Կարելի է ճանաչման պայմանագիր կնքել, որին զուգահեռ գնա սահմանազատման գործընթացը

Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին հարց ուղղեց, թե  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավոր կնքումն   արդյո՞ք չպետք է հաջորդի սահմանների ճշգրտման և սահմանազատման գործընթացին:

Պատասխանելով հարցին՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ կարող  է լինել խաղաղության կամ հարաբերությունների հաստատման փոխադարձ ճանաչման պայմանագիր, որից բխեն այլ գործընթացներ, այդ թվում՝ սահմանազատման և սահմանագծման, կարող է լինել և հակառակը՝ փաթեթային մոտեցմամբ՝ մի պայմանագրում բոլոր հարցերը կարգավորվեն: Կարող են լինել նաև առանձին գործընթացներ՝ սահմանները սահմանազատվեն, տվյալ դեպքում՝ կոմունիկացիաները բացվեն, ապաշրջափակվեն, և հետո լինի վերջնական պայմանագիրը:

«Իրականում, իմ կարծիքով, կարելի է ճանաչման պայմանագիր կնքել, ամենաէական խնդիրներն այդտեղ հասցեագրել, և զուգահեռ գնան այնպիսի գործընթացներ, ինչպիսին է, օրինակ, սահմանազատման գործընթացը»,- նշեց Արարատ Միրզոյանը:

Հովիկ Աղազարյանն էլ ասաց, որ հաշվի առնելով վերջին իրողությունները, ավելի նպատակահարմար չէ՞ր լինի՝ սկզբից սահմանների ճշգրտման, սահմանազատման հարցը լուծվեր:

Կարդացեք նաև

Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ տեսական քննարկումները կարող են շարունակել, սահմանազատման գործընթացին արդեն իսկ մեկնարկ տրված է, երկու երկրներում համապատասխան ազգային հանձնաժողովները ստեղծված են, երկու հանդիպում արդեն ունեցել են:

«Նախնական հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանագծին, երկրորդը՝ Մոսկվայում, երրորդ հանդիպումը նախատեսված է Բրյուսելում: Հանձնաժողովի աշխատանքներն ըստ էության մեկնարկել են, և զուգահեռաբար 1-2 հանդիպում առնվազն տեղի է ունեցել, որտեղ քննարկվել են խաղաղության պայմանագրի որոշ պարամետրեր: Չեմ կարող ասել, որ այդտեղ մեծ առաջընթաց է տեղի ունեցել, բայց այս թեման ևս, այսպես թե այնպես, քննարկվել է: Օգոստոսի 31-ին՝ Բրյուսելում եռակողմ հանդիպման ժամանակ ևս մեր վարչապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարություններն այս ամսվա վերջին ևս մեկ հանդիպում կունենան՝ քննարկելու խաղաղության պայմանագիրը: Այս կոնտեքստում և այս ֆոնին առավել ևս ցայտուն է Ադրբեջանի, մեղմ ասած՝ ապակառուցողական դիրքորոշումը՝ խափանել նաև խաղաղության գործընթացը: Ես նկատի ունեմ այն ագրեսիան, որն այս օրերին տեսնում ենք Ադրբեջանի կողմից ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ»,- ասաց ԱԳ նախարարը:

Տեսանյութեր

Լրահոս