Մեքենաս կոտրել են, ասել են՝ ուզում եք ԱԱԾ դիմեք, չեն պարզելու. Արցախի պետնախարարը մանրամասներ է ներկայացնում

168.am-ն արդեն տեղեկացրել էր, որ կոտրել են Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանի մեքենան: Նա խոստացել էր դեպքի վերաբերյալ մանրամասները ներկայացնել 168TV-ի տաղավարում:

«Ռեվյու» հաղորդման ընթացքում նա նշեց, որ մեքենան կոտրողները մեքենայի վրա թողել են տելեգրամյան QR ծածկագրի հղում. «Մեքենայիս կողային հայելիները կոտրել տարել էին, զուգահեռ՝ վնասել էին դռները: Տեսախցիկները ֆիքսել են, որ դիմակավորված երկու անձ մոտենում է, բանանի արկղը դնում են, կոտրում ու տանում են: Երբ մեր ընկերներից մեկը փորձեց տելեգրամյան հղումով կապ հաստատել նրանց հետ, ասացին, որ ոստիկանություն չկապվենք, որևէ բան չի պարզվելու: Նաև հարցրել են, թե ձեր ընկերը, այսինքն՝ ես, ինչ էր քննարկում երկու ոստիկանների հետ, երբ ոստիկաններն ուզում էին հայելիից պոկել տելեգրամյան հավելվածը: Նախ՝ պետք է հասկանալ, թե այդ երկու քաղաքացիական հագուստով անձինք, ովքեր Արաբկիրի բաժնում էին աշխատում, ինչո՞ւ համազգեստով և ոստիկանական մեքենայով չէին: Եվ ինչպե՞ս է այդ անձանց հայտնի դարձել, որ այդ երկու հոգին ոստիկաններ չէին»:

Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ոստիկանությունից են իրեն զանգել, որից հետո հանդիպել են քաղաքացիական հագուստով ոստիկանների հետ, իսկ գողություն անողների հետ երբ տելեգրամով կապվել են, նրանք հստակ ասել են, որ Իսկանդարյանը ոստիկանների հետ է հանդիպել՝ չնայած զգուշացումներին:

«Ինձ ասացին, որ ոստիկանները որևէ բան չեն պարզելու, ասացին՝ ուզում եք՝ դիմեք ԱԱԾ: Բայց այստեղ հարցը հետևյալն է՝ տվյալ անձը ի՞նչ գիտի, որ այն երկու անձը, ովքե ինձ հետ մեքենայի կողքին են եղել, ոստիկաններ են, հատկապես, որ նրանք եղել էին առանց ոստիկանական համազգեստի և մեքենայի: Եթե անգամ տեսախցիկներով էին հետևում, որտեղի՞ց գիտեին, որ այդ երկու անձը ոստիկաններ էին: Ես ոստիկանություն չեմ զանգել, իրենք են զանգել, ասել, որ «Արմոբիլ»-ից իրենց ինֆորմացիա է հասել, որ մեքենայի հետ կապված գողություն է տեղի ունեցել: Ես առավոտյան մոտեցել եմ, այդ երկու անձինք եկել են, միասին փորձել ենք պարզել՝ ինչպես է այս ամենը կատարվել: Ուղղակի ամբողջ քաղաքում տեսախցիկներ կան, և մեքենաս կոտրողներից մեկի դիմածնոտային հատվածը երևում է: Պարզ է, չէ՞, որ ոստիկանությունը եթե ուզենար, մինչև այսօր որևէ ինֆորմացիա կունենար: Ոոստիկանությունից հաստատել են, որ այդ երկու քաղաքացիական հագուստով ոստիկաններն Արաբկիրի բաժնից են»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Մեր զրուցակցի խոսքով՝ որևէ ուղերձ մեքենան կոտրողներն իրեն չեն փոխանցել, միայն ասել են, որ ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող պարզել. «Հարցը հետևյալն է, որ եթե գողություն են արել, պետք է այնպես անեին, որ չվնասեին, բայց ջարդելով են տարել: 3500-4000 դոլարի չափի վնաս են պատճառել ինձ: Ես չէի ցանկանա այս պահին որևէ հստակ գնահատական տալ միջադեպին, ուղղակի ամեն հանրահավաքից հետո մեսիջներ են ուղարկվում»:

Դեռ ամիսներ առաջ մամուլը գրել էր Նժդեհ Իսկանդարյանի նկատմամբ հետապնդումների մասին։ Վերջին դրվագն իրավապահ մարմինների կողմից նրան պատկանող ՍՊԸ-ի ողջ փաստաթղթաշրջանառությունը հետախուզելն էր։ Մեր զրուցակիցն ասաց, որ այդ գործով ևս զարգացումներ կան, և սեպտեմբերի 12-ին տեղի են ունենալու լսումներ. «Ես բոլոր հաշվետվություններն իրենց տվել եմ, ասել են՝ ամեն ինչ նորմալ է, միայն այնտեղ կփորձեն որևէ բան գտնել և տուգանել: Երբ այդ մարդկանց հետ խոսում եմ, խուսափում են նույնիսկ աչքերիս մեջ նայել»:

Նրա խոսքով՝ վերջին շրջանում ովքեր խոսում են Արցախի, արցախցիների իրավունքների մասին, խնդիրներ են ունենում:

Արցախի պետնախարարն ասաց, որ այսօր արցախցիները սոցիալական լուրջ խնդիրների առաջ են կանգած, պետական աջակցություն գրեթե չեն ստանում, իսկ բնակարանային ծրագրերը չեն լուծում բնակարանային խնդիրները, քանի որ կան բազմաթիվ դժվարություններ. «Երբ քննարկում ենք ունենում ՀՀ իշխանությունների հետ, արցախցիների հարցը դիտարկում են հնդիկների հարցի հետ: Սա անընդունելի է, ինչպե՞ս կարելի է մեկ հարթության մեջ դնել: Երբ ասում ենք, որ պետք է քաղաքացիության հարցը լուծվի, ասում են՝ հնդիկները ևս ստանում են: Երբ ասում ենք՝ պետք է պարզեցված մեխանիզմ լինի, հատկապես՝ բազմաթիվ մեր հայրենակիցներ Արցախից չեն կարողացել իրենց փաստաթղթերը բերել, անցնում են դատական համակարգերով, բազմաթիվ խնդիրների առաջ են կանգնում, ասում են՝ սա է կարգը, և վերջ: Որևէ ըմբռնում չկա, որպեսզի հեշտացված մեխանիզմ լինի արցախցիների համար»:

Նա նշեց, որ երբ նշանակվել է Արցախի պետնախարար՝ բոլոր դռներն իր առջև փակվել են. «Մինչ այդ ես հնարավորություն ունեի հանդիպել և տարբեր հարցեր քննարկել, բայց քանի որ համարում են, որ Արցախի կառավարություն չկա, ինչն անընդունելի է, այլևս չեն հանդիպում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս