20 ՏԱՐԻ ԵՐԱԶՈՒՄ ԷԻ. ԿՈՄՊՈԶԻՏՈՐ ՇՈՒՇԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ` «ԳՐԵՄՄԻ»-ՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Կոմպոզիտոր Շուշան Սարգսյանի «Reflections» և «Dialogue» մոնո-օպերաներն ամերիկյան AFL Music-AFL Productions-ը ներկայացրել է Recording Academy-ի 68-րդ ամենամյա «Գրեմմի» մրցանակաբաշխության (2026 թ.) «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգում։
168TV-ի հետ զրույցում Շուշան Սարգսյանը խոսել է երաժշտության աշխարհ մուտք գործելու, մոնո-օպերաների և գլխավոր նպատակի մասին։

– Պատանեկան տարիներն անցկացրել եք Ուկրաինայում, սովորել Խարկովի կոնսերվատորիայում, ապա ուսումը շարունակել եք Հայաստանում։ Սովորաբար կոմպոզիտոր ցանկանում են դառնալ նրանք, ովքեր ունեն ստեղծագործական ձիրք։ Այն բացահայտվա՞ծ էր, թե՞ մեծ էր կոմպոզիտոր դառնալու ցանկությունը։
– Մանկությանս մեծ մասն անցել է Հայաստանում, 13 տարեկանում տեղափոխվել ենք Ուկրաինա։ Այո, սովորել եմ տեղի Կոնսերվատորիայում, ապա տեղափոխվել եմ ՀՀ և սովորել ստեղծագործական բաժնում՝ կոմպոզիտոր Վարդան Աճեմյանի դասարանում։ Խարկովում սովորելու տարիներին անընդհատ Տիգրան Մանսուրյանի մոտ էի գալիս-գնում, պարապում էի։ Ստեղծագործական շատ բեղուն շրջան էր, և ամեն ինչ բացահայտվեց Ուկրաինայում։ Այստեղ երաժշտական դպրոց հաճախում էի, բայց երբ տեղափոխվեցինք, լեզուն պետք է սովորեի, ժամանակ չկար զբաղվելու երաժշտությամբ, երաժշտական դպրոց գնալու։ Սակայն ես ամեն օր դասերս արագ սովորում էի, ապա նստում էի դաշնամուրի առջև՝ ժամերով նվագում։ Հայրս ասում էր՝ «Այսօր չես նվագել ինձ համար այն ստեղծագործությունը, որը սկիզբ ունի, բայց վերջ չունի»։
Ես անընդմեջ այդ գործընթացի մեջ էի, չգիտեի, որ ստեղծագործում եմ։ Միշտ հարցնում էր՝ սա ի՞նչ գործ է, պատասխանում էի, որ չգիտեմ, ինչ լսում եմ, նվագում եմ։ Մեկ օր մայրս ասաց, որ կարծում է՝ երաժշտական դպրոց պետք է շարունակեմ գնալ ու ավարտեմ։ Հրաժարվեցի, քանի որ մտածում էի, որ բժշկուհի պետք է դառնամ։ Հայրիկիս հետ այդպես էինք որոշել։
Կենսաբանություն, քիմիա առարկաները շատ լավ էի սովորում, մրցույթների էի մասնակցում, հաղթում։ Մայրս ամեն դեպքում համոզեց ու գնացինք։ Սոլֆեջիոյի դասն էր ու բոլորին հանձնարարեցին ստեղծագործել 8 տակտ։ Ես չգիտեի, թե ինչպե՞ս պետք է դա անել։ Բոլորին գնահատականներ նշանակեցին, իսկ ինձ ասացին, որ 2 կնշանակեն, որովհետև հանձնարարությունը չեմ կատարել։ Ասացի՝ լսեմ, տեսնեմ, ինչ են անում, նոր։ Նվագում էին հերթով։ Ասացի՝ սա ի՞նչ է, որ չանեմ, եկեք միանգամից նվագեմ, միայն թե 2 մի նշանակեք։ Սկսեցի նվագել, ուսուցիչը հարցրեց, թե ի՞նչ եմ նվագում, կարո՞ղ եմ կրկնել, պատասխանեցի, որ չգիտեմ՝ ինչ եմ նվագում, և իմ խնդիրը հենց դա է՝ չեմ կարող կրկնել։ Ես միշտ տարբեր եմ նվագում։ Ասաց, ի՞նչ ակորդ ես նվագում, արձագանքեցի, որ չգիտեմ, այդպես եմ լսում։
Տարավ տնօրենի մոտ։ Ասում եմ՝ մի հատ էլ սա, դասի համար ի՞նչ տնօրեն։ Տնօրենի մոտ էլ նվագեցի, մայրիկի հեռախոսահամարը խնդրեցին, զանգահարեցին, կանչեցին դպրոց ու ասացին, թե՝ ձեր աղջիկը ստեղծագործում է։ Ես ծիծաղում էի։ Խորհուրդ տվեցին, որ գնամ կոմպոզիցիայի դասերի։ Փորձում էի հրաժարվել՝ ասելով, որ ժամանակ չունեմ, պարապում եմ ընդունվելու համար։ Պնդեցին՝ համաձայնեցի։ Մի քանի դասից հետո որոշեցի, որ ուսուցչին պետք է փոխել, քանի որ ինչ ասում էր՝ ինձ հետաքրքիր չէր։ Եկավ ուսուցչուհի, ով մեծ դեր ունեցավ այդ ժամանակահատվածում իմ կայացման գործում։ Ես բացթողումներով էի երաժշտական դպրոց գնացել, ու դա պետք էր լրացնել։
Մի քանի ամսից ստեղծագործություններս ներկայացրեցի մրցույթի և ընդգրկվեցի լավագույն 100-ի շարքում։ Որոշ ժամանակ անց մայրս լուրջ խոսեց ինձ հետ՝ հորդորելով մի կողմ դնել բժիշկ դառնալու մտադրությունը, ապա ցույց տվեց ֆիլմ, թե ինչպես են դիահերձում, և այլն։ Շատ էի ազդվել, չգիտեի՝ այդ ամենի միջով կկարողանայի՞ անցնել։ Որոշեցի, որ իմ էությանն ավելի մոտ է երաժշտությունը, պետք է Կոնսերվատորիա ընդունվեմ, ամենաբարձր կետերում լինեմ, աշխատեմ աստղերի հետ, շրջագայեմ ամբողջ աշխարհով մեկ, ցույց տամ իմ երաժշտությունը։

– Ե՞րբ գրվեց առաջին պրոֆեսիոնալ երաժշտությունը։
– Երբ 14 տարեկան էի։ Գրեցի իմ ունակությունները «հայտնաբերելուց» մի քանի ամիս անց։ Սակայն դասական առաջին ստեղծագործությունը, որ ինչ-որ արժեք էր ներկայացնում, 16 տարեկանում եմ գրել։ Տիգրան Մանսուրյանի տանն էինք, երբ հարցրեց՝ արդյո՞ք լսել եմ չինացիների գործերը։ Պատասխանեցի, որ ոչ։ Նա երաժշտությունը միացրեց, ու իմ ամբողջ ներաշխարհը փոխվեց։ Ժամանակակից չինական դասական երաժշտություն էր, և ես շատ տպավորված էի։ Եկա ու գրեցի «Մեկ անգամ քարանձավում» ստեղծագործությունը։ Տարա, Մանսուրյանին ցույց տվեցի, ասաց՝ այ սա ուրիշ։ Մի քանի տարի սովորում էի խոսքի և երաժշտության միաձուլումը։ Այն, թե ինչպիսին պետք է լինի կադրի համար գրված երաժշտությունը։
– Պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն ստացածները հաճախ են հորդորում լսել որակյալ երաժշտություն, ո՞րն է այն։
– Կարող եք լսել ցանկացած ոճի երգեր, սիմֆոնիաներ, սակայն բոլոր ոճերում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները։ Նույնիսկ ամենահասարակ երգը պետք է գրի պրոֆեսիոնալ մարդ, որովհետև միայն նա գիտի, թե ինչպես գրի, որպեսզի իրենից արժեք ներկայացնի։
Սակայն կան պրոֆեսիոնալներ, ովքեր չեն կարող երգն այնքան սրտով գրել, որքան որ պետք է, և կան ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր սրտով գրում են, սակայն պետք է համագործակցեն պրոֆեսիոնալ գործիքավորողների հետ, այլապես կլսենք այն, ինչ այսօր, ցավոք, լսում ենք։
– Անորակ երաժշտություն։
– Շատ անորակ։ Ամբողջ աշխարհում է այդ միտումը, բայց Հայաստանում՝ է՛լ ավելի։ Ինձ թվում է՝ մեզ չի սազում այդ երաժշտությամբ մեծանալ, որովհետև ունեցել ենք շատ ուժեղ կոմպոզիտորական դպրոց։
– Երաժշտություն եք գրել հայտնի մարդկանց համար՝ Անդրեա Բոչելլիի, Գարուի։ Ինչպե՞ս եք ծանոթացել և արդյո՞ք համագործակցությունը շարունակվում է։
– Իրենց համար ստեղծագործություններ գրվել են, սակայն դեռ չեն ձայնագրվել, որովհետև համերգային մեծ ծրագիր են նախատեսում, որտեղ առաջին անգամ դրանք պետք է հնչեն։ Երբ հանդիպեցի Գարուին՝ տպավորություն էր, որ տարիներ շարունակ իրար ճանաչում ենք։ Միանգամից հասկանում ես, որ այդ երգչի հետ կարող ես աշխատել։ Նույնը՝ Ալեսանդրո Սաֆինան։ Նրա հետ տարբեր երկրներում մի քանի անգամ հանդիպել ենք, և երբ երգերը ցույց տվեցի՝ սիրահարվել էր։ Այնքան հոգեհարազատ էր այդ ամենը, որ կեսկատակ-կեսլուրջ ասաց՝ ուրիշների համար մի գրիր, ինձ համար գրիր։ Միշտ նշում էր, որ կարծես իտալուհի լինեմ, որովհետև օպերային ձայնի համար գրում եմ այնպես, ինչպես իտալացիները։

Երբ Կաննի փառատոնին էի մասնակցում՝ մտածում էի հանդիպել Բոչելլիին ու պետք է գնայի իրենց տուն, քանի որ նրա կինը զանգել ու հրավիրել էր՝ ասելով, որ գործերը լսել են, շատ են հավանել ու ցանկանում են ծանոթանալ։ Ցավոք, նրա մայրը մահացավ, ու չստացվեց ձայնագրել երաժշտությունը։ Հիմա օնլայն կապի մեջ ենք, մինչև կձայնագրվի։
Նման մարդկանց հետ աշխատելը շատ հեշտ չէ։ Ճանապարհ է, որն անցնում ես, որպեսզի գաս այդ կետին։ Երգը ցույց տալու ուղղությամբ ամիսներ, գուցե տարիներ աշխատում ես։ Նրանք նայում են, թե նախքան դա ո՞ւմ հետ ես աշխատել, ի՞նչ ես արել։
– Կա՞ համաշխարհային աստղ, ում հետ իսկապես ցանկանում եք աշխատել։
– Սելին Դիոն, Լարա Ֆաբիան։ Ի դեպ, Ֆաբիանի հետ, կարծում եմ, շուտով կսկսենք աշխատել։ Արդեն աշխատել եմ Ջո Դասենի որդու՝ Ժուլիեն Դասենի հետ։ Շատ հուզիչ էր։ Մեծանում ես նրա հոր երգերի ներքո, և այդպիսի հանդիպում… Աշխատել եմ նաև Էսմերալդայի դերակատարուհու՝ Հելեն Սեգարայի հետ։ Պետք է երազել, ու ինչքան այն մեծ է լինում, այնքան շատ ջանք ես գործադրում, որպեսզի դրանք կատարվեն։
– Երազանք էր նաև «Գրեմմի»-ին մասնակցե՞լը։
– Այո։ Եվ ես դրան սպասում էի 20 տարուց ավելի։ Պլանավորել էի, որ 2025-2026թթ․ պետք է լինեմ «Գրեմմի»-ում, ու իմ այդ գրառումներն օրերս պատահական եմ հայտնաբերել։ Չգիտեմ՝ ինչու՝ այդ ժամանակահատվածն էի ինձ համար ֆիքսել։ Ուզում էի կամերային երաժշտության մեջ լինել այնպիսին, որ կարողանամ ասել՝ հիմա ժամանակն է, ես պատրաստ եմ։ Եվ մեկ օր արթնացա ու հասկացա՝ հիմա է ժամանակը։ «Reflections»-ն արդեն գրված էր, իսկ «Dialogue»-ը նոր էր ստեղծվում։ Այն ունիկալ է նրանով, որ համաշխարհային երաժշտության մեջ առաջին նմուշն է` որպես մոնո-օպերա, գրված բարիտոնի համար։ Երբ միտքը կար՝ երկար ժամանակ մտածում էի, թե դա ինչպե՞ս է կյանքի կոչվելու։ Հետո երկու օպերաների դեպքում էլ հրաժարվել եմ տեքստից և աշխատել եմ հնչյուններով, որոնք մեր այբուբենի հնչյուններն են, և նրանց մեջ շատ մեծ ուժ կա։
Կարծում եմ` այդ հնչերանգները շատ ավելի հետաքրքիր են դարձնում իմ մտահղացումը։ Բեմականացման համար հետաքրքիր մտքեր կան. լինելու է շատ արդի, միևնույն ժամանակ խորքային` հիմնված մեր մշակութային և կոմպոզիտորական դպրոցի ակունքների վրա։ Ասել է թե՝ կլինի մոդեռն, բայց արմատները չմոռանալով։
Հույս չունեի, որ երկու մոնո-օպերաները կանցնեն, բայց անցան։ Կատարողներն ազգությամբ հայեր են՝ Թերեզա Գևորգյան՝ սոպրանո, Ակսել Դավեյան՝ բարիտոն, Մարտին Շահբազյան՝ դաշնակահար, իսկ ջութակահարն Էրիկ Մանուկյանն է։
– Ինչո՞ւ որոշվեց հենց մոնո-օպերա ներկայացնել։
– Ավետ Տերտերյանի կինը հրաշալի երաժշտագետ էր, մեկ անգամ ասաց՝ տարիներ անց դու կսկսես գրել մոնո-օպերաների ժանրում, ես վստահ եմ, դու այնտեղ կանես այն, ինչ դեռ չի արվել։ Միշտ հիշում էի այս խոսքերը։ Ինձ հոգեհարազատ էր մոնո-օպերայի ժանրը և դրան մոտենալը լուրջ գործ էր: Ասում էի՝ մի քիչ էլ կամերային երաժշտության մեջ հմտանամ, նոր։ Եվ քանի որ կարծում եմ՝ կամերային վոկալ երաժշտությունն ամենակարևոր կետերից է, որտեղ ես կարող եմ լավ արտահայտվել, բնականաբար, այդ ոճային ուղղվածությանն ավելի շատ ժամանակ եմ տրամադրում։ Ես շատ լավ եմ զգում մարդկային ձայնի հետ աշխատելու հմտությունները։ Զգում եմ, թե ինչպե՞ս պետք է հնչի։ Երբ մեղեդային մի քանի գծերը երգիչները փորձում են, ասում են՝ բարդ է, բայց շատ հեշտ է ձայնի համար, չի ծանրաբեռնում։ Շատ կարևոր գնահատական է, որովհետև ոչ միայն պրոֆեսիոնալ, այլև երգչի ձայնի համար հարմար պետք է լինի։

– Ստեղծագործում եք այն դեպքում, երբ ունենում եք ինչ-որ զգացողություննե՞ր, թե՞ ինչ-որ մեկի պատմության հիման վրա կարող եք ստեղծագործել։
– Շատ տարբեր։ Մինչև հիմա չգիտեմ, թե ինչպե՞ս է դա լինում։ Ես ուղղակի լսում եմ այդ երաժշտությունը։ Ոնց որ ինչ-որ մեկը երգի։ Չեմ հասկանում, թե ինչպե՞ս է լինում։ Դա կարող է լինել քնի մեջ, առավոտյան շուտ կամ փողոցում քայլելիս։ Հեռախոսով քայլելիս բազում մեղեդիներ եմ ձայնագրում։ Կարծում եմ, եթե երաժշտությունը չի ծնվում, քո սրտից չի գալիս, երբեք սրտին չի հասնելու, արժեք չի ունենալու։ Մնայուն արժեքները ստեղծվում են միայն, երբ սրտի մեջ են ծնվում և սրտից սիրտ են գնում։ Իմ ամենամեծ ցանկությունն այն է, որ երբեք չանեմ ոչ մի արհեստական բան։ Իրավունք չունեմ դա անելու, որովհետև ինքս ինձ կդավաճանեմ, նոր՝ հանդիսատեսին։ Ավելի լավ է գործերը քիչ լինեն, բայց սրտից գնացող։
– Երաժշտության հետ նաև բառեր գրո՞ւմ եք։
– Երբեմն։ Շառլ Ազնավուրի 100-ամյակին «Jamais» ստեղծագործությունը գրեցի, երբ իր կոշիկների մասին հուզիչ պատմությունը կարդացի։ Երգը միագամից ծնվեց ու հենց «Jamais» բառով։ Որոշեցի, որ երգն այդպես էլ կկոչվի։ Բայց միայն այդ բառն էր մտքիս եկել։ Հետո, երբ հեղինակի հետ աշխատում էի, ասում էր՝ արի կրկներգն այսպես կամ այնպես անենք, ասում էի՝ ոչ, երգը «Jamais» է, այդպես պետք է սկսվի։ Մտքեր, որոշ բառեր ծնվում են, բայց կարծում եմ՝ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, և ես այդքան լավ խոսքեր չեմ կարող գրել, ինչքան երաժշտություն։
– Մասնակցել եք նաև Կաննի կինոփառատոնին․ ընդհանրապես ֆիլմի համար ստեղծագործող կոմպոզիտորն ինչպիսի՞ն պետք է լինի։
– Պետք է կարողանա աշխատել երաժշտական շատ տարբեր ոճային ուղղվածություններով։ Ֆիլմի մեջ ամեն ինչ է՝ երգ, սիմֆոնիա, օպերա։ Եվ եթե ռեժիսորը կոմպոզիտորի մեջ չի գտնում այդ բոլոր կոմպոնենտները՝ միգուցե ստիպված է լինում մի քանիսին ևս ընդգրկել։ Քո երաժշտությամբ կարող է «գցես» կադրը կամ բարձրացնես, ավելի ազդեցիկ դարձնես։ Եվ եթե չես զգում սցենարը, ավելի լավ է՝ հրաժարվես։
– Ինչպես հասկացա՝ բարդություններ եք սիրում։
– Սիրում էի։ Հիմա որոշել եմ, որ ամեն ինչ շատ հեշտ պետք է լինի։
– Քանի որ Ձեր նպատակները մեծ մասամբ կատարվում են, ապա ո՞ր նպատակն եք ցանկանում, որ իրականություն դառնա։
– Առաջին հերթին՝ հաղթել «Գրեմմին»։ Մոնո-օպերաների մեջ պետք է հասնեմ այն կետին, որը ցանկանում եմ և զգում եմ, որ կարող եմ մեծ փոփոխություններ անել այդ ժանրում։ Ինչ վերաբերում է կինոերաժշտությանը, այնպիսի ֆիլմ պետք է լինի, որը մեծ արժեք կունենա։ Իսկ եթե երգեր, ապա դրանք ամբողջ աշխարհում պետք է երգեն։ Ուզում եմ գրել այնպիսի երաժշտություն, որը մարդկանց կհուզի, նրանց կյանքը կդարձնի է՛լ ավելի լավը։ Եթե արվեստիդ հետ առնչվելով՝ ավելի լավը չեն դառնում, իմ կարծիքով՝ իմաստ չունի։ Արվեստը գեղեցկացնում է մարդու կյանքը։

