Նիկոլ Փաշինյանի մեսիջը Օնիկ Գասպարյանին և ձախողված գերագույն հրամանատարի ինքնախոստովանությունը

Պատերազմի պարտության ամբողջ պատասխանատվությունը բանակի, հրամանատարների վրա գցելու Նիկոլ Փաշինյանի գործելաոճին, քաղաքականությանը, հայտարարություններին մեկ անգամ չէ, որ անդրադարձել ենք և հակադարձել հստակ փաստերով, հիշեցնելով պատերազմական դրության ժամանակ գերագույն հրամանատարի գործառույթները, այդ թվում՝ հենց Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն այդ մասին, նաև՝ պատերազմից առաջ, պատերազմի ընթացքում, դրանից հետո Փաշինյանի հարցազրույցներում, գրառումներում արված գնահատականները բանակի մարտունակության մասին:

Բայց քանի որ երեկ լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը բանակի, պատերազմի պարտության պատճառների վերաբերյալ դարձյալ որոշ հայտարարություններ արեց, հարկ ենք համարում դրանց մի քանիսին անդրադառնալ՝ սահմանափակվելով ընդամենը մի քանի հակափաստարկով:

Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով տարածքներ վերադարձնելով պատերազմը կանխելու հնարավորությանը, իրեն հատուկ ոճով արդարացել է, թե հիմա հետահայաց կարելի է ասել՝ գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք, բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ:

«Մի պայմաններում, երբ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, և այդպես շարունակ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել, դա հասկացանք, այդ ամենը կա, գոյություն ունի օբյեկտիվորեն, ես ասում եմ՝ եկեք՝ ավելի խորը դիտենք»:

Կարդացեք նաև

Առաջին, Նիկոլ Փաշինյանն այստեղ ակամա խոստովանում է, որ առնվազն ձախողվել է որպես գերագույն հրամանատար և երկրի ղեկավար, որովհետև գերագույն հրամանատարը չի կարող ասել՝ գիտեի՝ մարտունակ բանակ ունենք: Նիկոլ Փաշինյանը նախքան պատերազմը երկու տարի ժամանակ է ունեցել համոզվելու, թե բանակի մարտունակությունն ինչ աստիճանի է, ինչը ենթադրում է նաև ռազմատեխնիկական որոշակի կարողություններ:

Երկրորդ, 2020-ի 44-օրյա պատերազմից առաջ՝ հուլիսյան մարտերից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ինքն է հայտարարել, որ Հայոց բանակը ունի բարձրակարգ մարտունակություն:

«Հիմա կարող ենք վստահ ասել, որ Հայաստանի զինված ուժերը, Հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին: Եվ սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն: Մեր բանակը ինչպես եղել, այնպես էլ շարունակում է մնալ համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այս կարգավիճակը»,- շեշտել էր Փաշինյանը:

Նույն միտքը նա կրկնել է նաև 44-օրյա պատերազմից հետո հրապարակած իր «44-օրյա պատերազմի ծագումը» վերտառությամբ հոդվածում:

«Բայց 2020թ. հուլիսյան մարտերը էական ազդեցություն ունեցան իրադրության գնահատականի վրա: Ճիշտ է՝ մարտական գործողությունների մասշտաբը հետագա պատերազմի համեմատ չափազանց փոքր էր, բայց հուլիսյան մարտերում ներգրավված էին ադրբեջանական էլիտար ստորաբաժանումները, իսրայելական անօդաչու թռչող սարքեր, և մեր բանակը ոչ միայն դիմակայեց, այլև մարտական դիրքում և մարտերի ընթացքում մենք ոչ մի զոհ չունեցանք, ոչ մի զոհ: Մեր զոհերը թիկունքում էին նահատակվել:

Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- գրել էր Փաշինյանը:

Հիշեցնենք, որ հուլիսյան հաղթանակի համատեքստում Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:

168.amգրել էր, որ հուլիսյան մարտերին այդքան մարդ մասնակցություն չի ունեցել:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները ևս հարցադրում էին արել՝ ինչի համար է 71 հոգի «Մարտական խաչ» ստացել:

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»:

Ի դեպ, 2016-ի Ապրիլյան պատերազմից հետո, երբ հայկական զինուժը կարողացավ ձախողել Ադրբեջանի գերագույն խնդիրը, նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի անգամ պակաս մարդու պարգևատրեց https://www.president.am/hy/press-release/item/2016/04/19/President-Serzh-Sargsyan-working-visit-to-Artsakh/:

Այդ զինվորականներից շատերն այսօր 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով քրեական գործերով են անցնում:

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 5TV-ին տված հարցազրույցում ասել էր.

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»:

Նշենք, որ 2020-ի հունիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր․ 

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին՝ ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

– Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

– Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»:

Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից:

Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը»:

Իսկ Նիկոլ Փաշինյանը այս զգուշացումներից հետո ոչ միայն Սարդարապատում է հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողությունը կազմակերպում, այլև առանձնացնում է 5 դրույթ.

Հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն, Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։

– Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։

Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։

– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը:

– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։

Նույն միտքը Փաշինյանը կրկնել է նաև արցախյան վերջին պատերազմից 2 օր առաջ:

«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի»:

Երրորդ, Նիկոլ Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 29-ին ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.

«Ի՞նչ ենք արել մենք: Պատրաստվել ենք պատերազմի, ինչքան դա հնարավոր է եղել: Հիմա պարզվեց՝ վատ ենք պատրաստվել: Բայց ինչի՞ն ենք վատ պատրաստվել: Հուլիսյան մարտերը ցույց տվեցին, որ Ադրբեջանի դեմ պայքարելուն առնվազն վատ չենք պատրաստվել»:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը երեկ ինքն իրեն հակասեց, որովհետև եթե խոսում ես հուլիսյան մարտերից հետո պատերազմին վատ կամ լավ պատրաստության մասին, նշանակում է, որ տեղյակ ես եղել բանակի մարտունակության աստիճանի մասին:

Ավելին, Նիկոլ Փաշինյանը իր վերը նշված գրառման մեջ ակամա խոստովանել է, որ 2020-ի ամռանը թուրք-ադրբեջանական զորավարժությունների ժամանակ գիտեր՝ պատերազմ է սկսվելու:

«Որևէ փուլում՝ այդ թվում՝ թուրք-ադրբեջանական զորավարժությունների շրջանում գնայի թուրքերին ասեի՝ եկեք առանց պատերազմի լուծենք հարցը, պիտի ասեին՝ կոնկրետ ժամանակացույց տուր, երբ ես տարածքները հանձնում: Ստորագրեի՝ պիտի ասեին՝ «Նիկոլ դավաճան», չստորագրեի՝ պատերազմը սկսվելու էր»:

Հիշեցնենք, որ 2020 թվականին հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում, Գյանջայում և Եվլախում անցկացվեցին Թուրքիայի և Ադրբեջանի ՌՕՈւ համատեղ վարժանքներ, իսկ օգոստոսի 1-5-ը Նախիջևանում և Բաքվում՝ համատեղ ցամաքային վարժանքներ, որին մասնակցեցին երկու երկրների զինված ուժերի ՀՕՊ և զենիթահրթիռային ստորաբաժանումները:

Ավելի ուշ պարզվեց, որ թուրք-ադրբեջանական զորավարժությունները երկարացվել են:

Չորրորդ, Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ «պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել…»:

Ի դեպ, նույն ասուլիսի ընթացքում Փաշինյանն ակնարկեց, թե պետք է ուշադրություն դարձնել ոչ միայն այլոց տեքստին, այլև ենթատեքստին: Հորդորին հետևելով՝ փորձենք կռահել, թե ինչ կամ ում նկատի ուներ՝ «չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել» ասելով: Գուցե ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, քանի որ հենց ՀՀ ԱԽ նիստում նրա հայտարարությունից է մեջբերումը:

Ըստ ԱԽ-ի 21.08.2020 թ. նիստի արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «…Արևելյան օպերացիոն ուղղությունում․․. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»:

Հետաքրքիր է՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրն առաջարկել է կանգնեցնել պատերազմը հաշված օրերի ընթացքում, բայց արի ու տես, Նիկոլ Փաշինյանը դա ի գիտություն չի ընդունել, բայց առ այսօր մտապահել է «ոչ մի քայլ հետ սկզբունքով հակառակորդին հետ մղելու զինված ուժերի գործողությունը»:

Ի դեպ, 168.amգրել էր, որ Փաշինյանը Օնիկ Գասպարյանից առաջ է խոսել 44-օրյա պատերազմի 4-րդ, 5-րդ օրը մարտական գործողությունները կանգնեցնելու մասին:

«Եթե այսպես էր, ինչո՞ւ, օրինակ, պատերազմի 3-րդ օրը, 4-րդ օրը, 5-րդ օրը, 6-րդ օրը չեն փորձել կանխել դրա հետագա զարգացումը: Նախ սկզբնական շրջանում պատերազմը բավականին հաջող էր ընթանում հայկական կողմի համար, և երկրորդը՝ պատերազմը կանխելու պայմանը նույնն էր, ռազմաճակատից իրավիճակը չէր փոխվում: Այսինքն, եթե մենք մեծ հաջողություն չէինք ունենում, ռազմաճակատի իրադրությունից դա ամենևին չէր փոխվում: Այսինքն, պայմանը նույնն էր՝ 5 տարածքի վերադարձ՝ առանց ԼՂ կարգավիճակը ճշգրտելու և կարգավիճակի ճշգրտման հստակ մեխանիզմ չունենալու: Ինչո՞ւ չեմ եկել և դա չեմ ասել: Որովհետև ես հավատում էի, որ մենք կարող ենք պայքարել և դրա համար փորձում էի անել ինձանից կախված առավելագույնը»,- անկեղծ խոստովանել էր Փաշինյանը 2020-ի նոյեմբերի 10-ի ֆեյսբուքյան իր գրառման մեջ:

2021-ին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն ասել էր.

«Պատերազմը ոչ միայն ռազմական պայքար է ներառում, այլ նաև տնտեսական, դիվանագիտական, գաղափարական, տեղեկատվական և այլ ոլորտներ: Մի մոռացեք, որ պատերազմները վարում են պետությունները, և պատրաստվեք պատասխանատվություն կրել պետությունը պատերազմին նախապատրաստելու ու պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար»:

Այսինքն, կարելի է ենթադրել, որ ԳՇ նախկին պետը ուղղակի կամ անուղղակի մեղադրել է երկրի ղեկավարությանը պատերազմին պատշաճ չնախապատրաստվելու և պատերազմի ժամանակ կառավարման համակարգի ոչ լիարժեք աշխատանքի համար, մեղմ ասած:

Այլ հարց է, որ պատերազմից հետո հրապարակային իր պաշտոնական ուղերձներում ԳՇ նախկին պետը, ըստ էության, հաղթաթուղթ է տվել Նիկոլ Փաշինյանին, որ պարտությունն անխուսափելի էր և ՀՀ զինված ուժերն արել են հնարավորն ու անհնարինը։ Մինչդեռ բանակը ի վիճակի էր ավելիին, եթե Նիկոլ Փաշինյանը թողներ կամ առնվազն չխանգարեր:

Հինգերորդ, գերագույն գլխավոր հրամանատարի գործառույթներն ու պատասխանատվության աստիճանը. պատերազմը վարում է պետությունը, բանակը դրա մի բաղադրիչն է, իսկ ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:

Ավելին, այդ ժամանակահատվածում գործող «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշված էր, որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին»:

Նշված օրենքի 9-րդ հոդվածն էլ սահմանում էր՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Սա, ինչպես տեսնում ենք, բնավ մոդերատորի առաքելություն չէ: Եթե հայտնի օպերացիայի կամ այլ դեպքում Նիկոլ Փաշինյանը զուտ մոդերատոր է եղել (իր խոսքն է), ապա մի՞թե գործ չունենք օրենքով սահմանված լիազորությունների ոչ պատշաճ կատարման կամ պատասխանատվությունից խուսափելու փաստի հետ:

Իսկ 2020-ի պատերազմի ժամանակ հակահարձակման հայտնի օպերացիային իր մասնակցության մասին Փաշինյանն ասել էր.

«Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, և, կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով:

Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացեք, այսինչ գործողությունն այսինչ ձևով… Ես քաղաքական խնդիր եմ ձևակերպել: Բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաև դրա լիազորությունը չունենալու բերումով, նաև պատեհ չհամարելով»:

Այստեղ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մտնում է գերագույն հրամանատարի լիազորությունների մեջ և հաստատում մեր դիտարկումը՝ պատերազմական դրության ժամանակ ընդունել է քաղաքական բնույթի որոշում, և, որ հոկտեմբերի հայտնի օպերացիայի որոշումը նաև քաղաքական է եղել:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ ընդունել է նաև ռազմական բնույթի որոշումներ: Մի կողմ թողնենք դրա իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցը:

Մասնավորապես, 2020թ.-ին դեկտեմբերի 5-ին իր լայվ-տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը՝ նշել է, որ վարչապետը մարտ չի վարում, ապա հայտարարել.

«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»:

Նույն միտքը Փաշինյանը հնչեցրել էր նաև 2021թ. ապրիլ 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի քննարկման ընթացքում, որի մեխը Արցախյան երկրորդ պատերազմն էր:

«Ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»:

Եթե 7-րդ ՊՇ-ի հարցում ինչպես պնդում էր Նիկոլ Փաշինյանը, ռազմական բնույթի որոշում չի կայացրել՝ որպես գերագույն հրամանատար, ապա 2020թ. նոյեմբերի 12-ին ժողովրդին հասցեագրված ուղերձում խոսելով պատերազմի ժամանակ իր՝ որպես գերագույն հրամանատար կատարածի մասին, հայտարարել էր, թե զինվորականների առջև խնդիր է դրել:

«Գործողությունների առումով խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև…»,- ընդգծել էր Փաշինյանը:

Ի դեպ, դեռ 2018-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր.

«Ասում եմ`որպես պատերազմական իրավիճակում Զինված ուժերի գլխավոր հրամանատար` հանկարծ որևէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա: Հույս ունեմ, որ այս իմ ուղերձը հասկանալի է, որպես Զինված ուժերի գերագույն հրամանատար պատերազմական իրավիճակներում»:

Ի դեպ, գերագույն կամ գլխավոր հրամանատարի գործառույթներին էր անդրադարձել ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021-ի փետրվարին «Արմնյուզին» տված  հարցազրույցում ՝ նշելով, որ գերագույն հրամանատարն ունի երկու կարևորագույն ֆունկցիա:

«Երբեք գերագույն հրամանատարը չի նստում այսպես քարտեզի կողքը, կամ կանգնում և տքնելով մտածում ու ասում` ա՛յ այս գունդը այստեղ պետք է գնա, այս դիվիզիան՝ այստեղ, այս հրետանին` այստեղ: Դա իր գործը չէ բնավ, և նույնիսկ, եթե ինքը քաջածանոթ լինի էդ իրավիճակին, ինքը իրավունք չունի դա անելու, որովհետև դրանով իսկ դու խոչընդոտում ես կոնկրետ հրամանատարին՝ իրականացնելու իր մտահղացումները, միևնույն ժամանակ, երևի, ինչ-որ չափով թուլացնում ես իր պատասխանատվությունը: Գերագույն հրամանատարը պարտավոր է մոբիլիզացնել երկրի ողջ ներուժը ռազմաքաղաքական խնդիր լուծելու համար, այն է` կանգնեցնելու հակառակորդին, կամ ջախջախելու հակառակորդին, կամ գոնե նվազագույնը՝ արժանի դիմադրություն ցույց տալու: Սա առաջին կարևորագույն պարտականություն է: Բայց երբ մենք ինչ-որ պատճառներ ենք բռնում, բա՝ էսինչ պատճառով չկարողացանք լրահամալրում անել, էսինչ պատճառով չկարողացանք զորք ուղարկել, նորից փորձեցինք վերադառնալ ջոկատներին, որոնցից դեռևս 90-ական թվականներին էինք, այսպես ասած՝ ազատվել, դա նշանակում է`դու պետք է լռես:

Գերագույն հրամանատարի երկրորդ կարևորագույն ֆունկցիան այն է, որ նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը՝ պնդելով, որ գերագույն գլխավոր հրամանատարի դերակատարությունը ակնհայտորեն ձախողված է:

44-օրյա պատերազմի շատ դրվագներ և օպերացիաներ պահանջում էին նաև քաղաքական և ռազմաքաղաքական որոշումներ, և դրանց ձախողումը, կարևոր տարածքների կորուստը ևս վկայում են գերագույն հրամանատար Նիկոլ Փաշինյանի ձախողման մասին:

Տեսանյութեր

Լրահոս