
«Բնակչությանը կոչ կանեմ՝ հավաքեն կենցաղային թափոնները ու տանեն տան նրանց՝ ուտելու, դա կլինի վերամշակման լավ տարբերակ». Նարե Արամյան

Օրերս Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում էր Ճապոնիայում։ Նա Տոկիոյի փողոցներից ֆեյսբուքյան ուղիղ եթե էր մտել և պատմում էր, որ այդ քաղաքում որևէ տեղ աղբամանի չի հանդիպել, ոչ էլ աղբի։
«Ոչ մի տեղ հորիզոնում աղբ չի երևում, չի երևում աղբաման, այսպիսի պատմություններ կան աշխարհում»,- հեռախոսով Տոկիոյի փողոցներից մեկը ցույց տալով՝ պատմում էր Նիկոլ Փաշինյանը։
Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Նարե Արամյանին հետաքրքրում է՝ իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Տոկիոյի փողոցներում ցույց չէր տալիս հանրային անվտանգության միջավայրը, մարդկանց կյանքի անվտանգությունը, այսինքն՝ կյանքի կարևորագույն ոլորտները, որոնցում Ճապոնիան առաջատարն է։
«Ճապոնիան պատերազմում պարտվելուց հետո, շատ կարճ ժամանակահատվածում
հասել է լավագույն ցուցանիշների, ինչո՞ւ այդ ցուցանիշները չի բերում։ Մենք հասկանում ենք, որ իշխանությունը զավթած առանձնյակների ունակությունները չեն բավարարում ընկալելու համակարգային խնդիրներն ամբողջությամբ, չեն կարող վերին կարգի ռազմավարությունները հասկանալ, բայց տարրական կենցաղի մշակույթը, որը կա այդ երկրում, մի՞թե կարելի է պայմանավորել մեկ աղբամանով։
Եթե այդպես է, ապա ինչո՞ւ Երևանի քաղաքապետարանի և Կառավարության շենքերի առջևի փողոցները չունեն տարրական նշումներ, թե՞ դա էլ է բարձրագույն մաթեմատիկա կամ իրենց համար անհաղթահարելի»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Նարե Արամյանը։
Նա հիշեցրեց Նիկոլ Փաշինյանին՝ ՀՀ քաղաքացին ունի և՛ գիտական, և՛ գործնական մարդկային համապատասխան ռեսուրսներ՝ տարբեր խնդիրներ լուծելու համար, բայց իշխանությունն իրեն համապատասխան կադրեր է ընտրում՝ տարբեր գերատեսչություններում աշխատելու համար։
«Ընտրում են այնպիսի մարդկանց, որոնք հնարավորինս պետք է տապալեն ցանկացած նախագիծ, և իրենց «բարեփոխողներ» հռչակածներն ընդամենը հրճվեն ինչ-որ երկրների ինչ-որ աղբամաններով։ Իսկ այն խնդիրները, որոնք կան մեր համայնքներում, որևէ մեկին չեն հետաքրքրում։ Հաշվի առնելով այն բոլոր որոշումները, որոնք մինչ օրս իշխանությունների կողմից եղել են, որոնք ոչ միայն հեռու են եղել ողջամտությունից, այլև կիրառելի չեն, չեն բխում ՀՀ քաղաքացու շահերից, այլ միայն բխում են իրենց ներխմբային, անձնական շահերից, չի բացառվում, որ, օրինակ, Երևանից հանեն բոլոր աղբամանները։
Ուղղակի ես բնակչությանը կոչ կանեմ, հավաքեն կենցաղային թափոնները ու տանեն նրանց տան՝ ուտելու, դա կլինի վերամշակման լավ տարբերակ»,- ընդգծեց Նարե Արամյանը։