Եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէր ասի՝ ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը. Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Փաշինյանին այսօրվա ասուլիսին լրագրողը հիշեցրեց՝ կառավարության գործող ծրագրում, որն ընդունվել է 2021թ. արտահերթ ընտրություններից հետո, սևով սպիտակի վրա գրված է, որ Հայաստանի Հանրապետությունն Արցախի անվտանգության երաշխավորն է:

Լրագրողը շարունակեց. «Գրված է նաև, որ ՌԴ խաղաղապահների ներկայությունն այդ անվտանգության կարևոր պայմաններից մեկն է: Հիմա, կառավարությունը, վարչապետ Փաշինյանը՝ որպես անվտանգության երաշխավորի դերո՞ւմ է գնում և բանակցում Ադրբեջանի նախագահի հետ, Դուք արցախցիների անունից նրանց ճակատագիրը որոշելու հարցերն եք քննարկում, դուք կատարո՞ւմ եք արդյոք այդ երաշխավորի դերը, թե՞ ինչպես ձեր պատգամավորներից մեկն էր ասել՝ ՀՀ անվտանգությունը չենք կարող ապահովել, էլ ուր մնաց՝ Արցախի»:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հետևյալն ասաց. «Ես արդեն ասացի, որ բանակցությունների ընթացքում մենք ԼՂ ժողովրդի ճակատագիրը որոշելու հավակնություն չենք ցուցաբերում, և ես կարծում եմ, որ դեռ 2018թ. եմ ասել, որ դա սխալ բանաձև է, այդ ճակատագրի հարցում որոշիչ դեր պետք է ունենա ԼՂ ժողովուրդը»:

Լրագրողը նկատեց՝ բայց Նիկոլ Փաշինյանն է բանակցում:

Կարդացեք նաև

«Այո, շատ լավ, մենք բանակցում ենք նաև այն մասին, որ պետք է տեղի ունենա միջազգայնորեն տեսանելի խոսակցություն՝ ԼՂ հայության և Ադրբեջանի միջև, այսինքն՝ Բաքվի և Ստեփանակերտի միջև: Իմիջիայլոց, ասեմ, որ դա մեր բանակցությունների թեմաներից մեկն է: Ինչ վերաբերում է Հայաստանի՝ ԼՂ անվտանգության երաշխավոր լինելուն, և նաև ՀՀ և իմ ստորագրությամբ է ՌԴ խաղաղապահ զորախումբը մուտք գործել ԼՂ: ԼՂ-ում անվտանգության ապահովման միջոցների և մանդատի մասին, ինչպես արդեն ասացի, ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են փաստաթուղթ: Էլի եմ ասում, նախատեսված է եղել, որ դա նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարը պետք է ստորագրի, բայց փաստն այն է, որ ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարները ստորագրել են այդ փաստաթուղթը, և նրանք չեն ասել՝ եկեք տեսնենք՝ Ադրբեջանը ստորագրո՞ւմ է, թե՞ չէ: Նրաք ստորագրել են, և նաև սրանով է ՀՀ-ն անվտանգության երաշխավորի իր դերակատարումը կատարում:

Եթե գնանք ավելի առաջ, ՀՀ-ն ԼՂ անվտանգության երաշխավորն է, ՀՀ անվտանգության երաշխավորը ՌԴ-ն է, հետևաբար, որ մեր պատգամավորներից մեկն ասում է՝ Հայաստանը նույնիսկ իր անվտանգությունը չի կարողանում երաշխավորել, ՀՀ-ն՝ այս տրամաբանությամբ, եթե ինքն իր անվտանգությունը կարողանար ապահովել, մեր անվտանգության հիմքում այն բանաձևը չէր լինի, որ ՌԴ-ն է ՀՀ անվտանգության երաշխավորը: Հետևաբար, այո, ձեր բարձրացրած հարցերը շատ լուրջ և բարդ հարցեր են, և այդ հարցերի բարդության պատճառով է, որ այդ հարցը մեկ կամ երկու կամ երեք գործողությունով հնարավոր չի լինելու լուծել: Գիտե՞ք՝ ինչն է ավելի կարևոր ինձ համար, որ դուք խոսում եք մեզ և ձեզ հայտնի բանաձևերով, որոնք և՛ մեզ համար, և՛ ձեզ համար շատ երկար տարիներ ընդունելի են եղել, ես ուրիշ բան եմ ասում, կասկածի տակ չդնելով այդ բանաձևերի հարազատությունը մեզ բոլորիս, եկեք նայենք՝ այդ բանաձևերը ինչքանո՞վ են ճշգրիտ արտացոլում իրականությունը և ի՞նչ կապ ունեն իրականության հետ, մեր հիմնական խնդիրը դա է»,- արձագանքեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ պատրաստ են քննարկել մեղադրանքները. «Բայց, եկեք՝ հասկանանք, եթե սխալվել ենք, ինչո՞ւմ ենք սխալվել: Շատ հաճախ ասում են, որ պատերազմի մեղավորությունը իմն է: Շատ լավ, եկեք հասկանանք, թե ո՞րն էր լինելու այն գործողությունը, որը մեզ հնարավորություն պետք է տար խուսափել պատերազմից: Ինչո՞ւ ենք անընդհատ ինքներս մեզ հետ դիվանագիտական ձևակերպումներով խոսում: Այսինքն՝ ճիշտ ձևակերպումն այն էր, որ այդ շրջանները պետք է հանձնվեր և ընդունվեր ՀՀ կողմից ԼՂ կարգավիճակի անորոշությո՞ւնը, և դե ֆակտո արձանագրումը նրա՝ որպես Ադրբեջանի մաս, և ԼՂ-ից հեռացած ադրբեջանցիներին վերադառնալու և ԼՂ կառավարմանը մասնակցելու հնարավորություն տալը:

Հիմա հետահայաց կարելի է ասել՝ գուցե ավելի լավ կլիներ, քան այն, ինչ այսօր ունենք, բայց այն ժամանակ ով ում կհամոզեր, որ դա մի ճանապարհ է, որով պետք է գնալ: Մի պայմաններում, երբ մենք գիտեինք, որ մենք ունենք ուժեղ բանակ, ունենք հուսալի դաշնակիցներ, և այդպես շարունակ, երբ պաշտոնական զեկույցներ էին դրված սեղանին, որ մենք ի վիճակի ենք ոչ մի քայլ հետ տրամաբանությամբ գործել: Չեմ ուզում ոչ մի հնարավոր մեղադրանք շեղել, դա հասկացանք, այդ ամենը կա, գոյություն ունի օբյեկտիվորեն, ես ասում եմ՝ եկեք՝ ավելի խորը դիտենք: Սա ԴՆԹ մակարդակի խնդիր է: Երբ պատերազմից հետո խոսում էին հայրենասիրության մեր մոդելի մասին, մենք պետք է մի բան հասկանանք, որ հայրենասիրության մեր մոդելը սովետական մոդել է, հայկական հայրենասիրության սովետական մոդել է, որն իր խորքում լուրջ հակասություն ունի Հայաստանի պետության և պետականության հետ»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս