Նիկոլ Փաշինյան «գերագույն հրամանատարի» լիազորությունները, անփութության կամ դիտավորության ծանր հետևանքները

Պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատարի պարտականությունները կատարած Ջալալ Հարությունյանին  և Միքայել Արզումանյանին  մեղադրանքներ են առաջադրվել հնչեղություն ստացած պատերազմական դրվագներով և օպերացիաներով, որոնց, հատկապես, առնչություն ունի հենց Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, այդ որոշումները քաղաքական տարրեր են պարունակում իրենց մեջ՝ Շուշի, հոկտեմբերյան հայտնի օպերացիան, որը ստացավ «Լելե Թեփե» անունը, և այլն:

Բազմիցս գրել ենք, որ ռազմական ղեկավարությունն ունի իր պատասխանատվությունը պատերազմի ելքի համար, բայց չպետք է թույլ տալ, և սա առաջին հերթին պատերազմի ժամանակ ՊԲ-ն և ՀՀ ԶՈՒ-ն ղեկավարածներին է վերաբերում, որ բանակը կրի պարտության ամբողջ պատասխանատվությունը:

Պատերազմը վարում է պետությունը, բանակը դրա մի բաղադրիչն է, իսկ ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է , որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»:

Ավելին, այդ ժամանակահատվածում ուժի մեջ եղած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշված էր , որ «պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին»:

Կարդացեք նաև

Նշված օրենքի 9-րդ հոդվածն էլ սահմանում էր՝ «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ»:

Սա, ինչպես տեսնում ենք, բնավ, մոդերատորի առաքելություն չէ: Եթե հայտնի օպերացիայի կամ այլ դեպքում Նիկոլ Փաշինյանը զուտ մոդերատոր է եղել (իր խոսքն է), ապա մի՞թե գործ չունենք օրենքով սահմանված լիազորությունների ոչ պատշաճ կատարման կամ պատասխանատվությունից խուսափման փաստի հետ:

«Էդ առաջարկի հեղինակը եղել է գեներալ, ընդունելի է համարել գեներալ, կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ և որոշումը կայացրել է գեներալ: Եվ էնպիսի գեներալներ, որոնք էդ պահին նման որոշում կայացնելու հնարավորություն ունեցել են: Այո՛, էդ քննարկումների մի հատվածին ես ներկա եմ եղել, մոդերացիա եմ արել խոսակցությունը, բայց սեփական կարծիք չեմ հայտնել»,- 2021թ. ապրիլ 14-ին ԱԺ-ում անդրադառնալով «Լելե Թեփեի» օպերացիային իր մասնակցությանը, հայտարարել էր նույն Նիկոլ Փաշինյանը, ով մինչ այդ էլ հոխորտում էր, թե որևէ մեկը կասկածո՞ւմ է, որ ինքը կարող է լինել գերագույն հրամանատար: Դեռ Արարատ Միրզոյանն էլ նրա խրոխտ լուսանկարն էր տեղադրել Ֆեյսբուքում ու գրել՝ «Էս էլ մեր գերագույն հրամանատարն ա. #Չշշկռեք»:

ԱԺ-ում այդ օրը «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի հակադարձմանը՝ «ի՞նչ է նշանակում՝ գեներալները որոշում էին, ես մոդերացիա էի անում, դուք բազմիցս հայտարարում էիք` Դուք եք գլխավոր հրամանատարը, և հիմա, փաստորեն, գեներալներն էին որոշել: Դուք մոդերատո՞ր էիք, թե՞ վարչապետ ու գլխավոր հրամանատար», Փաշինյանն արձագանքել էր.

«Ինչ վերաբերում է մոդերացիային, այո´, հրամանատարի գործառույթն է նաև լսել կարծիքներ, ես ինձ իրավունք չեմ վերապահել մտնել ռազմական գործի նրբությունների մեջ, որովհետև համարել եմ, որ որպես երկրի ղեկավար` պետք է հենվեմ հնչած կարծիքների վրա»:

Լելե Թեփեի օպերացիային իր մասնակցությունից Փաշինյանը խոսել էր նաև 2020 թվականի դեկտեմբերի 16-ին «Ազատության» հետ զրույցում:

«Ես որևէ մարտական գործողության հրահանգ չեմ տվել: Եղել է դեպք, երբ կոնկրետ իրադրությունը լուծելու շուրջ եղել է խորհրդակցություն զինվորականների մասնակցությամբ, և, կարծիքներ լսելով՝ եկել ենք եզրահանգման, որ պետք է այսպիսի գործողություն իրականացնել: Եվ այդ գործողությունն է, որը ճակատագրական նշանակություն պետք է ունենար, բայց այդ գործողությունը հաջողության չի հասել առանցքային ստորաբաժանումներից մեկի կողմից առաջադրանքի կատարման ուղղությամբ գործողություններ չանելու պատճառով:

Հիմա պատճառաբանվում է, որ հրամանատարը վիրավորվել է, հետո վարկածներ կան, որ իրականում ոչ թե վիրավորվել է, այլ ինքն իրեն է վիրավորել: Այս հանգամանքները պետք է պարզվեն, բայց որ ես ասեմ՝ այ, գնացեք, այսինչ գործողությունն այսինչ ձևով… Ես քաղաքական խնդիր եմ ձևակերպել: Բայց ես ռազմական գործողությունների մանրամասներին, բնականաբար, չեմ միջամտել՝ նաև դրա լիազորությունը չունենալու բերումով, նաև պատեհ չհամարելով»,- պատմել էր Նիկոլ Փաշինյանը:

Այստեղ, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մտնում է գերագույն հրամանատարի լիազորությունների մեջ և հաստատում մեր դիտարկումը՝ պատերազմական դրության ժամանակ ընդունել է քաղաքական բնույթի որոշում, և, որ հոկտեմբերի հայտնի օպերացիայի որոշումը նաև քաղաքական է եղել:

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է՝ ընդունել է նաև ռազմական բնույթի որոշումներ, մի կողմ թողնենք դրա իրականությանը համապատասխան լինել-չլինելու հարցը:

Մասնավորապես, 2020թ.-ին դեկտեմբերի 5-ին իր լայվ-տեսաուղերձում Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ վարչապետը մարտ չի վարում, ինչի մասին որևէ մեկը չի էլ պնդել, հայտարարել էր.
«Հիմա էլ մարտերում ձախողումների համար ուղիղ պատասխանատվություն են դնում ինձ վրա․ վարչապետը մա՞րտ է ղեկավարում, վաշտի հրամանատարի կամ գնդի հրամանատարի մակարդակով որոշումնե՞ր է կայացրել։ Վարչապետը մի անգամ է միանձնյա որոշում կայացրել պատերազմի ընթացքում, որի շնորհիվ 7-րդ պաշտպանական շրջանն իր տեղում է, որովհետև ոմանք խուճապի մեջ ուզում էին 7-րդ պաշտպանական շրջանն էլ հանձնել»:

Նույն միտքը Փաշինյանը հնչեցրել էր նաև 2021թ. ապրիլ 14-ին՝ Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարողականի քննարկմանը, որի հիմնական մասը վերաբերում էր Արցախյան երկրորդ պատերազմին:

«Ես այս դահլիճում ներկա մի շարք մարդկանց ներկայությամբ կայացրել եմ որոշում, որի արդյունքում 7-րդ պաշտպանական շրջանը մինչև այսօր հայկական Զինված ուժերի տրամադրության տակ է»:

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը 168.am-ի հետ զրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի որոշում էլ չի կայացրել:

«Ես եմ պնդել, որ Արայիկ Հարությունյանը գնա 7-րդ պաշտպանական շրջան և բեկում մտցնի: Այսինքն, խուճապային և նահանջի տրամադրությունները վերացվեն, և իրենք ամուր կառչեն և պաշտպանեն իրենց պաշտպանական շրջանը: Այնտեղ եղել է այդպիսի տրամադրություն, և կրկնում եմ՝ ես եմ պնդել, և Արայիկ Հարությունյանն էլ բանակի հրամանատարի հետ համագործակցված գնացել է և տեղում կարգավորել իրավիճակը, որից հետո այդ դիրքերն ամուր պահվել են: Իմ պնդելուց հետո են Արայիկ Հարությունյանը և Ջալալ Հարությունյանը զեկուցել վարչապետին: Չգիտեմ՝ ինքն էլ կա՛մ հաստատել է, կա՛մ չի հաստատել: Երևի հաստատել է: Ինքը թող բան չանի, իրեն զեկուցել են, իսկ այդ որոշման մեջ իմ պնդումն է եղել»,- մանրամասնել էր Օհանյանը:

Սեյրան Օհանյանի ասածը հաստատել էր նաև ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանը 5-րդ ալիքի հետ զրույցում:

«Երբ որոշվում էր 7-րդ պաշտպանական շրջանի ճակատագիրը, մինչև այդ ՊԲ հրամանատարի հետ որևէ հեռախոսազրույց Նիկոլ Փաշինյանը չի ունեցել»,- շեշտել է գեներալ Հակոբյանը՝ հավելելով, որ Փաշինյանի զանգը եղել է, երբ արդեն որոշված էր պաշտպանական շրջանի ճակատագիրը:

Եթե 7-րդ ՊՇ-ի հարցում Նիկոլ Փաշինյանը ռազմական բնույթի որոշում չի կայացրել՝ որպես գերագույն հրամանատար, ինչպես Փաշինյանը պնդել է, ապա 2020թ. նոյեմբերի 12-ին ժողովրդին հասցեագրված ուղերձում խոսելով պատերազմի ժամանակ իր՝ գերագույն հրամանատարի արածի մասին, Փաշինյանը հայտարարել է՝ զինվորականների առջև խնդիր է դրել:

«Գործողությունների առումով խնդիրը հետևյալն է, որ, ըստ էության, հրամանատարի ամենակարևոր գործառույթը կայանում է զինվորի առաջ խնդիր դնելու մեջ, որոնք ունեն կոնկրետ մարտավարական կամ ռազմավարական նպատակ, և հրամանատարը այդ խնդիրներն առաջադրում է՝ հասկանալով, որ դրանց կատարումը կարող է հանգեցնել զինվորի զոհվելուն, հանուն հայրենիքի զինվորի զոհվելուն:

Փաստացի լինելով գերագույն հրամանատարի դերում՝ պատերազմի մեկնարկի առաջին օրից հենց այդպիսի խնդիրներ եմ դրել բանակի, զինված ուժերի առջև…»,- ընդգծել է Փաշինյանը:

Մի առիթով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր

«Բա ինքն իրեն համարում է պետության ղեկավար, ինքն իրեն համարում էր գերագույն գլխավոր հրամանատար… Գերագույն գլխավոր հրամանատարը երկու-երեք կարևորագույն գործառույթներ ունի, որոնցից մեկը իրավիճակը գնահատելն է և որոշում կայացնելը»:

Մեկ այլ առիթով այս մտքին հավելել է. «Նա պարտավոր է տիրապետել իրավիճակին և իրավիճակից բխող ռազմաքաղաքական որոշումներ կայացնել: Դրա համար ինքը ունի բոլոր գործիքները, և երբ գլխավոր շտաբի պետը զեկուցում է, այդ թվում՝ պաշտպանության նախարարը իր համաձայնությունն է հայտնում, դու ուղղակի պարտավոր ես անհապաղ ստուգել այդ իրավիճակը, ունենք հատուկ ծառայություններ, ունենք գլխավոր ռազմական տեսուչ, ունենք նաև այլ գործիքներ, ստուգել այդ իրավիճակը և իրավիճակից բխող որոշումներ կայացնել»:

Այսինքն, գեներալներին, բանակի ղեկավարությանն իրենց լիազորությունները պատշաճ չկատարելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը չպետք է մոռանա առաջին հերթին հենց իր մասին:

Տեսանյութեր

Լրահոս