«Հայոց բանակը տարածաշրջանի ամենամարտունակ և ինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեց». Նիկոլ Փաշինյան

«Ադրբեջանի բոլոր հարձակումները վճռականորեն հետ մղվեցին, և հայկական կողմն առավել քան ամրապնդեց իր դիրքերը սահմանագծում։ Ադրբեջանի այն միֆը, թե նրա բանակը կարող է հաղթել հայկական բանակին, և հետևաբար՝ Հայաստանն ու Արցախը պետք է զիջումների գնան, հօդս ցնդեցին։ Մենք երկար ժամանակ Ադրբեջանին հորդորում էինք չփորձել մեզ հետ խոսել ուժի դիրքերից, ուժի լեզվով և ուժի սպառնալիքներով։ Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանը ոչ միայն մերժեց ուժի սպառնալիքը դիվանագիտական սեղանի շուրջ, այլև մարտի դաշտում ցույց տվեց, որ դրանք անհիմն են և չեն արտացոլում ուժերի իրական հարաբերակցությունը»,- ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության հերթական նիստի մեկնարկին։

Վարչապետը ելույթում ընդգծեց, որ  ուժերի իրական հարաբերակցություն ասելով՝ նկատի չունի միայն սպառազինությունների և Զինված ուժերի քանակը, այլ՝ նախ և առաջ՝ հակառակորդի գործողությունների որակը, կառավարման մակարդակը։
«Հիմա կարող ենք ասել, որ Հայաստանի Զինված ուժերը, հայոց բանակը ոչ միայն ցուցաբերեցին բարձրակարգ մարտունակություն, այլև տարածաշրջանի ամենամարտունակ և ամենաինտելեկտուալ բանակի համարումը վերահաստատեցին։ Սա պարզապես հայտարարություն չէ, այլ հուլիսի 12-ից հետո տեղի ունեցածի մանրամասն վերլուծությունից բխող հետևություն։ Մեր բանակն ինչպես եղել է, այնպես էլ մնում է  համազգային հպարտության աղբյուր և Տավուշում ևս մեկ անգամ վերահաստատեց իր այդ կարգավիճակը»,- շեշտեց Նիկոլ Փաշինյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս