժան վարկային միջոցներ տրամադրելն է՝ փոխարենը պահանջելով լուրջ տնտեսական ռեֆորմներ, այլ կերպ ասած՝ լիբերալիզացիա, ինչը հիմա արդեն իսկ ընթանում է։ Պետությունը գնալով նվազեցնում է իր մասնակցության աստիճանը տնտեսական նախաձեռնություններում։ Այս պարագայում լինում է կարճաժամկետ տնտեսական էֆեկտ և սուվերենության աստիճանի նվազեցում։
  • Տեղեկություն կա, որ երբ անցյալ տարի Նենսի Փելոսին այցելել էր Հայաստան, պահանջներից մեկը ռուսական կապիտալով աշխատող ընկերությունների մասնավորեցման հարցն է եղել։ Խոսքը վերաբերում է գազին և երկաթուղուն։
  • Երկրորդ փուլով կամրապնդեն Թուրքիայի մշակութային ազդեցությունը Հայաստանի վրա, իսկ երրորդ փուլը Թուրքիայի կողմից քաղաքական որոշումների վրա ուղղակի ազդեցությունն է։
  • Երբ ասում են՝ Իրանն այս կամ այն բանն է հայտարարում, պետք է հաշվի առնել՝ ով է հայտարարողը՝ պաշտոնական Թեհրա՞նը, թե՞ Իրանի իսլամական հեղափոխության կորպուսը։ Նրանք երկուսն էլ Իրանում չափազանց մեծ ազդեցություն ունեցող կենտրոններ են, որոնց դիրքորոշումները, սակայն, այս կամ այն հարցի շուրջ երբեմն տրամագծորեն տարբեր են լինում։
  • Թե Իրանի, թե Թուրքիայի համար քրդական խնդիրն իրենից լուրջ վտանգ է ներկայացնում։ Չի բացառվում, որ Զանգեզուրի միջանցքի կոնսենսուսին փորձեն հասնել՝ այս գործոնը քննարկելով։
  • Իրանն ունի շատ լուրջ դաշնակից՝ Չինաստանը։ Չինաստանն Իրանի միջոցով դուրս կգա սիրիական Լաթաքիա, ուր ռազմական մեծ ներկայացվածություն ունի ռուսական զինուժը։ Բացի դրանից, օրեր առաջ Սիրիան ու Չինաստանը հայտարարեցին ռազմաքաղաքական դաշնակցության մասին։ Սա Սիրիայում կարող է էականորեն թուլացնել Ռուսաստանի դիրքերը, ինչին ձգտում է Չինաստանը։

Կարդացեք նաև

  • Իրանը նույնպես տարածաշրջանում դիրքավորվում է՝ որպես ուժ, որը կարող է հակակշիռ լինել Ռուսաստանին։ Դրան նպաստում է այսօր ԱՄՆ-ը, ով հասկանում է՝ Իրանի հետ հարաբերությունների կարգավորումը վերջնականապես կարող է Ռուսաստանին դուրս մղել տարածաշրջանից։
  • Ռուսաստանին վերջնականապես վերացնել հնարավոր չէ․ այն միջուկային գերտերություն է։ Խոսքը Ռուսաստանի դիրքերի՝ տարածաշրջանում թուլացմանն է վերաբերում, ու չի բացառվում, որ սա բխում է նաև ռուսական որոշ էլիտաների շահերից։
  • Ռուսաստանում ադրբեջանաթուրքական ներքին լոբբիստները բավականին ուժեղ են՝ Գոդ Նիսանով, Ալեքպերով։ Սրանով է պայմանավորված նաև ռուսական պետական առաջատար մեդիայում հակահայկականության քարոզի չափի մեծացումը։
  • Արցախում գտնվող ՄԱԿ-ի խումբն Արցախի հայաթափումից հետո վերջնականապես լեգիտիմացրեց Արցախի հայաթափումը։
  • Արցախի հանձնումն Ադրբեջանին ի սկզբանե դիտարկվում էր՝ որպես «խաղաղության պայմանագրի» կնքման նախադրյալ և Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու և աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության գործոն։
  • Արցախն ու Սյունիքը դիտարկվում են՝ որպես օրգանապես նույն, իրար լրացնող գործոններ։ Դա է պատճառը, որ հիմա մեծ վտանգ կա՝ Սյունիքի հետ կապված։ Անգամ Էրդողանը հայտարարեց՝ Ղարաբաղի հարցը փակվեց, բայց կա Զանգեզուրի միջանցքի հարցը։ Այս հարցում համընկնում են բոլորի շահերը։ Մնում է պայմանավորվեն Իրանի հետ, ու կվերանան նրա հայտարարած կարմիր գծերը։ Հիմա շատ բարենպաստ միջազգային, աշխարհաքաղաքական իրավիճակ է այդ հարցի լուծման համար։
  • Ֆրանսիան շատ հետաքրքիր խաղացող է։ Այս տարածաշրջանում Ֆրանսիան ունի սեփական, հաճախ ԵՄ-ից տարբեր շահեր։ Առաջինը ներքին խնդիրն է, որովհետև Ֆրանսիայում կա բավականին ազդեցիկ հայ համայնք։ Բայց ներքին իսլամական գործոնը Ֆրանսիային ստիպում է ավելի զգուշավոր լինել։ Աշխարհաքաղաքական տեսանկյունից տարածաշրջանում Ֆրանսիան իր համար շատ լուրջ մրցակից է համարում Թուրքիային։ Սյունիքում դիրքավորվելով՝ Ֆրանսիան փորձում է հակակշիռ դառնալ Թուրքիայի համար։ Բացի դրանից, Ֆրանսիան ունի ուրանի ներկրման դիվերսիֆիկացման անհրաժեշտություն, ինչով հարուստ է Սյունիքը, թեպետ Ֆրանսիայի համար այդ հարցում կան ավելի անվտանգ ճանապարհներ։
  • Ռուսաստանի դուրս գալը տարածաշրջանից ու Հայաստանից՝ առաջացնելու է տարածաշրջանային քաղաքական վակուում, որը շատ արագ լցվելու է Թուրքիայով։ Սա շատ հստակ է։
  • Ռուսաստանի՝ «куда они денутся» մոտեցումն իներցիայով նրանց պահում է Հայաստանում, բայց չկա աշխատանք, փափուկ ուժի գործոն։ Եթե Ռուսաստանը չվերանայի իր մոտեցումները, շատ արագ կարող է հակառուսականությունը Հայաստանում հասնել գագաթնակետին։ Ռուսաստանը պետք է զրոյից մշակի ու փորձի Հայաստանում կյանքի կոչել փափուկ ուժի ռազմավարությունը։
  • Չեչնիայում ռուսական ազդեցությունը պահպանվում է բացառապես Ռամզան Կադիրովի գործոնով պայմանավորված։ Եթե չլինի նա, այդ ազդեցությունը կարող է մի վայրկյանում վերանալ, որովհետև Չեչնիայի անտառներում մինչև այժմ կան Չեչնիան Իչկերիա դարձնել երազող պարտիզանական խմբեր։ Դաղստանում Ադրբեջանն ունի հստակ շահեր, և նրանք մինչև այժմ Մախաչկալան համարում են ադրբեջանական քաղաք։ Եթե Ռուսաստանը չվերանայի իր քաղաքականությունը, կարող է կորցնել նաև Հյուսիսային Կովկասը։
  • Շահը սահմանում է քաղաքական իշխանությունը․ մեր իշխանությունն ազգային շահ չունի, ունի քաղաքական շահ՝ սեփական իշխանությունը պահելն ու վերարտադրելը։
  • Աշխարհում մեզ վերաբերվում են՝ որպես գլխացավանքի։ Մեզ պահում են, որ օգտագործեն իրենց շահերի սպասարկման համար։ Այս իշխանությանը նրանք պահում են հենց դրա համար։ Մենք չունենք վեկտոր․ ՀՀ իշխանություններն առավոտյան պրոռուսական են, կեսօրին՝ պրոարևմտյան, երեկոյան՝ երբեմն պրոիրանական։ Սա այս իշխանությունների քաղաքական վերարտադրության ֆենոմենն է։
  • Ինքնիշխանությունը Փաշինյանն օգտագործում է՝ որպես կերակուր սեփական լսարանի համար։
  • Եթե տիտանների բախման սցենարն իրագործվի, այն կիրականացվի սառը պատերազմի տրամաբանության մեջ, պրոքսի ձևաչափով։ Օրինակ՝ հնարավոր է՝ ադրբեջանական զինուժի ձեռքերով ապահովվի որոշակի առաջխաղացում Սևանի ուղղությամբ։ Եթե լինի պատերազմ, այն լինի կարճաժամկետ՝ Հայաստանի քարտեզի էական վերաձևմամբ։
  • Ջրի խնդիրն այսօր միջազգային անվտանգության էական գործոններից է։ Ըստ ՄԱԿ-ի՝ աշխարհում ակնկալվում է 700 միլիոն կլիմայական փախստականների հոսք՝ պայմանավորված ջրի սակավությամբ։ Ադրբեջանն ունի քաղցրահամ ջրի խնդիր․ այն չի լուծվել Սարսանգի ջրամբարի ստացմամբ։ Դրանով է պայմանավորված նաև Սևանա լճի նկատմամբ հետաքրքրությունը։ Ադրբեջանի հաջորդ թիրախներից մեկը լինելու է Սևանը։

  • Մեծամորի ատոմակայանի փակվելու վտանգն էականորեն կա։ Այդ հարցն ադրբեջանական խավիարային դիվանագիտության արդյունքում Եվրոպայում դրվել է դեռևս 2000-ականներից, սակայն դրանք իմպերատիվ բնույթ չեն ունեցել։ 2018թ․իշխանափոխությունից հետո հարցը կրկին ակտուալ դարձավ։ Այս իշխանությունը բազմիցս արդեն իսկ թիրախավորել է ատոմակայանը։ Նախ փոխվեց ղեկավարությունը, եկան նորերը, ովքեր որևէ կապ չունեն ատոմակայանի հետ, հետո խոսվեց 500-ից ավելի թափուր հաստիքների մասին, ինչը հնարավոր չէ։ Ժամանակ ձգելով՝ Հայաստանի իշխանությունները հարցականի տակ են դնում Հայաստանի միջուկային անվտանգության հարցը։ Ատոմակայանն ազգային անվտանգության հենասյուներից մեկն է։
  • Տեսանելի ապագայում կարող է տպավորություն ստեղծվել, որ Արցախի հարցը փակված է։ Ադրբեջանն այս հարցում փորձում է գնալ Նախիջևանի ճանապարհով։ Բայց ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանություններից։ Արցախի խնդրի վերջնական գիտակցումն ու լուծումը պիտի գտնվի Երևանում, որ գուցե մի քանի տասնամյակ անց կարողանանք ունենալ հայկական Արցախ։ Ադրբեջանը, Արցախում չունենալով գեթ մեկ ադրբեջանցի, ստացավ այն։ Եթե մենք Արցախը մեզ համար հռչակենք որպես առաքելություն՝ կարող ենք հույս ունենալ վերադարձնել Արցախը և չկորցնել Հայաստանը։ Մեզ պետք է նոր հայկական նախագիծ՝ նոր իդեալներ, նոր գաղափարախոսություն, որը կձևավորի նոր քաղաքական մտածողություն։
  • Փաշինյանից ու ՔՊ-ից պետք էր ազատվել դեռևս 2019թ., պետք է հնարավորինս շուտ ազատվել այս իշխանություններից։
  • Նոր իշխանության համար մեկ խնդիրը պետք է լինի համահայկական գլոբալ ցանցի ձևավորումը, այն, ինչ անում են հրեաները, այլ ազգեր։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս