
Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող սրճարանի մոտ 16-ամյա տղայի են ծեծել. կասկածյալները սրճարանի տերն է որդու հետ

Սեպտեմբերի 7-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21:50-ի սահմաններում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նաիրի Զարյան փողոցում, Արաբկիրի թաղապետարանի դիմաց գտնվող, ժողովրդի կողմից օգտագործվող «Ազնավուրի սրճարան»-ի մոտ, «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ մի խումբ անձինք վիճաբանում են, ծեծկռտուք է տեղի ունեցել ու կա վիրավոր։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է։
Մինչ ոստիկանները դեպքի վայրում էին, «Ուիգմոր» կանանց և երեխաների հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնում են, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։ Հիվանդանոց մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզում են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևանի բնակիչ 16-ամյա Վահան Ա․-ն է։
Տեղում ոստիկանները պարզում են, որ ժամը 21:00-ի սահմաններում «Ազնավուր» սրճարանի մոտ՝ «Իքս պլանետ» սրճարանի հարևանությամբ, երեխային են մոտեցել 2 հոգի և սկսել ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցնել նրա մարմնի տարբեր մասերին և հնչեցրել հայհոյանքներ։
Այն տևել է մոտ 20 րոպե։ Այդ կերպ տևական ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերվել նաև հասարակության նկատմամբ։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ երեխային ծեծի ենթարկողները եղել են Երևանի բնակիչներ՝ 59-ամյա Վարդգես Դ․-ն և 33-ամյա Ռոբերտ Դ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով կան տեղեկություններ, որ նշված անձանց հետ եղել են մոտ 20-ից ավելի քաղաքացիներ, իսկ Վարդգես և Ռոբերտ Դ․-երը հայր ու որդի են, և նրանց է պատկանում «Ազնավուր» սրճարանը։
Մինչ այժմ ոստիկաններին չի հաջողվել հայտնաբերել նրանց։