Բաժիններ՝

Հուշարձանների պետական գրանցման վկայականներ չունենալը բերում է մի շարք խնդիրների. մասնագետ

Հայաստանում առկա է ավելի քան 25 հազար պատմամշակութային հուշարձան: Դրանց պահպանության գործընթացում առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ պատկան կառույցներն ու գերատեսչությունները հանդես են գալիս ծրագրերով, օրենսդրական նախաձեռնություններով, միջազգային կառույցների հետ համագործակցությամբ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության» տնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ 2022 թվականին գրանցվել է 74, 2023 թվականին՝ 25 իրավախախտում, որոնք այս կամ այն ձևով վնաս են հասցրել պատմական հուշարձաններին: Մասնագետները այս ցուցանիշը մտահոգիչ են համարում:

«Հիմնական հանդիպող խախտումները հետևյալն են՝ գանձագողություն, հուշարձանի տարածքում՝ շինարարական աշխատանքներ, որոնք համաձայնեցված չեն լիազոր մարմնի հետ: Փորձը ցույց է տալիս, որ մենք զգալի անելիք ունենք հանրությանն իրազեկելու առնչությամբ: Շատերը տեղեկացված չեն, որ այս կամ այն տարածքը, շենքը հուշարձան է: Հիմա ակտիվորեն իրականացնում ենք կրթական, ճանաչողական ծրագրեր»,-ասաց Արմեն Հովհաննիսյանը:

Իրազեկման աշխատանքներից զատ, շատ կարևոր է նաև մասնագիտական ռեսուրսը համալրելու, տեխնիկական հագեցվածությունն ապահովելու հարցը: Այսօր վերահսկող մասնագետները չունեն համապատասխան տեխնիկա: Արմեն Հովհաննիսյանը նշեց, որ նախ աշխատողների թիվն է քիչ, մյուս կողմից էլ այդ նույն աշխատողները տեխնիկապես հագեցված չեն: Հիմա այդ ուղղությամբ պիլոտային ծրագիր է սկսվում:

Ոլորտի բարեփոխումներին ուղղված աշխատանքներից են օրենսդրական նախաձեռնությունները: ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը տեղեկացրեց, որ ոլորտի մի շարք բացեր կլրացվեն: Մասնավորապես, առք ու վաճառքի պայմանագրերում, սեփականության վկայականներում պարտադիր պետք է կատարվի նշում գույքի հուշարձան լինելու վերաբերյալ:

«Այս փոփոխությունը կկանխի սեփականատերերի իրազեկ չլինելու հետ կապված հարցը: Դա նշանակում է, որ գնորդը այն չի կարողանալու քանդել, կամայական փոփոխություններ իրականացնել: Հաջորդ սպասվող փոփոխությունը սեփականատերերի հետ պահպանման պարտավորագրերի կնքումը իրավական դաշտ բերելն է»,-ասաց նա:

Բոլոր հուշարձաններն ունենալու են պետական գրանցման փաստաթղթեր: Այսօր բազմաթիվ հուշարձաններ պետական գրանցման վկայականներ չունեն: Դա բերում է տարածքների օտարումների, զավթումների, իրավախախտումների: Այժմ աշխատանք է տարվում Կադաստրի կոմիտեի հետ, որպեսզի պարզեցված մեխանիզմով պետական սեփականություն հանդիսացող պատմության և մշակութային կատեգորիայի հողերը, հուշարձանները գրանցվեն առանց լրացուցիչ չափագրումների և այլ բարդությունների:

Ոլորտի բարեփոխումներին ուղղված հաջորդ ուղղությունը հուշարձանները վերականգնող մասնագետների վերապատրաստումն է, միջազգային համապատասխան կազմակերպությունների հետ աշխատանքն է: Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն»-ի տնօրեն Խաչիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ ակտիվորեն աշխատում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետների հետ:

«Մի քանի օրից Լոնդոնից, Աթենքից մասնագետներ են գալու և մենք միասին աշխատելու ենք հուշարձանների կառավարման պլանների մշակման վրա, ծանոթանալու ենք ոլորտի նորագույն մեթոդաբանությանը: Աշխատում ենք նաև Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի հետ, հատկապես հնագիտական գտածոների վերականգնման ոլորտում մասնագիտական հմտությունների և կարողությունների ավելացման ուղղությամբ»,-ասաց Խաչիկ Հարությունյանը:

Շուտով կմեկնարկի հայ-իտալական նոր ծրագիրը, որն ուղղված է վերականգնող մասնագետների վերապատրաստմանը, կարողությունների զարգացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս