Քանի՞ ԱԽ նիստ է հրավիրվել 44-օրյային, ի՞նչ հաճախականությամբ է փոխվել դրանց բովանդակությունը, ի՞նչ է հուշել

Սեպտեմբերի 3-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ուղարկել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին:

Հաշվի առնելով այն, որ հնարավոր է՝ սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը զեկույցը ներկայացվի փակ ձևաչափով, հարկ ենք համարում այս օրերին որոշ փաստերի վրա ուշադրություն հրավիրել:

Կոնկրետ դեպքում ուսումնասիրել ենք պատերազմի ընթացքում հրավիրված Անվտանգության խորհրդի նիստերի մասին հաղորդագրություններում շեշտադրումների փոփոխությունը:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին տեղի է ունեցել ԱԽ արտահերթ հինգ նիստ՝ պատերազմի առաջին օրը՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ ՀՀ-ում հայտարարվել էր ռազմական դրություն, սեպտեմբերի 28-ին, սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 14-ին և հոկտեմբերի 19-ին։ 

Կարդացեք նաև

Եվ այսպես՝

2020 թվականի սեպտեմբերի 27-ի ԱԽ նիստին, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական լայնամասշտաբ գործողություններին հակազդելուն, Զինված ուժերի կողմից դրանց արժանի հակահարված տալուն և հետագա քայլերին վերաբերող հարցերին:

Սեպտեմբերի 28-ին, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադարձ է կատարվել ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակին և հայկական Զինված ուժերի կողմից հակառակորդին համաչափ հակահարված հասցնելուն միտված գործողություններին:

Նշենք, որ նույն օրը, երբ լրագրողներն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին հարցրել են՝ ինչո՞ւ «Իսկանդերը» գործի չեք դնում, ինչո՞ւ չեք թիրախավորում հակառակորդի նավթահորերը, նա շատ կոշտ արձագանքել էր.

«Լավ ենք անում, երբ որ պետք լինի՝ գործի կդնենք: Դա թողեք զինվորական մասնագետներին: Կարծում եմ, որ դուք գոնե այս երկու օրերին ռազմական գործողությունների տրամաբանությունից չեք նկատում քաոսային, իրավիճակային որոշումներ: Դուք տեսնում եք քայլերի տրամաբանություն»:

Հետո արդեն 2022 թվականին Քոչարյանը դաշտ էր նետել պատերազմի օրերին «Իսկանդերի» կիրառման թեման, թե «Օնիկ Գասպարյանը պատերազմի ժամանակ «Իսկանդերի» օգտագործման խայտառակ պլան է հաստատել»:
Որոշ ժամանակ հետո այս թեմայի շուրջ խոսակցությունները դադարեցին. գուցե Քննիչ հանձնաժողովում ԳՇ նախկին պետի հարցաքննության ժամանակ բավարար պատասխաննե՞ր են ստացվել, սակայն հանրությանը և փորձագիտական, վերլուծական շրջանակներում այս թեմայով հարցերը մնում են:

Պատերազմի 4-րդ օրվա՝ սեպտեմբերի 30-ի նիստին, որին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ըստ այդ օրը տարածված հաղորդագրության, քննարկվել են ղարաբաղա-ադրբեջանական սահմանագոտում օպերատիվ վիճակը և հայկական զինված ուժերի հետագա քայլերը, երբ 2 օր առաջ ԱԽ նիստում հակառակորդին համաչափ հակահարվածի մասին էին խոսում:

Հիշեցնենք, որ հենց սեպտեմբերի 30-ի նիստին էր այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը ներկայացնելով հայկական կողմի կորուստները և ստեղծված իրադրության վերաբերյալ զինված ուժերի գնահատականը, առաջարկել, որ՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:

Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, հաշվի են առնվել ոչ միայն ռազմական ռեսուրսները, կարողությունները, կորուստները, այլ նաև աշխարհաքաղաքական իրավիճակը, ՀՀ-ի նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և  դիվանագիտական կարողությունները:

Հավելենք, որ 2023թ. օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հաստատել էր, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի 4-րդ օրը՝ 2020թ. սեպտեմբերի 30-ին, ԱԽ նիստում առաջարկել է կանգնեցնել պատերազմը։

«Ես հաստատ հիշում եմ, որ այդպիսի խոսակցություն Անվտանգության խորհրդում եղել է, այդպիսի խոսակցություն եղել է նաև այլ ձևաչափերով, և դրա վերաբերյալ առաջին զեկույցը ստացել եմ ես: Դուր է եկել ինձ այդ զեկույցը, դուր չի եկել, բայց մենք պարտավոր էինք վարչապետին և Անվտանգության խորհրդին ներկայացնել մեր մոտեցումը, քանի որ դրա հիմնական պատճառն այն էր, որ կար երրորդ կողմի անմիջական ներգրավվածություն, որը մեզ համար անմիջական տեսանելի էր: Երրորդ կողմը, կարծում եմ, հասկանում եք, որ Թուրքիան է»,- մասնավորապես, ասել էր Տոնոյանը:

Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այդ ժամանակ համաձայն չի եղել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի՝ պատերազմի 4-րդ օրը ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկին, գուցե հաշվի առնելով դրա բարոյահոգեբանական ազդեցությունը զորքի մարտական ոգու վրա: Իսկ պատմությունը ցույց տվեց, որ ռազմի դաշտում սրանից հետո մենք ճակատագրական իրավիճակներ ունեցանք:

Իսկ Նիկոլ Փաշինյանը սկզբում չէր հերքել, որ Օնիկ Գասպարյանը նման առաջարկ է արել, սակայն 2021 թվականի ապրիլին, երբ ԱԽ-Օնիկ Գասպարյան բանավեճ սկսվեց, պնդեց, թե նման առաջարկ չի եղել:

Իսկ Անվտանգության խորհրդի՝ Օնիկ Գասպարյանի ելույթի գաղտնազերծած հատվածներն ավելի շատ հարցեր էին առաջացրել, որոնք դեռ չեն գտել իրենց պատասխանը, քանի որ մերժվել էր Օնիկ Գասպարյանի՝ իր ելույթն ամբողջությամբ հրապարակելու մասին պահանջ-առաջարկը:

Ի դեպ, ինչպես արդեն նշեցինք, այս հայտնի նիստին մասնակցել է այսօր ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:

Ընդ որում, Անվտանգության խորհրդի նիստերին հրավիրված անձինք ներկա են գտնվում միայն իրենց վերաբերող հարցերի քննարկմանը` բացառությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվությամբ:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը նպատակահարմար է գտել, որ Սուրեն Պապիկյանը և Արարատ Միրզոյանը մասնակցեն 2020-ի սեպտեմբերի 30-ի նիստին, որոնք, բնականաբար, չեն համարձակվի ասել, որ Օնիկ Գասպարյանը պատերազմը կանգնեցնելու առաջարկ արել է:

Իհարկե, Սուրեն Պապիկյանն այս տարվա փետրվարին այս թեմայով մեր հարցին ի պատասխան, թերևս, ճկուն է գտնվել՝ նշելով. «2020թ. սեպտեմբերի 30-ի նիստի գաղտնազերծված արձանագրությունը հասանելի է Անվտանգության խորհրդի կայքում»:

Իսկ Սուրեն Պապիկյանը ներկա է եղել Սյունիքի շուրջ, զորքի հետքաշման վերաբերյալ Փաշինյանի մոտ 2020 թվականի դեկտեմբերին հրավիրված խորհրդակցություններին, Արարատ Միրզոյանն էլ Արցախում մասնակցել է հակահարվածի ձախողված հայտնի օպերացիայի քննարկմանը, և նրանցից ոչ մեկը, որոնք պատերազմից հետո պատասխանատու պաշտոններ զբաղեցրեցին, չի հրավիրվել Քննիչ հանձնաժողով:

Ինչևէ, 2020 թվականի հոկտեմբերի 14-ին արդեն քննարկվել է «ադրբեջանաթուրքական ահաբեկչական ագրեսիային դիմագրավելու ուղղությամբ գործողություններն ու հետագա քայլերը»: Այսինքն, Թուրքիայի մասնակցությունը շատ ակտիվ էր արդեն, ավելին, ինչպես Քննիչ հանձնաժողովում Փաշինյանն էր հայտնել, դրանից մեկ օր առաջ՝ հոկտեմբերի 13-ին, ՌԴ նախագահ Պուտինին խնդրեցի պատասխանել հետևյալ ուղիղ և երկիմաստություններից զերծ հարցին՝ ի՞նչ պիտի անի, որ հրադադար հաստատվի, որ պատերազմը կանգնեցվի:

Սակայն հայտնի է, որ օրեր հետո՝ հոկտեմբերի 19-ին, նա մերժել էր Պուտինի՝ պատերազմը կանգնեցնելու առաջարկը, նույնը օրը հրավիրվել էր ԱԽ նիստ, որտեղ, ըստ էության, ներկաները համաձայն են եղել պատերազմը կանգնեցնելուն, այլ հարց է՝ իմացե՞լ են նրանք Փաշինյան-Պուտին խոսակցությունների մասին, թե՞ ոչ։

Նշենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ, պատգամավոր Արման Աբովյանը:

Իսկ տարածված հաղորդագրության մեջ նշվում էր, թե քննարկվել են «ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու հակառակորդին հակազդելու ուղղությամբ իրականացվող քայլերը»:

Այս նիստից հետո է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ուղարկվել Սյունիք:

Իսկ Նիկոլ Փաշինյանն ԱԽ նիստ չի հրավիրել, երբ մշակվում էր կամ քննարկվում նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթուղթը: Այսինքն, որքան էլ Փաշինյանը փորձի մանիպուլացնել, նույնիսկ իրենց հրավիրած ԱԽ նիստի հրապարակված «բովանդակություններից» կարելի է կռահել պատերազմական իրավիճակային զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս