
Պաշտպանություն ունենալու համար պետք է տնտեսական քաղաքականություն ու ներդրումներ

«Եթե ձեր հարցադրումն այնպես է, որ ամբողջ մեր պետական բյուջեն այնպես ավելացնենք, որ հասնենք Ադրբեջանի ռազմական բյուջեին, չի լինելու»,- լրագրողներին ասում է պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանը՝ պատասխանելով պաշտպանական ծախսը նվազեցնելու մասին իշխանության հայտարարությունների վերաբերյալ հարցին:
Իսկ 2026 թվականի բյուջեում պաշտպանական ծախսը նվազեցնելու մասին հայտարարություն արել են վարչապետ Փաշինյանն ու ֆինանսների նախարարը՝ հիմնավորելով դա նրանով, որ Ադրբեջանի հետ արդեն խաղաղություն է, թեև առ այսօր չի ներկայացվել այդ խաղաղության հուսալիության որևէ հիմնավոր երաշխիք կամ փաստարկ, Վաշինգտոնում ոչինչ չասող և չպարտավորեցնող նախաստորագրման ակտից բացի:
Բայց այս տեքստի շրջանակում բաց թողնենք խնդրո առարկայի քաղաքական ասպեկտը: Պատկերը դիտարկենք այլ՝ տնտեսության տեսանկյունից: Իսկ ինչո՞ւ «չի լինելու» հասնել Ադրբեջանի ռազմական բյուջեին: Որովհետև Ադրբեջանն ունի նավթ ու գա՞զ, թե՞ որովհետև Հայաստանը չունի իր տնտեսական ռեսուրսները և հնարավորությունները կապիտալիզացնելու, արտաքին ներդրողների հետ աշխատելու կարողություն, էֆեկտիվություն, ցավոք, ի տարբերություն Ադրբեջանի:
Նավթն ու գազը գրավի՞չ է ավելի: Այս փաստարկը քննարկելուց առաջ նախ պետք է կարողանալ առավելագույն արդյունավետությամբ աշխատել սեփական տնտեսական ռեսուրսները կապիտալիզացնելու ուղղությամբ, արդեն իսկ եղած ներդրումային հետաքրքրությունների շրջանակում: Ավելին, եթե նույնիսկ Ադրբեջանն ունի նավթ ու գազ, դա պետք է լինի խթան, որ Հայաստանը բազմապատկի սեփական ավելի նվազ ռեսուրսներով ավելի հնչեղ ներդրումային հաջողության պատմություններ ունենալու համար: Ցավոք, առայժմ ավելի հնչեղ են անհաջողության պատմությունները:
Եթե տապալվում է Հայաստանի անկախության շրջանի խոշորագույն ներդրումը՝ Ամուլսարի ծրագիրը, դա տապալվում է նաև երկրի ներդրումային իմիջի համար, ինչի մասին տարիներ շարունակ նույնիսկ Հայաստանում ԱՄՆ դեսպաններն էին զգուշացնում:
Երբ հեղինակավոր «Էյր Արաբիա» ընկերությունը դժգոհություն ունի Հայաստանի կառավարության հետ հայկական ազգային ավիափոխադրող ստեղծելու ներդրումային ծրագրի պայմանավորվածությունների կատարման որակից, պատասխանատվության աստիճանից, և անգամ փորձում է իր շահերը պաշտպանել միջազգային իրավական ընթացակարգով, դա հարված է Հայաստանի ներդրումային իմիջին, հետևաբար՝ տնտեսական կարողություններին:
Պայմանավորվածությունների կատարման, գործընկերային պատասխանատվության հարցում Հայաստանի կառավարությանը հարցեր ունի նաև արաբական մեկ այլ խոշոր ներդրող, որի կարծիքն ուղենիշ է արտաքին այլ ներդրողների համար, Մասդար ընկերությունը, որը կառուցում է արևային խոշոր կայաններ:
Բայց արդյունաբերության, արտահանման նվազման մասին վկայող անգամ պաշտոնական վիճակագրությունը խոսում է այլ բանի մասին էլ՝ գոյություն ունեցող տնտեսական հզորությունների հանդեպ էլ քաղաքականության անարդյունավետության մասին:
Տարեսկզբին ավելի քան 10 օր կարող է գործադուլի պատճառով պարապուրդի մատնված լինի երկրի ռազմավարական նշանակության թիվ մեկ ձեռնարկություններից մեկը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ կառավարությունը կարող է, ըստ էության, ոչինչ չանել իրավիճակը ժամ առաջ հաղթահարելու ուղղությամբ: Մինչդեռ այդ հսկայի պարապուրդի ամեն օրը հարյուրավոր միլիոն դրամներ է արժենում Հայաստանի տնտեսության և պետական բյուջեի համար: Այն դեպքում, երբ կոմբինատը նաև Ադրբեջանի քաղաքականության թիրախում է, քանի որ այդ աշխատանքն առանցքային նշանակություն ունի Սյունիքի համար՝ թե սոցիալ-տնտեսական, և թե դեմոգրաֆիական իմաստով:
Բյուջեներն արտացոլում են ոչ միայն ռեսուրսային տարբերությունը, այլ կառավարությունների աշխատունակության, վարվող տնտեսական քաղաքականության որակի տարբերությունը՝ լինի պետական բյուջե, թե լոկ պաշտպանական բյուջե: Եթե դիտարկենք համաշխարհային առաջատարության պատմությունը, ապա նկատելի կլինի, որ առաջընթացը պայմանավորված է եղել ոչ թե ռեսուրսների քանակով, այլ դրանց հետ աշխատանքի որակով, այսինքն՝ թե պետական կառավարման, թե տնտեսական քաղաքականության որակով:
Ընդ որում, այն պետք է ներառի նաև աշխատանքը հանրության հետ, որպեսզի օտարերկրյա ներդրողը հանրային գիտակցության մեջ չընկալվի իբրև հարստահարող, այլ գործընկեր, որի հետ հնարավորությունների ու հետաքրքրությունների համադրությունը պետությունների կենսունակության կարևոր կռվան է:
Որևէ համեմատություն սկսվում է այդտեղից: Հայաստանում առայժմ բարձր է միայն տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների և հասկացությունների նենգափոխման, այլ կերպ ասած՝ էպատաժային պոպուլիզմի, ոչ թե իրական տնտեսական քաղաքականության որակը:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ