Նիկոլ Փաշինյանի կողքին լինելուց մինչև հրաժարականի պահանջ. Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի ուղերձների հետքերով

Նիկոլ Փաշինյանը, հատկապես, ՀՀ ԶՈՒ ԳՇ 2021-ի փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո պատերազմի ամբողջ պարտությունը սկսեց ակնհայտորեն գցել բանակի «գրպանը» և գլխավոր մեղավոր հռչակել ԳՇ ղեկավարությանը՝ ի դեմս գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի:

168.am-ն առանձնացրել է պատերազմի օրերին ԳՇ և ՊՆ համատեղ հայտարարությունները, նաև՝ Օնիկ Գասպարյանի և Դավիթ Տոնոյանի առանձին ուղերձները պատերազմի ավարտից հետո, ԳՇ նախկին պետի դեպքում՝ նաև փետրվարյան բանավոր «ռազմական հեղաշրջումից» հետո:

Հայտարարություններին և գործողություններին երբեմն պետք է հետադարձ հայացք նետել, հատկապես, երբ խոսքը քաղաքական, ռազմական, ռազմաքաղաքական հայտարարությունների մասին է:

Եվ այսպես՝

Կարդացեք նաև

2020թ. հոկտեմբերի 27-ին այն բանից հետո, երբ նույն օրը Վազգեն Մանուկյանը պահանջեց Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը՝ ասելով, որ ողջ իշխանությունը պետք է հանձնվի բանակին, ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը համատեղ հայտարարությամբ հանդես եկան՝ շեշտելով, որ անվերապահորեն կատարելու են ՀՀ Գերագույն հրամանատարի հրամաններն ու որոշումները:

«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:

ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- նշվում էր ՊՆ և ԳՇ հայտարարության մեջ:

2020-ի նոյեմբերի 10-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիոն եռակողմ փաստաթուղթը, ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն համատեղ ուղերձ են տարածում, որում նշվում էր, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծված պատերազմն աննախադեպ էր ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով, ինչպես նաև այն պատճառով, որ մեր բանակը փաստացի կռվում էր ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության, անվերապահ քաղաքական, ռազմական, դիվանագիտական աջակցության պայմաններում և մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

Ռազմական ղեկավարությունն այստեղ վստահեցնում էր, որ մեր բանակն այս պայմաններում արել էր հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։

«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։

Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։

Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։

Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։

Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։

Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։

Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»,- հայտարարում էին այդ ժամանակ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը և ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Հիշեցնենք, որ այս կոչ-ուղերձից առաջ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ անձամբ իր և բոլորի համար ծանր, չափազանց ծանր որոշում է կայացրել, և, որ եռակողմ hայտարարության տեքստն անասելի ցավոտ է:

«Այդ որոշումը կայացրել եմ ռազմական իրադրության խորը վերլուծության և այդ իրադրությանը ամենալավը տիրապետող մարդկանց գնահատականի արդյունքում: Նաև հիմնվելով այն համոզմունքի վրա, որ ստեղծված իրավիճակում սա ՀՆԱՐԱՎՈՐ ամենալավ հանգուցալուծումն է: Այս ամենի մասին առաջիկա օրերին հանդես կգամ մանրամասն ուղերձով:

Սա հաղթանակ չէ, բայց չկա պարտություն, քանի դեռ ինքդ քեզ պարտված չես ճանաչել: Մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի, և սա պետք է դառնա մեր ազգային համախմբման, վերածննդի դարաշրջանի մեկնարկ»,- մասնավորապես, գրել էր Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ հետիոտն ու ավտոմեքենաներով շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք՝ Փաշինյանի աշխատասենյակ, մի մասն էլ՝ Բաղրամյան պողոտա, և մտան Ազգային ժողովի շենք, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանից իբր օծանելիք, hամակարգիչ, ժամացույց էին գողացել: Իսկ ԱԺ նախագահի պարտականությունները կատարող Արարատ Միրզոյանն էլ ծեծի էր ենթարկվել: Ի դեպ, ըստ իշխող ուժի որոշ ներկայացուցիչների՝ որոշ ՔՊ-ականների, Արարատ Միրզոյանի դեմ հարձակումը կազմակերպված էր հենց իրենց թիմի՝ իշխանությունների կողմից: Ասում են, որ Արարատ Միրզոյանը ինքն էլ դա գիտի, պարզապես այս պահին դեռ լռում է այդ մասին: Թե ո՞վ էր կատարվածի բուն հեղինակը, ով «զոհաբերեց» նրան և ինչու՝ այլ թեմա է քննարկման:

Բայց նույն օրը՝ նոյեմբերի 10-ին, ԳՇ պետի պարտականությունները կատարող Օնիկ Գասպարյանը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։ Հնարավոր է՝ հորդորել է քաղաքական կտրուկ քայլեր չանել:

Հայտնի է, որ հանդիպմանը քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, իսկ ժողովրդին հանդարտության կոչ արվեց:

Եվ բանակը՝ ի դեմս ԳՇ ղեկավարության, շարունակեց լինել Նիկոլ Փաշինյանի կողքին և կատարել նրա հրամաննները:

Բայց Փաշինյանին սա բավարար չէր, նա պետք է նաև առանձին «կոմպրոմատ» ունենար Օնիկ Գասպարյանի դեմ հետագայի համար, ու ԳՇ և ՊՆ համատեղ հայտարարությունից հետո, ԳՇ նախկին պետին առաջարկել էին հատուկ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «Հայկական ժամանակի» համար կրկնել, որ Նիկոլ Փաշինյանը միանձնյա չի որոշել ստորագրել կապիտուլյացիոն փաստաթուղթ:

«Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները: Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել և հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասել էր գեներալ Գասպարյանը «Հայկական ժամանակին»:

Մի քանի օր անց՝ 2020-ի նոյեմբերի 17-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը՝ արդեն Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ ոչ համատեղ, առանձին ուղերձ տարածեց, որտեղ նույն միտքն էր կրկնել, ըստ էության՝ պետք է ընտրություն կատարեինք շատ վատի և ողբերգության միջև, նախընտրել ենք շատ վատը:

Միաժամանակ, Օնիկ Գասպարյանը ուշագրավ հայտարարություն էր արել, որ պատերազմի 4-րդ օրը ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը, հակառակ դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ:

Հետաքրքիր է, որ գեներալ Գասպարյանի այս հայտարարությունը 4 ամիս աննկատ մնաց իշխանությունների՝ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի կողմից:

Ավելին, 2020թ. դեկտեմբերին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը չէր հերքել այն, որ պատերազմի 4-րդ օրն առաջարկվել է կանգնեցնել պատերազմը:

Արդեն իր հրաժարականի պահանջով ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը հետ կանգնեց իր խոսքից, երբ ակտիվացել էր նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պնդելով, որ Օնիկ Գասպարյանը ստում է, առաջին անգամ պատերազմը կանգնեցնելու առաջարկ արվել է 2020-ի հոկտեմբերի 19-ին, որին ևս ականջալուր չեն եղել:

2021-ի փետրվարի 25-ի ՀՀ ԶՈՒ ԳՇ հայտարարությանը և դրան հաջորդած զարգացումներին դեռ կանդրադառնանք, իսկ մինչ այդ հիշեցնենք, որ Օնիկ Գասպարյանի վերը նշված հայտարարությունից 3 օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 20-ին, Դավիթ Տոնոյանը հայտնեց, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես, նշել էր Տոնոյանը՝ հավաստիացնելով, որ պաշտպանության նախարարության և զինված ուժերի ամբողջ անձնակազմն առաջնորդվել է հայրենիքի առաջ պատասխանատվության, հանուն հաղթանակի ոչինչ չխնայելու սկզբունքով:

Ի դեպ, 2020-ի նոյեմբերի 15-ին հայտարարություն էր տարածել այդ ժամանակ ՊԲ հրամանատար, այսօր պատերազմի հետ կապված քրեական գործով անցնող գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը, որտեղ նշում էր՝ կատարվածը ուներ օբյեկտիվ և սուբյեկտիվ բազմաթիվ պատճառներ, որոնք վերլուծվելու են, կատարվելու են անհրաժեշտ ազնիվ և կոշտ հետևություններ:

Ինչ վերաբերում է ՀՀ զինված ուժերին, ապա պատերազմից հետո ներքին տարաձայնություններ և լարվածություն է եղել, ինչը հաստատում էր նաև Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ԳՇ 2021-ի փետրվարի 25-ի հայտարարությունը՝ «ՀՀ զինված ուժերը երկար ժամանակ համբերատար կերպով հանդուրժում էր գործող իշխանության կողմից զինված ուժերը վարկաբեկելուն ուղղված «գրոհները», սակայն ամեն ինչ ունի իր սահմանները»:

Այս հայտարարությունից հետո պատերազմի ընթացքում 100 տոկոսով Օնիկ Գասպարյանին վստահած Նիկոլ Փաշինյանի հրահանգով արշավ սկսվեց բանակի, գեներալների, Օնիկ Գասպարյանի դեմ, թե իբր ռազմական հեղաշրջման փորձ է արվել:

Իր հերթին ընդդիմադիր Էդմոն Մարուքյանը, ԳՇ-ին և Օնիկ Գասպարյանին պաշտպանելով Նիկոլ Փաշինյանից, միաժամանակ, «Ֆակտորին» տված հարցազրույցում ակնարկել էր, թե փողոց դուրս եկած ընդդիմությունն իր գործողություններով «վնասեց», «թիրախ» դարձրեց Օնիկ Գասպարյանին, երբ փորձեց, այսպես ասած, օգտվել Զինված ուժերի հայտարարությունից:

Իսկ թե ինչու էր ԳՇ-ն այդքան երկար համբերում Նիկոլ Փաշինյանին, 168.am-ին ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ գեներալներից շատերը նոյեմբերի 10-ից հետո մնացել են, շարունակել ծառայությունը՝ Օնիկ Գասպարյանին մենակ չթողնելու համար:

ՀՀ զինված ուժերի հայտնի հայտարարությունից հետո Օնիկ Գասպարյան-Արմեն Գրիգորյան-Նիկոլ Փաշինյան հեռակա «փոխհրաձգությունը» ամբողջովին չենք հիշեցնի, կսահմանափակվենք միայն մի քանի ուշագրավ դրվագով, մասնավորապես՝

2021-ի հունիսի 5-ին իրավունքի ուժով ԳՇ պետի պաշտոնից ազատված Օնիկ Գասպարյանը, պատասխանելով Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ որակումներին, մասնավորապես, նշել էր.

«Ղազախի գյուղերի հետ կապված ուզում եմ թարմացնեմ հիշողությունդ՝ քննարկման ընթացքում ես ասել եմ, որ այս հարցը Արցախի հետ կապ չունի, և հավանական է՝ այն որպես դիվանագիտական հնարք միտումնավոր արտացոլվել է հայտարարության նախագծում, հետագայում սակարկելու և մեզ «ընդառաջելով» այն նախագծից հանելու համար: Նաև նշել եմ, որ անհրաժեշտ է բանակցել և հայտարարության նախագծից այդ կետը հանել։ Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:

Ավելի ուշ Օնիկ Գասպարյանը նաև այլ հիշեցում էր արել.

«Շատ կուզենայի, որ այս նույն ջանասիրությամբ իշխանության ներկայացուցիչները պատմեն իմ կողմից ներկայացված բոլոր առաջարկների մասին. նախքան պատերազմը, պատերազմի ժամանակ և հետպատերազմական ժամանակահատվածում (այդ թվում՝ Աղդամի փոխարեն Հադրութի վերադարձման հարցը)»:

Ի դեպ, նշենք, որ ՀՀ զինված ուժերի հայտնի հայտարարությունը ևս արվել է ռազմական դրության պայմաններում, ինչպես նրանք, որտեղ ԳՇ-ն պատրաստակամություն էր հայտնում ենթարկվել Նիկոլ Փաշինյանի հրամանաններին՝ որպես գերագույն հրամանատար:

Իսկ թե ինչու ԳՇ-ն սահմանափակվեց միայն հայտարարությամբ, ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ի սկզբանե այդպես է նախատեսված եղել:

Իսկ մեր տեղեկություններով, ինչպես ավելի վաղ գրել ենք, եղել են արտաքին գործոններ, մասնավորապես, սպառնալիք Թուրքիայից, ուստի Օնիկ Գասպարյանը խուսափել է կտրուկ քայլերի գնալ՝ խուսափելու ավելի մեծ աղետից:

Խնդիրն այն է, որ Թուրքիայից սպառնալիքը երբևէ չի դադարել և այսօր էլ կա, իսկ իրավիճակը գնալով աղետային է դառնում՝ հաշվի առնելով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները, ադրբեջանական հարձակումների ժամանակ մարդկային կորուստները և մտահոգիչ ապագան:

Իսկ նախկին ԳՇ ղեկավարությունը՝ ի դեմս Օնիկ Գասպարյանի և Տիրան Խաչատրյանի, նպատակահարմար են գտնում քննչականում շատ հարցերի պարզաբանումներ տալ՝ հնարավոր է՝ որոշակի օբյեկտիվություն ակնկալելով:

Թեպետ 2021-ի ապրիլին ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը դիմել էր ԱԺ նախագահին և խմբակցությունների ղեկավարներին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծելու առաջարկով:

Այսինքն, վստահել էր, իր ասած, «բարոյազուրկ ստախոսներին», թեպետ 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ ճշմարտությունը կարող է բացահայտվել միայն իշխանափոխությունից հետո:

Դրանից հետո իշխանափոխություն տեղի չունեցավ, ԱԺ քննիչ հանձնաժողովը ստեղծված է, որի աշխատանքներին չեն մասնակցում ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» դաշինքների մանդատ ստացած անդամները, որոնց հետ կապված գուցե ինչ-ինչ հույսեր էր կապում գեներալը…

Եվ հիմա հետաքրքիր է՝ Օնիկ Գասպարյանը կգնա՞ Անդրանիկ Քոչարյանի հանձնաժողով «հարցաքննության»՝ լավ իմանալով, որ լայն հանրության համար իր ճշմարտությունները հասանելի չեն լինելու, այդ թվում՝ թույլատրելիության սահմանում, թե՞ կբոյկոտի…

Տեսանյութեր

Լրահոս