Մտահոգիչ հայտարարություն Բաքվից. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրում է․

««Հայկական կողմը դեռ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկի խաղաղության պայմանագիրը ստորագրելու և հետագայում իրականացնելու համար»:

Այս հայտարարության հեղինակը Ադրբեջանի նախագահի օգնական Ամիրբեկովն է: Սա առաջին հայացքից կարող է լինել մի ծանոթ հայտարարություն, որպիսին արել են թե նրա ղեկավարը, թե Ադրբեջանի ԱԳ նախարարը, թե Իլհամ Ալիևի մյուս օգնական Հաջիևը:

Գործնականում սակայն սա աննախադեպ հայտարարություն է, որը պարունակում է շատ մտահոգիչ երանգ: Աննախադեպ է այն, որ Ադրբեջանը խոսում է ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման համար Հայաստանի «կատարելիք քայլերի» մասին, այլ նաև «հետագայում իրականացնելու համար» կատարելիք քայլերի մասին: Որովհետև, պայմանագրի ստորագրման համար Ադրբեջանը ակնկալում է քայլ՝ Սահմանադրության փոփոխություն, այլ ոչ թե քայլեր: Ամիրբեկովը խոսում է «կատարելիք քայլերի» մասին, նշելով՝ պայմանագրի «հետագա իրականացման համար»:

Սա առնվազն հիմք է տալիս մտորելու, որ Ադրբեջանը դիտարկում է Հայաստանի գործողություններ, որոնք «բխեցնելու» է պայմանագրի տեքստից: Եվ դատելով նրա հայտարարության տրամաբանությունից ու տոնայնությունից, որը Ադրբեջանի համար ավանդական շանտաժային է, հնարավոր է եզրակացնել, որ խաղաղության պայմանագիրը ստորագրելով Ադրբեջանը ոչ թե «փակելու» է պայմանների կամ նախապայմանների, շանտաժի դարաշրջանը, այլ մտնելու է դրա նոր փուլ, արդեն «իրավա-պայմանագրային» բազայից բխող փուլ:

Ահա այս հնարավոր համատեքստն էի նաև նկատի ունեցել, երբ պայմանագրի տեքստի հանրայնացումից հետո տելեգրամյան ալիքում գրառումների մի շարքով ներկայացրի այդ տեքստում իմ դիտարկմամբ առկա խութերը, խնդիրները, մարտահրավերները: Ես այս գրառման սկզբնամասում առանձին հղումով ներկայացրել եմ այդ շարքի գրառումներից մեկը, որով անցնելով կարող եք վերստին ընթերցել շարքի մյուս գրառումները, ինչը թույլ կտա ավելի հանգամանալից պատկերացում կազմել, թե ինչի ուղղություններով կարող է Բաքուն Երեւանից ակնկալել «կատարելիք քայլեր»՝ ստորագրելուց հետո պայմանագրի «հետագա իրականացման համար»»:

Տեսանյութեր

Լրահոս