3 տասնյակ մարդու փոխարեն՝ «Մարտական խաչ» են տվել 71 հոգու. ո՞րն է պատճառը

Մեկ տարի առաջ՝ 2020-ի հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանում՝ Տավուշի մարզի ուղղությամբ թեժ մարտեր սկսվեցին, որոնք ամենաթեժը համարվեցին 2016թ․-ի ապրիլյան պատերազմից հետո։ Թիրախում նաև խաղաղ բնակչությունն ու բնակավայրերն էին:

Պաշտոնական տվյալներով՝ ամեն ինչ սկսվել էր Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ՈւԱԶ մակնիշի ավտոմեքենայով Հայաստանի պետական սահմանը խախտելու փորձից։

Ըստ այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՈւԱԶ-ով գրոհն այնքան անտրամաբանական էր, որ հայ դիրքապահները ենթադրել են, թե ադրբեջանական զինծառայողները, հնարավոր է՝ մոլորվել են, ուստի նախ՝ կոչ են արել նրանց լքել տարածքը: Դեպքը տեղի է ունեցել հայկական Մովսես և ադրբեջանական Աղդամ գյուղերի միջև ընկած միջդիրքային տարածությունում:

Թողնելով ավտոմեքենան` Ադրբեջանի զինծառայողները վերադառնում են իրենց դիրքերը, որից հետո սկսվում է 82 մմ ականանետերով հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ դեպի այդ դիրքը, որը կասեցվում է համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջում է:

Որոշ ժամանակ անց ոչ պաշտոնական խողովակներով հայտարարվեց հայկական կողմի նոր, ավելի բարենպաստ դիրքերի զբաղեցման մասին։ Խոսքը, մասնավորապես, «Անվախ» կոչվող դիրքն ազատագրելու մասին է, որը գտնվում է «Ղարադաշ» բարձունքի վրա: Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ «Անվախ» դիրքի ուղղությամբ մի քանի հարձակում է կազմակերպել թշնամին, զուգահեռ գրոհներ են եղել հարևան դիրքերի ուղղությամբ, որոնք անհաջողության են մատնվել:

Ինչ վերաբերում է հուլիսյան մարտերի օրերին հայկական կողմի գործողություններին, այդ ժամանակ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարել էր, որ ՀՀ Զինված ուժերին միայն մեկ գիշերում հաջողվել է ոչնչացնել ադրբեջանական հատուկ նշանակության էլիտար «Յաշմա» 100-հոգանոց խմբի մինչև 40%-ը։

Հուլիսի 16-ի պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանն ուներ 13 զոհ (թվով 12 զինվորական, այդ թվում՝ գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը և 1 խաղաղ բնակիչ), իսկ հայկական կողմը` 4 զոհ՝ մայոր Գարուշ Համբարձումյանը, կապիտան Սոս Էլբակյանը, կրտսեր սերժանտներ Գրիշա Մաթևոսյանն ու Սմբատ Գաբրիելյանը։

Ավելի ուշ՝ հուլիսի 27-ին, հակառակորդի դիպուկահար կրակոցից զոհվել էր նաև պայմանագրային զինծառայող Աշոտ Միքայելյանը, ով լուրջ դերակատարում է ունեցել հուլիսյան մարտերում և «Անվախ» դիրքի ազատագրման գործողություններում: Նշենք, որ Աշոտ Միքայելյանը մասնակցել էր նաև Ապրիլյան պատերազմին՝ Մարտակերտի «մոլոկանների պոստում» (ադրբեջանական դիպուկահարների դիրքի դիմացը գտնվող): Ապրիլյան պատերազմի օրերին նա պահել է ոչ միայն այս դիրքը, այլև կողքի դիրքերը:

Մի առիթով 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովը նրա հետ զրույցից հետո և տեսնելով նրա պատրաստվածությունը, ամեն ինչ անում է, որ Միքայելյանն իր ծառայությունը շարունակի 3-րդ բանակային կորպուսի ենթակայության տակ՝ Գրիգորի Խաչատուրովի ստեղծած դեսանտագրոհային ստորաբաժանման կազմում:

Աշոտ Միքայելյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով: Չգիտես ինչո՞ւ՝ հուլիսյան զոհերի անունները թվարկելիս՝ նշում ենք 4-ին՝ թերևս, հաշվի առնելով, որ Աշոտը զոհվել է, երբ հուլիսյան մարտական գործողություններն ավարտված են եղել, սակայն չի բացառվում, որ իր հակառակորդը հատուկ թիրախավորել է Միքայելյանին, ով հուլիսյան պատժիչ գործողություններում կարևոր դերակատարում է ունեցել, որին նկատել էր գեներալ Գրիգորի Խաչատուրովը:

Իսկ մարտական գործողություններին, դիրքերի բարելավման, ազատագրման գործողություններին, 168.am-ի տեղեկություններով՝ առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ, մինչդեռ ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին: Ընդ որում, մեզ հասած տեղեկություններով, պարգևատրվել են նաև նրանք, որոնք մարտական գործողությունների ժամանակ, այսպես ասած, փախել են: Ավելի ուշ նույնիսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, թե լավ կլինի, որ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»: Ի դեպ, այս փաստը նաև զինվորականության շրջանում էր դժգոհության տեղիք տվել:

Ի՞նչ ցույց տվեցին հուլիսյան մարտերը

28.08.2020 – Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է 5 դրույթ.

-Հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն, Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։

-Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։

-Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։

-Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը:

-Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։

25.09.2020 – Նույն միտքը Փաշինյանը կրկնեց նաև արցախյան վերջին պատերազմից 2 օր առաջ:

«Մենք ամենասկզբից ասել ենք, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի և սպառնալիքի լեզվով խոսել: Դա անիմաստ գործ է, որովհետև մեզ հետ այդպես խոսել չի կարելի: Մենք շատ երկար՝ և՛ անձամբ, և՛ հեռակա, և՛ հրապարակային, փորձել ենք այս դիրքորոշումները ներկայացնել. մեզ հետ պետք չէ սպառնալիքի լեզվով խոսել: Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը: Եվ էլի նույն կերպ խորհուրդ եմ տալիս չշարունակել նույն տրամաբանությունը, որովհետև նույն տրամաբանությունը բերելու է նույն հետևանքի»:

Ավելին, Փաշինյանը սպառնացել էր Ադրբեջանի ղեկավարությանը՝ «կոնֆիդեցիալ տեղեկություններ» հայտնել, որն այդպես էլ չարվեց:

ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներն իրենց հերթին ակնարկել էին, որ հուլիսյան մարտերը հրահրել է հայկական կողմը:

«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»,- 5TV-ին տված հարցազրույցում, մասնավորապես, նշել էր Ռոբերտ Քոչարյանը:

Ի դեպ, ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հաստատեց այս միտքը՝ իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում:

«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»:

Նիկոլ Փաշինյանի համար սա, իհարկե, չէր կարող նորություն լինել, քանի որ դեռ 2020-ի հունիսին ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել էր․ 

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին՝ ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև Անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները:
Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

– Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

– Տրված առաջարկը Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»:

Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից:

Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը:

Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և´ սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և´ մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը»:

Սա, ըստ էության, գալիս է ապացուցելու, որ Նիկոլ Փաշինյանը կամ չի տիրապետել, ընկալել սկսվելիք պատերազմի ծավալը և կործանարար հետևանքները, կամ խաբեության է դիմել:

Եթե հաշվի առնենք միայն սեպտեմբերին տեղի ունեցած իրադարձությունները, որի մասին ավելի վաղ 168.amգրել էր՝ Ադրբեջանի նախագահի հայտարարությունից մինչև սեպտեմբերի 24-ից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների՝ զինկոմիսարիատների կողմից ուղարկված ծանուցումներ, ապա վստահաբար կարելի է ասել, որ Փաշինյանը դիտմամբ թաքցրել է հասարակությունից պատերազմի փաստը, հուլիսյան դեպքերից հետո համապատասխան հետևություններ չեն արվել:

Ի դեպ, Օնիկ Գասպարյանն անգամ զգուշացրել էր՝ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի:

Հուլիսյան դեպքերին միջազգային արձագանքը

Թուրքիան իր անվերապահ աջակցությունը հայտնեց Ադրբեջանին։ Մասնավորապես, Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն իր թվիթերյան էջում գրառում կատարեց, թե պատրաստ են իրենց կյանքը տալ Ադրբեջանի համար։

Հուլիսի 13-ին ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ ՀԱՊԿ մշտական խորհուրդը նիստ է գումարում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման պատճառով, սակայն կարճ ժամանակ անց հայտարարությունը հեռացվեց կայքից։ Կազմակերպության մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է անհայտ ժամկետով։

Հուլիսի 14-ին տարածվեց կազմակերպության քարտուղարության պաշտոնական հայտարարությունը իրադրության վերաբերյալ։

«Ստեղծված իրավիճակը չի նպաստում երկու հարևան պետությունների սահմանին իրավիճակի կարգավորմանը, որոնցից մեկը Հայաստանի Հանրապետությունը, ՀԱՊԿ անդամ պետություն է և վկայում է հրադադարի պայմանավորվածությունների խախտման մասին, որը ձեռք է բերվել Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարության մակարդակում»,- նշվում էր հայտարարության մեջ։

Հուլիսի 15-ին հայտարարություն տարածեցին նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահները:

Նրանք կողմերին նաև կոչ էին արել զերծ մնալ բորբոքիչ հռետորաբանությունից և տեղում իրավիճակը փոփոխելու փորձերից։ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը ներկայացնող ղարաբաղյան կարգավորման միջնորդները կրկին ընդգծել էին խաղաղության գործընթացին նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում էր. «Ռուսաստանի ԱԳՆ-ն լրջորեն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կտրուկ սրման կապակցությամբ։ Ստացվող տեղեկությունների համաձայն՝ ռազմական գործողությունները շարունակվում են։ Օգտագործվում է հրետանի։ Կան զոհեր և վիրավորներ։ Անթույլատրելի ենք համարում տարածաշրջանի անվտանգությանը սպառնացող իրադրության հետագա սրացումը։ Հակամարտող կողմերին կոչ ենք անում զսպվածություն ցուցաբերել և խստորեն հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը։ ՌԴ ԱԳՆ-ն իր կողմից պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել՝ իրավիճակը կայունացնելու համար»:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին տարածել էր հայտարարություն, որտեղ նշվում էր. «Այսօր, երբ մենք բոլորս պայքարում ենք անտեսանելի թշնամու դեմ, մեծ նշանակություն ունեն միջազգային համերաշխությունն ու գլոբալ կայունության պահպանումը։ Խաղաղությունը մեր տարածաշրջանում շատ կարևոր է՝ ինչպես Վրաստանի զարգացման և բարեկեցության համար, այնպես էլ՝ մեր ընկերների և գործընկերների համար` Հայաստանի ու Ադրբեջանի համար»:

Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ ասվում էր․ «Մենք ցավում ենք էսկալացիայի հրահրման փորձերի և մարդկային կորուստների կապակցությամբ, և արցախյան հակամարտության կողմերին կոչ ենք անում ձեռնարկել լարվածության նվազեցմանն ուղղված գործողություններ»:

ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Մորգան Օրթագուսը հայտարարել էր․ «Հորդորում ենք կողմերին անմիջապես դադարեցնել ուժի կիրառումը, օգտագործել իրենց միջև գոյություն ունեցող հաղորդակցության ուղղակի միջոցները՝ խուսափելու համար հետագա էսկալացիայից, և խստորեն պահպանել հրադադարը։ Մենք կշարունակենք ակտիվորեն ներգրավված մնալ այդ նպատակին հասնելու ջանքերում»:

ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել էր. «Շատ ենք մտահոգված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող փոխհրաձգությամբ։ Կարևոր է, որ երկու երկրները զսպվածություն ցուցաբերեն և օգտագործեն կապի բոլոր միջոցները, ինչպես անմիջական, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գրասենյակները»:

Ի դեպ, նշենք, որ հուլիսի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը զանգել էր Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին՝ հայ-ադրբեջանական սահմանագոտում վերջին օրերին ընթացող գործողությունների ֆոնին:

Մինչդեռ ՀՀ պաշտպանության նախարարն այդ օրերին ՌԴ ռազմական կամ պաշտպանական ոլորտի ոչ մի պաշտոնյայի հետ հեռախոսազրույց չի ունեցել, մասնավորապես՝ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի:

Հայկական կողմը նույնիսկ մի քանի անգամ հայտարարել էր, որ անհրաժեշտություն չկա դիմելու ՀԱՊԿ-ի կամ հայ-ռուսական միացյալ զորախմբի օգնությանը:

Այն, որ Դավիթ Տոնոյանը չէր զանգել ՌԴ իր գործընկերոջը, մեկնաբանվեց՝ որպես ՀՀ Զինված Ուժերի (ԶՈւ) ինքնաբավություն և իր առջև դրված խնդիրներն ինքնուրույն լուծելու կարողություն:

Ադրբեջանի պաշտպանական ղեկավարը, ըստ էության, ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուի հետ հեռախոսային զրույցի խիստ կարիք էր զգացել:

Հուլիսյան դեպքերից 1 տարի անց Փաշինյանը սկսեց հուլիսյան մարտերի արդյունքների փոշիացման գործընթաց.

Ադրբեջանաթուրքական ծրագրի շրջանակում Փաշինյանն ազատվեց հուլիսյան հաղթանակների հեղինակ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովից, և սահմանային ճշգրտումների արդյունքում պատրաստվում է հրաժարվել հուլիսյան դեպքերից հայտնի «Անվախ» դիրքից, որը կարող է դառնալ չեզոք գոտի: Դիրքեր ենք կորցնելու նաև Շամշադինից, Նոյեմբերյանից:

Տավուշում ԽՍՀՄ քարտեզի կիրառման դեպքում Ոսկեպարի ճանապարհից, հնարավոր է՝ մենք այլևս չկարողանանք օգտվել, և Ադրբեջանն ամբողջ ճանապարհը վերցնի, քանի որ ըստ ԽՍՀՄ քարտեզի՝ իրենց տարածքով է անցնում: Այսինքն, եթե հանկարծ ԽՍՀՄ քարտեզը տարածվի Տավուշի մարզի վրա, ապա մենք կկորցնենք Ոսկեպարի ճանապարհը, Ազատամուտի (Իջևան-Բերդ), Կիրանցի և Ոսկեպարի հատվածները (Իջևան-Նոյեմբերյան):

Սա՝ այն դեպքում, երբ ոմանց կարծիքով՝ հուլիսյան արկածախնդրությունից փառքով դուրս եկանք միայն շնորհիվ Գրիգորի Խաչատուրովի և նրա ղեկավարած կորպուսի: Իսկ Փաշինյանի «շնորհակալությունը» եղավ այն, որ նա աստիճանաբար տարբեր մեթոդներով սկսեց թուլացնել 3-րդ բանակային կորպուսի դիմադրողականությունը՝ պատերազմի ժամանակ լավագույն սպաներին՝ զոհ տալով մինչև զորացրումներ: Մասնավորապես, հոկտեմբերի 18-19-ը թեժ մարտեր են ընթացել Իշխանաձորի և Այգեհովիտի հատվածներում, որի ժամանակ Իջևանի գունդը մոտ 4 տասնյակ զոհ է տվել՝ սպաներ և ժամկետայիններ, զոհերի թվում եղել են ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ընկերները՝ փոխգնդապետ Արմեն Օհանյանը և գնդապետ Թաթուլ Ղազարյանը: Ասում են՝ Աշոտ Փաշինյանին փրկելու օպերացիա է իրականացվել նաև:

3-րդ բանակային կորպուսի գլխատման և Տավուշի անվտանգային դիմադրողականության թուլացման վերջին ակորդը Գրիգորի Խաչատուրովի ազատումն էր, թեպետ ամեն ինչ դեռ առջևում է:

Այս ամենին, ըստ էության, մասնակից են տավուշցիների զգալի մասը, որոնք հուլիսյան մարտերի օրերին, երբ հայտնվել էին թշնամու հրետանու կրակի տակ, իրենց պաշտպանությունը Գրիգորի Խաչատուրովի «ոտքերի մոտ» էին տեսնում, բայց մեկ տարի անց պատրաստ են թուրքի հետ համատեղ բնակության, որովհետև Նիկոլ Փաշինյանը հուլիսյան հրետակոծություններից հետո ոմանց տների տանիքներն է վերանորոգել, որը շատ հանգիստ վաղը կարող է թուրքին անցնել:

Տեսանյութեր

Լրահոս