Թուրքիայի նախագահ Օզալն ԱՄՆ նախագահ Բուշ ավագին համոզում էր Արցախն ու Սյունիքը փոխանակել՝ Արցախը տալ հայերին, Սյունիքը՝ Ադրբեջանին. Սուրեն Սարգսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի» ղեկավար, ԱՄՆ քաղաքականության հարցերով փորձագետ Սուրեն Սարգսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Վաշինգտոնյան հռչակագրի ստորագրման ընթացքում Թրամփը 3 անգամ ասաց «Միջանցք» բառը, և որևէ մեկը, այդ թվում՝ Փաշինյանը, չասաց՝ գիտե՞ք, դա Միջանցք չէ։ Այնպես որ, մարդկանց ընկալման մեջ դա, այնուամենայնիվ, Միջանցք է։

Եթե Ադրբեջանը Սյունիքի այդ ճանապարհը միջանցք է անվանում, ինչպես նաև Թուրքիան ու միջազգային այլ խաղացողներ են այդպես կոչում, այդ դեպքում դուք ինչո՞ւ Միջանցք չեք ասում, եթե համարում եք, որ դա խնդիր չէ, և միջանցք թե ճանապարհ՝ տարբերություն չկա։

Կարդացեք նաև

  • Որևէ հետաքրքրություն ամերիկյան բիզնեսի կողմից այդ ճանապարհի վերաբերյալ չկա։ Դա նշանակում է, որ ամերիկյան բիզնեսի համար նախ ռիսկեր կան՝ Իրանի հետ կապված, բացի դրանից, լուրջ չեն վերաբերվում տնտեսական այն հաշվարկներին, որոնք ներկայացվում են։ Այնպես որ, կարծում եմ՝ որևէ տարբերակ չկա, որ այդ ճանապարհը կյանքի կոչվի։
  • Ակնհայտ է, որ «99 տարի» եզրույթն օդից չի վերցվել, դրա տակ կա հիմք՝ ի դեմս ԱՄՆ նախագահի հայտարարության։ Հիմա ուզում եմ հասկանալ՝ իշխանության մեղադրանքն առ ընդդիմություն ո՞րն է։ Դա ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումն է, որովհետև հակառակ հայտարարություն դեռևս չի եղել։

  • Սովորաբար ԱՄՆ-ը աշխարհի տարբեր անկյուններում, որտեղ ունենում է էներգետիկ շահեր, ապահովում է էներգատարների, գազամուղների, նավթամուղների անվտանգությունը։ Դա անում են ռազմականացված կազմակերպությունները։ Փորձը ցույց է տալիս, որ նման կազմակերպություններ ստեղծվում են Պենտագոնի կամ հատուկ ծառայությունների նախկին պաշտոնյաների կողմից։ Բաց ինֆորմացիա է դա, կարող են ստուգել:
  • Հարցերը շատ են, պատասխաններ չկան։ Հարցեր է առաջացնում Իրանի դիրքորոշումը․ ի՞նչ է լինելու, ո՞վ է վերահսկելու ամերիկյան ներդրումներով ամերիկյան միջանցքի անվտանգությունը, եթե Իրանը դա կարմիր գիծ է համարում։
  • ՀՀ իշխանությունը կգտնի ձևը՝ այնպես անելու, որ ադրբեջանցիները, ինչպես Ալիևն ասաց, «հայի երես չտեսնեն»։ Կհիմնավորեն՝ ինչու պետք է ադրբեջանցիներն առանց մաքսային ստուգման անցնեն մեր տարածքով։
  • Մեծ ծավալով բեռներ տեղափոխելու միակ հնարավորությունը չինական բեռների տեղափոխումն է, ինչը շատ դժվար է պատկերացնել ամերիկա-չինական մաքսային այս հակամարտությունների համատեքստում։
  • Երբ նոր էր աշխարհակարգը փոխվում, ԽՍՀՄ փլուզումից, սառը պատերազմից հետո Թուրքիայի նախագահը՝ Թուրգութ Օզալը, ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ավագին համոզում էր Արցախն ու Սյունիքը փոխանակել՝ Արցախը տալ հայերին, Սյունիքն՝ Ադրբեջանին։ Հիմա նույն բանն է տեղի ունենում։ Համաշխարհային առևտուրը հիմա ավելի մեծ ու գլոբալ երևույթ է, քան 10 տարի առաջ, ու հիմա նոր աշխարհակարգը կրկին նոր լուծումներ է թելադրելու։ Թուրքիան ուզում է դերակատարում ունենալ համաշխարհային կոմունիկացիաները վերահսկելու հարցում։ Ինչպիսին կլինի Ռուսաստանի դիրքորոշումը, կարծում եմ՝ շուտով կիմանանք։ 
  • Թե՛ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, թե՛ Վաշինգտոնյան հռչակագիրն իրավաբանորեն պարտադիր կատարման ուժ չունեն, երկուսն էլ ընդամենը հայտարարություններ են, որոնք չեն անցել ներպետական ընթացակարգերով։ 
  • Հայաստանը գնացել ու ընդունել է Ադրբեջանի բոլոր նախապայմանները։ Հիմա ես չգիտեմ՝ դրանք բանակցությո՞ւն են, թե՞ չէ։ Հիմա նույնը Հայաստան-Թուրքիա «բանակցությունների» մասին է։ 2 տարուց ավելի՝ Ռուբինյանը բանակցում է Քըլըչի հետ, ի՞նչ արդյունք ունեն։ Ադրբեջանն էլ, Թուրքիան էլ մեր Սահմանադրությունը փոխելու պահանջներ են դնում, և ոչ միայն։ Ի՞նչ են բանակցում։ Եթե իսկապես բանակցություններ են տեղի ունենում, ապա բանակցելիս սովորաբար մի բան ստանում ես։ Հիմա մենք ի՞նչ ենք ստանալու։ Դիվանագիտությունը նրա մասին է, որ եթե 2 րոպե ժամանակ ունես, գործընկերոջդ մի բան պիտի համոզես, ոչ թե սուվենիր ստանաս կամ լուսանկարվես։ Թրամփի հետ 15 րոպե սենյակում գտնվելը լուրջ ժամանակ է։ Հայաստանի նախկին 3 նախագահներն էլ բանակցելիս նման հնարավորություններից օգտվել են։ 
  • Հայաստանում Փաշինյանի վաշինգտոնյան այցն այնպիսի PR արվեց, ասես մի լուրջ բան էր տեղի ունեցել։ Ասում էին՝ Թրամփն աթոռը քաշեց, որ Փաշինյանը նստի։ Բայց դա հյուրընկալության կերպ է, բոլորի հետ է ԱՄՆ նախագահը նույն կերպ վարվում։
  • Ալիևը ստացավ այն ամենը, ինչ ուզեց, փակեց Մինսկի խումբը, շրջանցեց 907-րդ բանաձևը, բայց ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների օրակարգում ոչ մի առաջխաղացում չեղավ։ Ավելին, եթե նախկինում, ԱՄՆ նախկին վարչակարգի օրոք այդ օրակարգը պտտվում էր ֆինանսական օգնության շուրջ, ապա հիմա դա էլ չկա։
  • Փաշինյանը փորձեց մաքրվել պրոդեմոկրատական, բայդենական դիրքորոշման շղարշից։ Բայդենի վարչակազմի վերաբերյալ նրա հայտարարությունները, Օբրայենին պատասխանը դրա մասին էին։

  • ԱՄՆ-ի համար որպես գործընկեր՝ հավասարության նշան է դրված Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բացի այդ, հակաահաբեկչական խարտիա ստորագրեցին ԱՄՆ-ը ու Ադրբեջանը։ Այսինքն՝ եթե Ադրբեջանն ուզի որևէ «հակաահաբեկչական գործողություն» իրականացնել, ոչ ոք ոչինչ չի ասելու, մանավանդ, որ «Խաղաղության պայմանագիրն» էլ ստորագրված չէ։
  • Հայ-թուրքական բանակցություններում միշտ եղել է միջնորդ, և դա գրեթե միշտ եղել է ԱՄՆ-ը։ Քաշային կատեգորիաները տարբեր են։ Հնարավոր չէ առանց միջնորդի։ Եվ հիմա եթե դու մենակ ես գնում բանակցությունների, քեզ կարող են ճնշել, ու դու ոչինչ դրան հակադրել չես կարող։ Բացի դրանից, միշտ լինում են նաև կուլիսային բանակցություններ, ու այդ առումով միջնորդների դերը մեծ է։ Սա հաշվի առնելով՝ մեր վիճակը հիմա շատ ավելի ծանր է։
  • ՀՀ գործող իշխանությունը չգիտի՝ ուր գնալ, ու սա մեր արտաքին քաղաքականության սնանկության ամենավառ ցուցիչն է։ Որովհետև արդեն հասկացել են՝ իրենց Եվրոպայում ոչ ոք չի սպասում, ու հիմա ինչ անել՝ պատկերացում չունեն։
  • Հայ-թուրքական սահմանը միակողմանի է փակ, թուրքական կողմից։ Այն փակել է Թուրքիան: Դիվանագիտական հարաբերություններ չկան, օրակարգ՝ նույնպես։ Այնպես որ, չգիտեմ՝ Ռուբինյան-Քըլըչ հանդիպման իմաստը ո՞րն է։ Կարծում եմ՝ հիմա Թուրքիայի հերթն է իր ստանալիքի հետևից գալու։
  • Հայաստանի նախկին որևէ առաջնորդ երբեք դեմ չի եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, բայց նրանք ունեցել են կարմիր գծեր։ Բոլոր հարևանները պիտի ունենան բարիդրացիական հարաբերություններ, բայց այլ հարց է՝ դրա համար դու ի՞նչ ես զիջում ու մինչև ո՞ւր ես պատրաստ գնալ։
  • Ընդամենն օրեր առաջ Իսրայելի վարչապետը ձևակերպեց մի միտք, որը նշանակում էր՝ ես ճանաչում եմ հայերի ցեղասպանությունը։ Այստեղից հնչեց պատասխան՝ «մեզ ձեր ճանաչելը պետք չէ»։ Դա միայն Իսրայելին չէր ուղղված, այլ բոլոր այն երկրներին, ովքեր կցանկանան ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
  • Չինաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) շրջանակում միանշանակորեն ֆիքսել է իր դերը։ Այլևս բազմաբևեռ աշխարհ է։ Տեսանք նաև Պեկինում Չինաստանի, Ռուսաստանի և Հնդկաստանի նախագահների ջերմ հանդիպմանը Թրամփի արձագանքը, ով ասաց՝ դավեր եք նյութում ԱՄՆ-ի դեմ։ Չինաստանի շուրջ աշխարհի շատ պետություններ համախմբվել են, շատերն էլ համախմբվելու են, որովհետև Չինաստանը գերտերություն է ու տնտեսական ցուցանիշներով շատ դեպքերում ԱՄՆ-ին գերազանցում է։
  • Պակիստանը Հռոմի պապից ավելի կաթոլիկ էր… նույնիսկ Թուրքիան ու Ադրբեջանը ճանաչել էին Հայաստանի անկախությունը, Պակիստանը՝ ոչ։ Պակիստանը միշտ հակահայկական դիրքորոշում է ունեցել: Փաստացի ասում էին՝ դուք որպես պետություն՝ գոյություն չունեք։ Հիմա իմաստը ո՞րն էր Պակիստանին ժեստ անելու, եթե դրա դիմաց մենք ոչինչ չէինք ստանալու։ Միայն Չինաստանը կարող է ազդել Պակիստանի վրա, որ մեր անդամակցության վրա ՇՀԿ-ին վետո չդնի։ Պետք էր բանակցել Չինաստանի հետ, որ ազդի Պակիստանի վրա, ինչը, փաստորեն, չի արվել։
  • Աննախադեպ երևույթ էր, Չինաստանի պես երկիրը Հայաստանում 9 ամիս դեսպան չուներ։ Դա հայ-չինական հարաբերությունների որակի մասին է խոսում։

  • Ադրբեջանական ինքնաթիռի վթարն ընդամենը փոքր պատրվակ էր․ ռուս-ադրբեջանական հարաբերությունները շատ խորքային խնդիրներ ունեն։ Շատ ուղղություններով դրանք նույնիսկ չեն էլ երևում, բայց խնդիրներն այնքան ակնհայտ են, որ Ադրբեջանից շատ ագրեսիվ հայտարարություններ են հնչում։ Թե մենք ինչպես կօգտվենք այս սրացումից, կախված է մեզնից։
  • Իսրայել-Իրան հակասությունները գոյաբանական, գաղափարական հակասություններ են։ Պարզ է, որ այդ պետությունների միջև ընդամենը զինադադար է հաստատվել, որը չգիտես՝ որ պահին կարող է փոխվել սուր վիճակի։ Ու սա չի կարող չազդել ամբողջ տարածաշրջանի ու հատկապես՝ Հայաստանի վրա։ Այս հրադադարը ժամանակավոր է։
  • Մեր երկրում իրար շատ մոտ կանգնած են ռուսական ու թուրքական զինված ուժերը, եթե նաև ամերիկյան ուժերը կանգնեն, իսկ դրանից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա կանգնեն իրանական ուժերը, ակամայից Սիրիայի հետ համեմատությունն անխուսափելի է դառնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս